![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/98/Standard_of_General_staff_of_Turkish_Armed_Forces.svg/langhy-640px-Standard_of_General_staff_of_Turkish_Armed_Forces.svg.png&w=640&q=50)
Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի ցանկ
Վիքիմեդիայի ցուցակ-հոդված / From Wikipedia, the free encyclopedia
Գլխավոր շտաբ հասկացությունն ընդհանրապես գերմանական ծագում ունի և զինված ուժերի կառավարման այս հաստատությունը թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխառել է Գերմանիայից։ Թուրքիայի գլխավոր շտաբը ռազմական կազմակերպություն կամ հաստատություն է, որը ստեղծված է խաղաղ և պատերազմական ժամանակներում Թուրքիայի զինված ուժերի ղեկավարումն իրականացնելու և Թուրքիայի Հանրապետությունը ռազմական արտաքին և ներքին վտանգից պաշտպանելու համար[1]։ Ի լրումն վերոհիշյալ խնդրի պաշտոնապես կան նաև մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման, այսինքն՝ արտակարգ իրավիճակներում անցկացվող գործողությունների խնդիրներ[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/98/Standard_of_General_staff_of_Turkish_Armed_Forces.svg/320px-Standard_of_General_staff_of_Turkish_Armed_Forces.svg.png)
Իրականում Թուրքիայի Գլխավոր շտաբը և նրա պետերը՝ մշտապես եղել են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հավատարիմ հետևորդները, Թուրքիայի ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականության գլխավոր ոգեշնչողներն ու գաղափարախոսները։ Թուրքիայի գլխավոր շտաբի պետերն ամեն կերպ ամրապնդել են թուրքական գեներալիտետի՝ բարձրագույն զինվորականության ազդեցությունն ու իշխանությունը Թուրքիայում։ Հայտնի է, որ 1939-1945 թվականների 2-րդ Աշխարհամարտում նույնիսկ Թուրքիայի ընդհանուր առմամբ նացիստամենտ քաղաքական և զինվորական վերնախավի ֆոնին՝ Թուրքիայի Գլխավոր շտաբն աչքի էր ընկնում իր բացահայտ և առավել ցայտուն նացիստամետ կողմնորոշմամբ։ Թուրքական գլխավոր շտաբը պլանավորել էր իր զորքերի կենտրոնացումը ԽՍՀՄ սահմաններին և հետագա հարձակումը որհրդային տարածքի վրա՝ ի նպաստ նացիստական Գերմանիայի։ Հատկանշական է, որ 1941 թվականի հունիսի 18-ին՝ ԽՍՀՄ-ի վրա նացիստական Գերմանիայի հարձակումից 4 օր առաջ, Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվեց ՛՛Բարեկամության և չհարձակման մասին՛՛ պայմանագիր[2]։ Թուրքիան, խոսքով հայտարարելով հանդերձ իր ՛՛չեզոքության՛՛ մասին, ակտիվ գերմանամետ գործողություններ էր իրականացնում և փաստացի դարձել էր նացիստական Գերմանիայի չպատերազմող դաշնակիցը[3]։ 1942 թ. սեպտեմբերին խորհրդա-թուրքական սահմանի ողջ երկայնքով տեսչական այց է կատարում Թուրքիայի վարչապետ Սարաջօղլուն, այդ շրջաններում տեղակայված բանակային զորամիավորումների հրամանատարները ստանում են ՛՛Ռազմական պատրաստության թիվ 1՛՛ գաղտնի հրամանը[4]։ 1921-1944 թվականներին Թուրքիայի Գլխավոր շտաբի անփոփոխ և ամենաերկարամյա ղեկավարը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մերձավորագույն զինակիցներից մեկը՝ մարշալ Ֆևզի Չաքմաքը ռազմական պատվիրակություններ էր ուղարկում նացիստական Գերմանիա, ինքն էլ անձամբ այցելում գերմանա-խորհրդային ռազմաճակատ և անթաքույց հիանում նացիստական զորքերի գործողություններով։