From Wikipedia, the free encyclopedia
Նաթան Ֆրեյդենտալ Լեոպոլդ (անգլ.՝ Nathan Freudenthal Leopold, ) և Ռիչարդ Ալբերտ Լյոբ (անգլ.՝ Richard Albert Loeb, ), ամերիկացի ուսանողներ, որոնք 1924 թվականին կատարել են, այսպես կոչված, «հարյուրամյակի հանցագործությունը»[1]՝ առևանգել և սպանել են 14-ամյա Ռոբերտ «Բոբի» Ֆրանկսին (անգլ.՝ Robert "Bobby" Franks):
Նաթան Լեոպոլդը ծնվել է 1904 թվականի նոյեմբերի 19-ին՝ Չիկագոյում, հրեա մեծահարուստներ Նաթան Լեոպոլդ ավագի (1860 թվականի հուլիսի 2 - 1929 թվականի ապրիլի 4) և Ֆլորենս Ֆորմենի (1868 թվականի հունիսի 12 - 1921 թվականի հոկտեմբերի 17) ընտանիքում։ Զույգն ունեցել է երեք երեխա։ Ծնողներն ամուսնացել են 1892 թվականին։ Լեոպոլդ կրտսերն ուներ երկու եղբայր՝ Սամուելը և Ֆորմենը։ Նաթանի հայրական տատիկն ու պապիկը՝ Սամուել Ֆրոյդենտալ Լեոպոլդը և Բաբետա Գուտմանը, 1848 թվականի հեղափոխությունից հետո գերմանական միությունից գաղթել են ԱՄՆ։ Լեոպոլդը եղել է հրաշամանուկ, իր առաջին բառերը սկսել է արտասանել, երբ նա ընդամենը 4 ամսական է եղել, և նրա IQ-ն ի վերջո գնահատվել է 210 (չնայած այն ժամանակվա IQ գնահատման համակարգը շատ տարբերվում էր ժամանակակիցից)։ Սպանություն գործելու պահին արդեն բակալավրի կոչում էր ստացել Չիկագոյի համալսարանից և պլանավորել էր ուսումնասիրություններ սկսել Հարվարդի իրավաբանական դպրոցում՝ ընտանիքով Եվրոպա մեկնելուց հետո։ Բավականին լավ տիրապետել է 15 լեզուների և, որպես թռչնաբան, նույնիսկ ազգային ճանաչման է հասել։ Ժամանակին նրան և մի քանի այլ թռչնաբանների հաջողվել է հայտնաբերել Կիրթլենդի փայտփորիկը, մի թռչուն, որը գտնվել է անհետացման եզրին և այն ժամանակ Չիկագոյում չէր նկատվել ավելի քան կես դար։
Նաթանի ձերբակալությունից հետո նրա հայրը և եղբայրները տեղափոխվել են Չիկագոյի իրենց տնից՝ 4754 Գրինվուդ պողոտա։ 1927 թվականին Լեոպոլդ Ավագը Լոս Անջելեսում ամուսնացել է Դեյզի Հանի հետ։ Մահացել էերկու տարի անց՝ լեղային քարերը հեռացնելու անհաջող վիրահատությունից հետո։
Ռիչարդ Լյոբը ծնվել է 1905 թվականի հունիսի 11-ին և նույնպես սերում էր Չիկագոյում ապրող հարուստ հրեական ընտանիքից։ Լյոբը եղել է Միչիգանի համալսարանի շրջանավարտներից ամենաերիտասարդը։
Նրա հայրը եղել է հրեա, իսկ մայրը՝ կաթոլիկ[2]։ Լեոպոլդի նման՝ Լյոբը բացառիկ խելացի էր։ Եղել է մոլի ընթերցող, որը կիրք ուներ պատմական վեպերի և քրեական պատմությունների նկատմամբ։ 12 տարեկանում ընդունվել է Ինովացիոն համալսարանի ավագ դպրոց։ Իր կառավարչուհու աջակցությամբ երկու տարում ավարտել է ավագ դպրոցը։ Ավելի ուշ՝ 17 տարեկան հասակում, դարձել է Միչիգանի համալսարանի ամենաերիտասարդ շրջանավարտը[3]։ Սպանության ժամանակ հատկապես հետաքրքրված է եղել պատմության ասպիրանտական աշխատանքով[4][5]։
Լեոպոլդը և Լլոբը, իրենց իսկ հիմնարար վարկածի համաձայն, խորապես հետաքրքրված և հավատարիմ էին Նիցշեի գաղափարներին և իրենց համարել են «գերմարդ»։ Այս առումով նրանց մոտ հասունացել է կատարյալ հանցագործություն կատարելու գաղափարը, այնպես, որ ոչ ոք չկարողանա նրանց բացահայտել։ Նրանք ծրագրել են առևանգել Լյոբի ազգականին՝ 14-ամյա Ռոբերտ Ֆրանկսին (եղել է Լյոբի երկրորդ զարմիկը), որը սովորել է մասնավոր դպրոցում՝ իր ապագա առևանգողների տան մոտ (արդյունքում երիտասարդը բավականին հաճախ է շփվել Լյոբի հետ և մի քանի անգամ թենիս է խաղացել նրա տանը)։ Հանցագործության ցանկացած սեռական դրդապատճառների մասին բոլոր ենթադրությունները հետաքննության և գործընթացի ընթացքում մերժվել են[6][7]։
Առևանգման նախօրեին Լեոպոլդը բնակություն է հաստատել Չիկագոյի «Մորիսոն» հյուրանոցում՝ Լուի Մեյսոնի մտացածին անունով, որը ենթադրաբար եղել է Իլինոյսից վաճառական։ 50 դոլար գրավի դիմաց մեքենա է վարձել և նույն օրը բանկում հաշիվ բացել։ Լեոպոլդը և Լյոբը պատրաստվում էին դրա վրա դնել փրկագնի արդյունքում ստացված գումարը։
1924 թվականի մայիսի 21-ին՝ կեսօրվա ժամը չորսին, Լեոպոլդն ու Լյոբը մեքենայով գնացել են Բոբի Ֆրանկսի մասնավոր դպրոց և սպասել են տղայի հայտնվելուն։ Երբ տղան դուրս է եկել, Լյոբը կանչել է նրան և առաջարկել շրջել։ Բոբին համաձայնել է և նստել մեքենան՝ դիմացի նստարանին։
Երբ մեքենան դուրս է եկել Չիկագոյից, և մոտակայքում ոչ ոք չի եղեկ, Լյոբը ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի եզրին և նախապես պահեստավորված սայրով հարվածել տղայի գլխին։ Լեոպոլդը օգնել է Լյոբին մարմինը քաշել հետևի նստատեղի վրա։ Լյոբը լաթի կտորով փակել է զոհի բերանը և մարմինը փաթաթել հին խալաթի մեջ։
Հասնելով ցամաքեցված ճահիճը՝ հանցագործները որոշել են այնտեղ թաքցնել դիակը։ Լեոպոլդը թաքցրել է մարմինը, բայց հուզմունքից գցել է ակնոցն ու չի վերցրել գետնից։ Այնուհետև, դիակը խրելով ջրահեռացման խողովակի մեջ, մթության մեջ չեն տեսել, որ երիտասարդի մի գարշապարը դուրս է մնացել։
Հաջորդ օրը հանցագործները Լեոպոլդի գրամեքենայով նամակ են գրել Ֆրանկսի ծնողներին և պահանջել 10000 դոլար նրա ազատ արձակման համար, թեև նրանց ծնողները միլիոնավոր դոլարներ ունեին։ Նամակներն ուղարկելուց հետո ջարդել են գրամեքենան ու դրա մասերը ցրել տարբեր ջրամբարների մեջ։ Նրանք մահացածի հագուստները տարել են հարևան Ինդիանա նահանգ ու թաղել։
Շուտով ցամաքած ճահճի մոտ երկաթուղային գծերը շրջանցող ճանապարհային աշխատողները խողովակի մեջ մարդու կրունկ նկատեցին։ Կես ժամ անց ժամանել են ոստիկանները, որոնք հանել են տղայի դին։ Չնայած այն հանգամանքին, որ Լեոպոլդն ու Լոեբը նրա դեմքին աղաթթու են լցրել, ոստիկանությունը նույն օրը պարզել է մահացածի ինքնությունը։ Նրա ծնողները ոստիկաններին փրկագին պահանջող անանուն նամակ են ցույց տվել։ Դիակի հայտնաբերման վայրում հայտնաբերվել են նաև նոր ակնոցներ, որոնք քաղաքում, ինչպես պարզվել է, պատրաստվել են անհատական պատվերով ընդամենը երեք զույգ։ Երկու զույգեր հայտնաբերվել են իրենց տերերի մոտ, իսկ ահա 19-ամյա Նաթան Լեոպոլդին պատկանող երրորդ զույգը բացակայել է։ Երբ նրան հարցաքննել են, ասել է, որ կորցրել է դրանք քաղաքից դուրս։
14-ամյա երիտասարդի առևանգման և սպանության լուրը հուզել է ողջ քաղաքը։ Չնայած այն հանգամանքին, որ Չիկագոյում հաճախ են տեղի ունեցել հանցագործություններր, նման հանցագործությունը թվում էր, թե անցել է բոլոր սահմանները։ Տեղի գանգստերները, ներառյալ ինքը՝ Ալ Կապոնեն, ոստիկանությանը օգնություն են առաջարկել մարդասպանին գտնելու հարցում։
Մայիսի վերջին ոստիկանները քաղաքային լճակի մոտ գրամեքենայի մնացորդներ են հայտնաբերել։ Դատաբժշկական փորձագետները պարզել են, որ դա այն գրամեքենան է, որի վրա տպված են եղել առևանգողների նամակները։ Գործին միջամտել են նաև Լեոպոլդին սպանության մեջ կասկածող մի քանի լրագրողներ։ Նրանք վերցրել են նրա նամակներից մի քանիսը Չիկագոյի համալսարանից և, դրանք համապատասխանեցնելով առևանգողների նամակներին, բացահայտել են ամբողջական համընկնումը։
Առաջինը խոստովանել է Նաթան Լեոպոլդը, իսկ հետո՝ Լյոբը։ Քաղաքային հասարակությունը պահանջել է ամենախիստ պատիժը, ոչ մի փաստաբան չի ցանկացել պաշտպանել մեղադրյալներին։ Տղաների փաստաբանը եղել է Քլարենս Դարոուն՝ մահապատժի հայտնի հակառակորդը։
Դատարանը ուշադրություն է հրավիրել ամբողջ երկրում և արտերկրում և տևել է ուղիղ մեկ ամիս։ Հակառակ սպասումների՝ Դարոուն չի պահանջել իր պաշտպանյալների արդարացումը՝ հիմնվելով նրանց ենթադրյալ անմեղսունակության վրա, այլ հենց սկզբից ընդունել է նրանց մեղավորությունը։ Դրա շնորհիվ նրան հաջողվել է խուսափել երդվյալ ատենակալների դատավարությունից, որի ժամանակ, ինչպես կարծել է, մեղադրյալները հնարավորություն չեն ունեցել խուսափել դատավճռից։ Իր եզրափակիչ խոսքում Դարոուն պնդել է, որ ամբաստանյալների մարդկային կերպարը արմատապես վնասվել է նրանց անհատականության ձևավորման պայմաններից և նրանց սովորած գաղափարախոսությունից։
Ընթացքում Լեոպոլդի և Լյոբի սեռական այլասերվածության մասին շահարկումները լայնորեն տարածվեցին հասարակական կարծիքում՝ թե՛ անառակության առումով (մամուլը գրել էր նրանցից մեկի բազմաթիվ սեռական զուգընկերների, կասկածելի խնջույքների մշտական մասնակցության մասին և այլն), և նրանց միջև ենթադրյալ համասեռամոլական հարաբերությունների իմաստով, որոնք այն ժամանակ դեռ պաշտոնապես դատապարտվում էին հասարակության կողմից և չէին կարող բացահայտ քննարկվել մամուլում։ Անմիջապես դատավարության ընթացքում, սակայն, մերժվեցին հանցագործության սեռական ծագման և տուժողի նկատմամբ հնարավոր սեռական բռնության մասին ենթադրությունները[6][7]։
1924 թվականի հուլիսի 21-ին երկու հանցագործներն էլ դատապարտվել են 99 տարվա ազատազրկման՝ առևանգման համար, իսկ ավելին՝ ցմահ բանտարկության՝ ծրագրված սպանության համար։
Դատապարտյալների ծնողները զգալի գումարներ են ծախսել կալանավայրերում նրանց համար հարմարություններ ստեղծելու համար։ Հետագայում, սակայն, նոր կանոնակարգերը զգալիորեն սահմանափակեցին նրանց հնարավորություններն այս ոլորտում. բանտարկյալների համար դրամական փոխանցումների սահմանաչափը կտրուկ նվազել է։ Ըստ մարդասպանների կենսագիրների՝ Լյոբիին դանակահարել է խցակիցը, որը ածելիով 56 կտրած վերք է հասցրել նրան։ Բանտի ղեկավարությունն ընդունել է մարդասպանի վարկածը, որը իր վարքը բացատրել է Լյոբի կողմից սեռական ոտնձգություններով[8]։
Նաթան Լեոպոլդն իր ազատազրկումն իրականացրել է առանց բողոքների, բանտում մնացել է 34 տարի և պայմանական վաղաժամկետ ազատվել 1958 թվականի մարտի 13-ին։ Չի մնացել ԱՄՆ-ում, այլ մեկնել է Պուերտո Ռիկո։ Այնտեղ աշխատել է որպես տեխնիկ՝ շաբաթական 10 դոլար վաստակելով։ Նույն 1958 թվականին լույս է տեսել Լեոպոլդի ինքնակենսագրական գիրքը՝ «Կյանք գումարած 99 տարի» (անգլ.՝ Life plus 99 Years):
Լեոպոլդը մահացել է սրտի անբավարարությունից 1971 թվականի օգոստոսի 29-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.