From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելա-հորդանանյան հաշտության պայմանագիր (լրիվ անվանումը ՝ Իսրայելի Պետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև հաշտության պայմանագիր) (եբրայերեն՝ הסכם השלום בין ישראל לירדן) (արաբ․՝ معاهدة السلام الأردنية الإسرائيلية)՝ խաղաղության պայմանագիր, որը ստորագրվել է 1994 թվականին Իսրայելի և Հորդանանի միջև։ Պայմանագիրը նախատեսված էր երկու երկրների միջև հարաբերությունների և նրանց միջև տարածքային վեճի կարգավորման համար։ Պայմանագիրը ստորագրվել է 1994 թվականի հոկտեմբերի 26-ին «Արավա» հարավային սահմանային կետի մոտ, և Հորդանանը դարձել է երկրորդ արաբական երկիրը (Եգիպտոսից հետո), որը հաշտության պայմանագիր է կնքել Իսրայելի հետ։
Խայիմ Վեյցմանի և Տրանսհորդանանի էմիր Աբդալլահի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Լոնդոնում 1922 թվականին։ Աբդալլահը համաձայնել էր աջակցել «Բալֆուրի հռչակագրին», եթե սիոնիստները իրեն Պաղեստինի կառավարիչ ճանաչեն։ Վեյցմանը այդ առաջարկը մերժել էր, սակայն նրանց միջև շփումները շարունակվել են։
Անկախության համար մղված պատերազմից հետո՝ 1949 թվականի ապրիլի 3-ին, Հռոդոս կղզում կնքվել է առաջին հրադադարը Իսրայելի և Տրանհորդանանի միջև, որով արձանագրվել էր մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը[1]։ Նույն ամսին Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող տարածքները, որոնք վերահսկվում էին Արաբական լեգեոնի կողմից, բռնակցվեցին, իսկ թագավորությունը վերանվանվեց Հորդանանի Հաշիմյան Թագավորություն[2]։
1967 թվականին 6-օրյա պատերազմի ժամանակ Հորդանանի բանակը, որը մասնակցել էր Իսրայելի վրա հարձակմանը, երկու օրվա ընթացքում ջախջախվել է, և Հորդանանը կորցրել է Երուսաղեմի և Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքը։
1987 թվականին Լոնդոնում, Իսրայելի վարչապետ Իցհակ Շամիրից գաղտնի, նրա արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը Հորդանանի թագավոր Հուսեյնի հետ ստորագրում է մի փաստաթուղթ, որը կոչ էր անում հրավիրել մերձավորարևելյան խաղաղության խորհրդաժողով և նախատեսում է Հորդանանի արևմտյան ափի վերասկողության փոխանցում Հորդանանին։ Ընդ որում, թագավոր Հուսեյնը ենթադրել է, որ Շամիրը հավանություն է տվել այդ բանակցություններին։ Պերեսը հրաժարվել է Շամիրին ցույց տալ համաձայնագրի պատճեն նաև ա՛յն բանից հետո, երբ նա բանակցությունների մասին արդեն իմացել էր ամերիկացիներից։ Իսկ վերջիններս, ի վերջո, կառավարության ղեկավարին տրամադրել են համաձայնագրի պատճեն։ Արդյունքում՝ Պերեսը պաշտոնանկ արվեց Շամիրի կողմից[3]։ Հաջորդ տարի Հորդանանը հրաժարվել է արևմտյան ափի նկատմամբ իր հավակնություններից ի օգուտ ՊԱԿ-ի[4]։
Մինչև 90-ականների սկիզբը Իսրայելի և Հորդանանի միջև հարաբերությունները պաշտոնապես լարված էին։ Քաղաքական իրադրության փոփոխությունները սկսվեցին Իրաքի կողմից Քուվեյթի օկուպացիայից և Պարսից ծոցում պատերազմից հետո։ Իրաքի նկատմամբ հաղթանակից հետո ԱՄՆ-ն սկսեց ակտիվ խաղաղապահ գործունեություն Մերձավոր Արևելքում։ Մադրիդյան խորհրդաժողովում Իսրայելն առաջին անգամ բանակցություններ սկսեց արաբական երկրների հետ։
1992 թվականին Իսրայելում իշխանության եկավ «Ավոդա» կուսակցությունը՝ Իցհակ Ռաբինի ղեկավարությամբ։ Նրա նախընտրական ծրագիրը արաբների հետ խաղաղության լուրջ առաջխաղացում էր ենթադրում բոլոր ուղղություններով։ Որպես դրա հետևանք՝ 1993 թվականին Իսրայելի և ՊԱԿ-ի միջև ստորագրվեցին Նորվեգական համաձայնագրերը։
Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը և արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը Հուսեյն թագավորին հայտնել էին, որ ՊԱԿ-ի հետ Օսլոյի համաձայնություններից հետո Հորդանանը կարող է «խաղից դուրս մնալ»։ Հուսեյնը խորհրդակցություններ անցկացրեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի և Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի հետ։ Մուբարաքն աջակցում էր նրան, իսկ Ասադը նրան խորհուրդ տվեց միայն «խոսել» Իսրայելի հետ, այլ ոչ թե որևէ համաձայնագիր ստորագրել։ ԱՄՆ-ը՝ ի դեմս նախագահ Բիլ Քլինթոնի, սկսեց ճնշել Հուսեյնին, որպեսզի վերջինս խաղաղ բանակցություններ սկսի և հաշտության պայմանագիր ստորագրի Իսրայելի հետ, և նրան խոստացավ, որ հորդանանյան պարտքերը կներվեն[1]։ Համատեղ ջանքերը հաջողությամբ պսակվեցին, և Հորդանանը որոշում կայացրեց Իսրայելի հետ համաձայնագիր ստորագրել։ 1994 թվականի հուլիսի 25-ին Ռաբինը, Հուսեյնը և Քլինթոնը Վաշինգտոնում ստորագրեցին «Վաշինգտոնյան հռչակագիրը»։ Դրանում ասվում էր, որ Իսրայելն ու Հորդանանը հայտարարում են թշնամական վիճակի պաշտոնական ավարտի և բանակցությունների մեկնարկի մասին՝ «արյունահեղության և վշտի ավարտին», ինչպես նաև՝ արդար և տևական խաղաղության հասնելու նպատակով։
Վարչապետ Ի. Ռաբինն ու թագավոր Հուսեյնը հանդիսավոր ելույթ ունեցան։ Թագավոր Հուսեյնը մասնավորապես ասել է[5]՝
1994 թվականի հուլիսին Հորդանանի վարչապետ Աբդելսալամ ալ–Մաջալին հայտարարեց «պատերազմների դարաշրջանի ավարտը», իսկ Շիմոն Պերեսը հայտարարեց, որ «խաղաղության պահը եկել է»։ Ռաբինն ու թագավոր Հուսեյնը բաց նիստ անցկացրեցին Սպիտակ տանը, Քլինթոնի հետ։
1994 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած արարողության ժամանակ Իսրայելի Արավա հովտում, Էյլաթից հյուսիս և Հորդանանի սահմանի մոտ Հորդանանը և Իսրայելը ստորագրեցին այդ պատմական հաշտության պայմանագիրը։ Վարչապետ Ռաբինը և վարչապետ Աբդելսալամ ալ–Մաջալին ստորագրեցին պայմանագիրը, և Իսրայելի նախագահ Էզեր Վայցմանը սեղմեց Հուսեյն թագավորի ձեռքը։ Դա տեղի ունեցաց ԱՄՆ պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերի ուղեկցությամբ, նախագահ Բիլ Քլինթոնի ներկայությամբ[5]։
Եգիպտոսը ողջունեց համաձայնագիրը, Իսկ Սիրիան ամբողջությամբ անտեսեց այն։ Լիբանանյան «Հըզբոլլահի» մի խումբ զինյալներ, ի նշան պայմանագրի դեմ բողոքի, ստորագրման արարողությունից 20 րոպե առաջ Հյուսիսային Գալիլեայի բնակավայրերը գնդակոծեցին ականանետերով և հրթիռներով։ Իսրայելի բնակիչները, որոնք ստիպված էին եղել տարհանվել ապաստարաններում, իրենց հետ ռադիոընդունիչներ և շարժական հեռուստացույցներ են վերցրել, որպեսզի բաց չթողնեն Իսրայելի պատմության մեջ արաբական պետության հետ երկրորդ խաղաղ պայմանագրի ստորագրման պահը։
Իսրայելի և Հորդանանի միջև ստորագրված պայմանագրի առանցքային սկզբունքներն էին[5][6][7]՝
Պայմանագիրը բաղկացած է նախաբանից, երեսունից հոդվածից և դրան կից հինգ հավելվածներից, ինչպես նաև տեղագրական քարտեզներից, որտեղ նշված է երկու երկրների միջև միջազգային սահմանը և նշված են Իսրայելի կողմից օկուպացված տարածքները, որոնք վերադարձվել են Հորդանանի ինքնիշխանության տակ։
Իսրայելի Պետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև հաստատվում է խաղաղություն։
Կողմերը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը։ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը ներդաշնակ կլինի Իսրայելի Պետության հետ։
Իսրայելի և Հորդանանի միջև միջազգային սահմանի սահմանման ու ճանաչման հաստատում՝ ըստ բրիտանական մանդատին համապատասխան սահմանի սահմանման, սակայն, առանց վնաս հասցնելու ցանկացած տարածքների կարգավիճակին, որոնք 1967 թվականին հայտնվել էին կառավարության իսրայելական ռազմական վերահսկողության ներքո (կետ 2)։
Անվտանգության ոլորտում փոխըմբռնումն ու համագործակցությունը, դրա հետ կապված հարցերը հարաբերությունների զգալի մասն են լինելու։ Կողմերը ճանաչում են Եվրոպական միության շրջանակներում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) զարգացման ձեռքբերումները և ստանձնում են Մերձավոր Արևելքում CSCME կազմակերպության (Մերձավոր Արևելքում անվտանգության և համագործակցության խորհրդակցություն) ստեղծման պարտավորությունները։ Կողմերը պարտավորվում են զերծ մնալ ուժային սպառնալիքներից, ուժի կիրառումից կամ ավանդական, ոչ ավանդական կամ ցանկացած այլ տեսակի զենքի կիրառումից, ինչպես նաև պայքարել բոլոր տեսակի ահաբեկչության դեմ։
Սահմանվում են ամբողջ ծավալով դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ և կատարվում է դեսպանների և ռեզիդենտների փոխանակում՝ ներառյալ տնտեսական և մշակութային կապերի կարգավորումը։
Կողմերը ճանաչում են Հորդանան գետի և Յարմուք գետի, Արաբա անապատի ստորգետնյա ջրերի օրինական բաժանումը և նոր ջրային ռեսուրսների մշակումը։
Տնտեսական համագործակցությունը խթանելու և խտրական արգելքները վերացնելու համար Կողմերը պայմանավորվում են դադարեցնել տնտեսական բոյկոտը։
Տեղահանված անձանց խնդիրը պետք է քննարկվի Եգիպտոսի և պաղեստինցիների հետ, իսկ փախստականների հարցը պետք է քննարկվի բազմակողմ հիմունքներով՝ տարածքների մշտական կարգավիճակի շուրջ բանակցությունների համադրությամբ։
Կրոնական և պատմական նշանակության վայրեր մուտք գործելու ազատություն։ Իսրայելը հաշվի կառնի Հորդանանի Հաշիմյան Թագավորության հատուկ դերը Երուսաղեմում մուսուլմանական սրբությունների պահպանման գործում։ Երբ սկսվեն մշտական կարգավիճակի շուրջ բանակցությունները, Իսրայելը առաջնահերթ ուշադրություն կդարձնի այդ սրբավայրերի նկատմամբ հորդանանյան պատմական դերին։
Մշակութային և գիտական փոխանակումների հաստատում բոլոր ոլորտներում, և նորմալ մշակութային կապերի ստեղծման վերաբերյալ պայմանագիր։
Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց նկատմամբ քարոզչությունից, թույլ չեն տա նման քարոզչություն տարածել իրենց երկրներում, կապահովեն պատշաճ իրավական ընթացակարգ երկու երկրների քաղաքացիների համար։
Կողմերը պայքարելու են հանցավորության, մաքսանենգության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ և պատասխանատվության են ենթարկելու մեղավորներին։
Կողմերը ազատ տեղաշարժեր կտրամադրեն մարդկանց և տրանսպորտային միջոցներին և խտրական հարկեր ու սահմանափակումներ չեն պարտադրի։ Կբացվեն և կպահպանվեն ճանապարհները և սահմանային անցումները, ինչպես նաև պայմանավորվածություն կայացավ շարունակել բանակցությունները Էյլաթի մոտ Եգիպտոսի, Իսրայելի և Հորդանանի միջև մայրուղու կառուցման շուրջ։
Միջազգային իրավունքի նորմերին և նավահանգիստների բնականոն հասանելիությանը համապատասխան տարածքային ջրերով անցնելու իրավունքը։ Տիրան նեղուցն ու Ակաբա ծոցը միջազգային ջրային ուղիներն են, որոնք բաց են բոլոր պետությունների համար ։
Բազմակողմանի ավիացիոն համաձայնագրի, մասնավորապես՝ 1944 թվականի միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) շրջանակներում նախատեսված իրավունքների, արտոնությունների և պարտավորությունների և 1944 թվականի միջազգային օդային տարանցիկ փոխադրումների մասին համաձայնագրի ճանաչում։
Կողմերը կունենան ուղիղ հեռախոսային և ֆաքսիմիլային գծեր, փոստային կապ։
Կողմերը կնպաստեն զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը։
Կողմերը կհամագործակցեն շրջակա միջավայրի պահպանության, բնապահպանության և աղտոտման կանխարգելման ոլորտներում։
Կողմերը կզարգացնեն էներգետիկ ռեսուրսների յուրացումը և կներկայացնեն նախագծեր, ինչպիսիք են արևային էներգիայի օգտագործումը, ինչպես նաև Էյլաթ — Ակաբա շրջանում էլեկտրական ցանցերի միջև փոխգործակցությունը։
Հորդանանի հովտի զարգացում, այդ թվում՝ համատեղ նախագծեր տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և զբոսաշրջության ոլորտներում.
Համագործակցություն առողջապահության ոլորտում։
Համագործակցություն գյուղատնտեսության ոլորտում, ներառյալ անասնաբուժական ծառայությունները, բույսերի պաշտպանությունը, կենսատեխնոլոգիաները և մարքեթինգը։
Կստեղծվեն մեխանիզմներ Ակաբա և Էյլաթ քաղաքների համատեղ զարգացման համար, ինչպիսիք են զբոսաշրջության զարգացումը, մաքսատները, ազատ առևտրի գոտին, ավիացիան, շրջակա միջավայրի աղտոտման կանխումը, համագործակցությունը ծովային, ոստիկանական և մաքսային հարցերի, ինչպես նաև առողջապահության հարցերի շուրջ։
Իսրայելի և Հորդանանի միջև ստորագրված հաշտության պայմանագիրը երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործընթացի վերջնական ակորդն էր, որը սկսվել էր դեռևս 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ավարտից հետո, երբ Հորդանանը որոշել էր այլևս թշնամական գործողություններ չդրսևորել Իսրայելի նկատմամբ[8]։
Պայմանագրի ստորագրման հետևանքը եղավ Իսրայելի և Հորդանանի միջև տնտեսական կապերի զգալի ավելացումը։ 1996 թվականից մինչև 2003 թվականը առևտրի ծավալն աճեց 10 անգամ։ Հատուկ տնտեսական իսրայելա-հորդանանյան արդյունաբերական գոտիների շնորհիվ, որոնցում իսրայելական տեքստիլ ձեռնարկությունները բացեցին իրենց մասնաճյուղերը, կտրուկ աճեց հորդանանյան արտադրանքի արտահանումը ԱՄՆ (մոտ 50 անգամ՝ մինչև 2003 թվականը)[7]։
Համաձայնագրից հետո Իսրայելն ու Հորդանանը բացեցին իրենց սահմանները զբոսաշրջիկների համար։ Ամբողջ սահմանին տեղադրվեցին մի քանի սահմանային անցակետեր, ինչը հեշտացրեց երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրային և աշխատանքային ուղևորությունները։ Իսրայելցի զբոսաշրջիկները սկսեցին այցելել Հորդանան, նրանցից շատերը մեկնում էին, օրինակ, տեսնելու Պետրայի «Հա-Ադոմ գյուղերը» («Կարմիր քար»)՝ քարից փորված Նաբաթեական Թագավորության ժամանակների քաղաքը, որը իսրայելցիներին հիացրել էր դեռևս 50–ական և 60-ական թվականների ընթացքում, երբ նրանք գաղտնի ներթափանցում էին Հորդանան՝ տեսնելու դրանք։
1996 թվականին ստորագրվեց նաև լրացուցիչ առևտրային պայմանագիր, որի համաձայն Իսրայելը զգալի օգնություն է տրամադրում Ամմանում ժամանակակից բժշկական կենտրոնի ստեղծման համար։
2000 թվականին ստորագրվեց Էյլաթի և Ակաբայի շրջանում տնտեսական համագործակցության մասին պայմանագիր։ Զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտում համագործակցությունից բացի, Ակաբայի ծոցի երկայնքով ճանապարհի կառուցման և Հորդանան գետի վրայով կամուրջների արդիականացման ծրագրեր կան[9]։
2018 թվականի հոկտեմբերին Հորդանանը հայտարարեց, որ մտադիր չէ երկարացնել հորդանանյան հողերի վարձակալության պայմանագրի կետերից մեկը, և պատրաստվում է դրանք վերադարձնել իր ինքնիշխանության տակ[10]։
Ըստ շատ աղբյուրների, Իսրայելում դժգոհ են այս պայմանագրում պարունակվող «խաղաղություն ջրի դիմաց» ձևակերպումից։ Ենթադրվում է, որ Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ Հորդանանից ջուր տրամադրել այն դեպքում, երբ դրա պակասը սուր է զգացվում հենց Իսրայելում[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.