![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/Vacuum_distillation.jpg/640px-Vacuum_distillation.jpg&w=640&q=50)
Թորում
From Wikipedia, the free encyclopedia
Թորում, տարբեր եռման ջերմաստիճան ունեցող հեղուկների բաժանումը խառնուրդից գոլորշիացման միջոցով։ Այս եղանակով հիմնականում բաժանում են հեղուկներից բաղկացած համասեռ խառնուրդները, եղանակ, որի հիմքում ընկած է բաղադրիչ նյութերի եռման ջերմաստիճանների տարբերությունը։ Օրինակ՝ էթանոլը ջրային լուծույթից անջատելու համար վերջինս ենթարկում են տաքացման։ Երբ ջերմաստիճանը հասնում է 78 °C, սպիրտը սկսում է անջատվել խառնուրդից, գոլորշանում է և, անցնելով սառնարանի միջով, վերածվում հեղուկի ու հավաքվում որպես ընդունիչ ծառայող սրվակի մեջ։ Թորման եղանակը լայնորեն օգտագործվում է քիմիական արդյունաբերությունում և լաբորատոր պրակտիկայում։ Նավթամշակման գործարանների հսկայական բարձրություն ունեցող աշտարակներում թորման միջոցով հում նավթից ստանում են զանազան արգասիքներ՝ բենզին, կերոսին, սոլյարայուղ, մազութ։ Հետազոտական և բժշկական նպատակներով հաճախ անհրաժեշտ է լինում ստանալ մաքուր ջուր, այդ պատճառով ջուրը ենթարկում են թորման՝ լուծված աղերից ազատելու համար։ Մաքուր ջրի հարցն այժմ դարձել է մտահոգիչ համաշխարհային խնդիր, և մի շարք զարգացած երկրներ, ստիպված լինելով հսկայական էներգիական ծախսումներ կատարել, ծովի ջրից ստանում են թորած ջուր։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/Vacuum_distillation.jpg/640px-Vacuum_distillation.jpg)