Էպինեֆրին (դեղամիջոց)
From Wikipedia, the free encyclopedia
Էպինեֆրին, ադրենալին, օրգանիզմում հանդիպող հորմոն, որն օգտագործվում է նաև որպես դեղամիջոց[1][2]։ Էպինեֆրինը որպես դեղամիջոց օգտագործվում է տարբեր հիվանդագին վիճակների՝ անաֆիլաքսիայի, սրտի կանգի, ասթմայի նոպայի, մակերեսային արյունահոսությունների և այլնի բուժման նպատակով[3]։ Ներշնչական ուղիով այն կարող է օգտագործվել կռուպի ախտանիշները մեղմելու համար[4]։ Ներմուծվում է ներերակային, միջմկանային, ներմաշկային և ներշնչական ճանապարհներով[3]։
Էպինեֆրին (դեղամիջոց) | |
---|---|
Տեսակ | դեղանյութեր և Հիմնական դեղամիջոցներ |
Հոմանիշներ | Ադրենալին |
Կենսաբանական թիրախ | α1, α2, β1, β2 և β3 ադրենաընկալիչներ |
Քիմիական դասակարգում | Կատեխոլամիններ |
Զանգված | 183.207 g·mol−1 |
Հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտներից են դողը, տագնապը և առատ քրտնարտադրությունը[3]։ Կարող է դիտվել նաև հաճախասրտություն և արյան ճնշման բարձրացում[3]։ Երբեմն առաջանում են սրտի ռիթմի խանգարումներ[3]։ Հղիության և կրծքով կերակրման ժամանակ օգտագործման անվտանգությունը դեռևս անհայտ է[3]։
Էպինեֆրինը որպես հորմոն արտադրվում է մակերիկամների, և գլխուղեղի որոշ խումբ նեյրոների կողմից։ Վերջիններս այն օգտագործում են որպես նյարդամիջնորդանյութ[1][5]։ Էպինեֆրինը կարևոր դեր է խաղում «կռվիր-կամ-փախիր» պատասխանի ժամանակ՝ մեծացնելով սրտի արտամղման ծավալը, կմախքային մկանների արյունամատակարարումը, բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, լայնացնում է բբերը[6][7]։ Նշված փոփոխությունները արդենալինն առաջացնում է՝ ազդելով ալֆա և բետա ադրենընկալիչների վրա[7]։ Էպինեֆրինը հայտնաբերվում է շատ բազմաբջիջ և միաբջիջ օրգանիզմներում[8][9], սակայն դեղամիջոցի մեծ մասը սինթեզվում է սինթետիկ ճանապարհով[10]։
Առաջին անգամ անջատվել է Ջոկիչի Տակամինեի կողմից 1901 թվականին, բժշկական նպատակներով կիրառվել է 1905 թվականից[11][12]։ Էպինեֆրինն ընդգրկված է առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում[13]։ Հանդիսանում է ջեներիկ դեղամիջոց[3]։ 2020 թվականին ԱՄՆ-ում էպինեֆրինը նշանակվել է 1,000,000 անգամ[14][15]։