From Wikipedia, the free encyclopedia
Թուրք-իրանական սահման (պարս.՝ مرز ترکیه و ایران; թուրքերեն՝ İran–Türkiye sınırı), պետական սահման Թուրքիայի և Իրանի միջև, որն ունի 534 կմ (332 մղոն) երկարություն և ձգվում է Ադրբեջանի հետ սահմանային հատման կետից մինչև Իրաքի հյուսիսային սահման[2]։
Սահմանը հյուսիսից սկսվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանային հատման կետում՝ Արաքս գետի վրա։ Սահմանը հյուսիս-արևմուտք ձգվելով անցնում է Կարասու գետի երկայնքով՝ այդպիսով Թուրքիային տրամադրելով Ադրբեջանի հետ կապվելու տարածք։ Այնուհետև սահմանը անցնում է հարավ-արևմուտք, ապա հարավ՝ գծելով մի շարք անկանոն ցամաքային գծեր և հասնելով մինչև Իրաքի հետ սահմանային հատման կետ։ Սահմանային շրջանը չափազանց լեռնային է և երկու կողմից էլ բնակեցված է հիմնականում քրդերով։
1532-1555 թվականներին ընթացող թուրք-պարսկական պատերազմների ժամանակ Օսմանյան կայսրությունը գրավել էր ժամանակակից Իրաքի մեծ մասը։ Հակամարտությունը ավարտվեց Ամասիայի պայմանագրով, որի արդյունքում տարածաշրջանում հաստատվեց օսմանյան իշխանություն[3][4]։ Միջագետքի և Արևմտյան Հայաստանի վրա օսմանյան իշխանությունը հաստատվեց 1623-1639 թվականներին ընթացող թուրք-պարսկական պատերազմից հետո, որն ավարտվեց Կասրե Շիրինի պայմանագրով[5][6][7][8]։ Այդ պայմանագիրը նախատեսում էր, որ երկու կայսրությունների միջև սահմանը պետք է անցներ Զագրոսյան լեռների և Տիգրիս գետի միջև, թեև այդ ժամանակ ճշգրիտ սահմանը դեռ գծված չէր[9]։
Թուրք-պարսկական պատերազմի ժամանակ (1723-1727) թուրքերը Ռուսաստանին զուգահեռ ներխուժեցին Իրան, ինչի արդյունքում կնքված Համադանյան պայմանագրով Օսմանյան կայսրությանն անցավ Իրանի հյուսիս-արևմուտք՝ Հայաստանը[9]։ Հաջորդ պատերազմը տեղի ունեցավ 1740-ական թվականներին, որն ավարտվեց 1746 թվականին Կերդենի պայմանագրով, որը վերականգնեց Իրանի արևմտյան տարածքները և կրկին հաստատեց 1639 թվականին կնքված Կասրե Շիրինի պայմանագրով նախատեսված սահմանը[9][10]։
1821-1823 թվականներին ընթացած թուրք-պարսկական պատերազմը ավարտվել է Էրզրումի առաջին պայմանագրի ստորագրմամբ, որը վերահաստատել է 1639 թվականին կնքված Կասրե Շիրինի պայմանագրով նախատեսված սահմանը[9][11][12]։ Պարսիկ, օսմանցի, ռուս և բրիտանացի պաշտոնյաների մասնակցությամբ սահմանային հանձնաժողովը աջակցել է սահմանազատման աշխատանքներին, ինչը հանգեցրել է 1847 թվականի Էրզրումի երկրորդ պայմանագրի կնքմանը, որը որոշ փոքր փոփոխություններով հաստատել է 1639 թվականի սահմանը[9][13]։ Քառակողմ սահմանային հանձնաժողովը վերսկսել է իր աշխատանքը հետագա տարիներին, և երկարատև աշխատանքից և քարտեզագրական վեճերից հետո 1869 թվականին կազմվել է մանրամասն քարտեզ[9]։ Բեռլինի պայմանագրի (1878) հետևանքով որոշ փոքր փոփոխություններ են կատարվել Քաթուրի շրջակայքում[9]։
Չնայած հանձնաժողովի աշխատանքին՝ սահմանների հստակ սահամանգծման շուրջ վեճերը շարունակվել են։ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի պնդմամբ, որոնք երկուսն էլ գաղութային ձգտումներ են ունեցել տարածաշրջանում, Օսմանյան կայսրությունն ու Իրանը պայմանավորվել են 1911 թվականին ավելի հստակ աշխատել սահմանազատման վրա[9][14][15][16]։ 1913 թվականի նոյեմբերից մինչև 1914 թվականի հոկտեմբեր սահմանային հանձնաժողովը սահմանել է Կոստանդնուպոլսի արձանագրությունը, որը նախատեսում է սահմանի մանրամասն սահմանազատում[9]։ Այնուհետև քառակողմ սահմանային հանձնաժողովը ուսումնասիրել է տեղանքի սահմանը և սահմանազատել այն սյուներով (բացառությամբ Քաթուրի շրջակայքը, որը մնացել է վիճելի)[9]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ Արաբական ապստամբությանը հաջողվել է Օսմանյան կայսրությանը դուրս մղել Մերձավոր Արևելքի մեծ մասից։ 1916 թվականին կնքված Սայքս-Պիկոյի անգլո-ֆրանսիական գաղտնի համաձայնագրի արդյունքում Բրիտանիան վերահսկողություն է ստացել Մոսուլի, Բաղդադի և Բասրայի նախկին օսմանյան վիլայեթների նկատմամբ, որոնց տարածքներում 1920 թվականին կազմավորվել է Իրաքի մանդատը[9]։
1920 թվականին կնքված Սևրի պայմանագրով Անատոլիական Թուրքիան պետք է բաժանվեր, իսկ Մոսուլի վիլայեթի հյուսիսային շրջանները պետք է ընդգրկվեին ինքնավար կամ անկախ քրդական պետության կազմում[9][17]։ Թուրք ազգայնականները վրդովված էին պայմանագրից․ նպաստելով թուրքական անկախության պատերազմի սանձազերծմանը՝ նրանք կարողացել են հասնել հաջողության, ինչի արդյունքում չի կատարվել Սևրի պայմանագրի դրույթները[9]։ 1923 թվականին կնքված Լոզանի պայմանագրով ճանաչվել է Թուրքիայի անկախությունը, և համաձայնություն է ձեռք բերվել շատ ավելի առատաձեռն տարածքային կարգավորման վերաբերյալ, ինչի փոխարեն Թուրքիան հրաժարվել է արաբական տարածքների նկատմամբ ունեցած ցանկացած պահանջից[18]։ Արևելքում պահպանվել է նախկին օսմանա-իրանական սահմանը, որն այժմ սահմաններ է ձևավորում Իրանի և Իրաքի, ինչպես նաև Իրանի և արդեն Թուրքիայի Հանրապետության միջև[9]։
1929 թվականի ապրիլի 9-ին Անկարայում ստորագրվել է Թուրքիայի և Իրանի միջև սահմանի հետագա սահմանազատման մասին պայմանագիրը՝ մասամբ ի պատասխան Արարատի քրդական ապստամբության։ Հետագայում պայմանագիրը վերջնականապես համաձայնեցվել է 1932 թվականին Թեհրանում կայացած համաժողովի հետ, ինչը հանգեցրել է Սիսը, Բաժերգահի և Քոթուրի շրջակայքում տարածքների ոչ մեծ փոխանակման[9][19][20][21]։ Այնուհետև սահմանը սահմանազատվել է․ 1937 թվականի մայիսի 26-ին Թեհրանում ստորագրվել է վերջնական համաձայնագիր[9]։
2017 թվականից Թուրքիան սկսել է արգելագիծ կառուցել թուրք-իրանական սահմանի երկայնքով, որի նկատակը ապօրինի սահմանահատումների և մաքսանենգության կանխումն է[22]։ Պատը կառուցվելու էր սահմանի 144 կմ-անոց[23][24] հատվածի երկայնքով։ 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ սահմանային պատնեշի կեսի կառուցման աշխատանքներն ավարտվել են[25]։ Պատասխանատու պաշտոնյաների կարծիքով՝ սահմանային արգելքը պետք է ավարտվեր մինչև 2019 թվականի գարուն[26]։ Իգդիրի և Աղըրի նահանգներում արգելագիծը կառուցվում է «TOKİ» ազգային բնակարանային հանձնաժողովի կողմից[23]։ Իրանը ողջունել շինարարությունը սահմանային արգելագծի կառուցման աշխատանքները[27]։
Սահմանի ամբողջ երկայքնով կան երեք սահմամահատման կետեր, որից երկուսը փոխադրական տրանսպորտի համար և մեկը՝ փոխադրական և երկաթուղային տրանսպորտի[28]։ Այս երեք սահմանահատման կետերից ամենածանրաբեռնված անցակետը՝ Գյուրջիբուլաղը, աշխարհի ամենածանրաբեռնված անցակետերից մեկն է։
Թուրքական անցակետ | Մարզ | Իրանական անցակետ | Մարզ | Բաց է | Ճանապարհի համարը Թուրքիայում | Ճանապարհի համարը Իրանում | Կարգավիճակ |
---|---|---|---|---|---|---|---|
Գյուրջիբուլաղ | Աղրը | Բաժերգահ | Արևմտյան Ադրբեջան | 1953 թվականի սեպտեմբերի 4 | Բաց | ||
Կապիկոյ | Վանի մարզ | Ռազի | Արևմտյան Ադրբեջան | 2011 թվականի ապրիլի 16 | Բաց | ||
Բաժերգյա | Հաքյարի | Սերով | Արևմտյան Ադրբեջան | 1964 թվականի սեպտեմբերի 15 | Բաց | ||
Արալիկ | Իգդիր | N/A | Արևմտյան Ադրբեջան | 1985 թվականի հունվարի 1 | Փակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.