![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/Amy_Winehouse_-Virgin_Festival%252C_Pimlico%252C_Baltimore%252C_Maryland-4August2007_%2528cropped%2529.jpg/640px-Amy_Winehouse_-Virgin_Festival%252C_Pimlico%252C_Baltimore%252C_Maryland-4August2007_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Էմի Ուայնհաուսի սկավառակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Անգլիացի երգչուհի և երգահան Էմի Ուայնհաուսի սկավառակագրությունը ներառում է՝ երկու ստուդիական ալբոմ, մեկ համերգային ալբոմ, երեք հավաքածու ալբոմ, չորս մինի ալբոմ, 14 սինգլ (որոնցից երեքը որպես համագործակցող արտիստ), երեք վիդեո ալբոմ և 14 տեսահոլովակ։ Իր մահվան դրությամբ՝ 2011 թվականի հուլիսի 23-ին, Ուայնհաուսը վաճառել էր սինգլների ավելի քան 1,75 միլիոն օրինակ և ալբոմների 3,98 միլիոն օրինակ Միացյալ Թագավորությունում[1]։ Մինչդեռ, նույն ամսաթվի դրությամբ նա ԱՄՆ-ում վաճառել էր երգերի մոտ 3,4 միլիոն օրինակ և ալբոմների 2,7 միլիոն օրինակ[2]։
![]() Ուայնհաուսի ելույթը Virgin Festival փառատոնի ժամանակ, օգոստոսի 4, 2007 | ||
Թողարկումներ | ||
---|---|---|
↙Ստուդիական ալբոմներ | 2 | |
↙Համերգային ալբոմներ | 1 | |
↙Հավաքածու ալբոմներ | 3 | |
↙Մինի ալբոմներ | 4 | |
↙Սինգլներ | 14 | |
↙Տեսահոլովակներ | 14 |
Նրա դեբյուտային՝ «Frank» ալբոմը թողարկվել է 2003 թվականի հոկտեմբերին և զբաղեցրել է UK Albums Chart չարթի երրորդ հորիզոնականը[3]։ Նրա երկրորդ՝ «Back to Black» ալբոմը թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերին, զբաղեցնելով UK Albums Chart չարթի առաջին և Billboard 200 չարթի յոթերորդ հորիզոնականները[3][4]։ Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միության կողմից ալբոմն 11 անգամ պլատինե է հավաստագրվել և համարվում է 2007 թվականի ամենալավ վաճառված ալբոմը Մեծ Բրիտանիայում[5][6]։ Ալբոմի առաջին՝ «Rehab» սինգլը զբաղեցրել է բրիտանական չարթի յոթերորդ հորիզոնականը և Billboard Hot 100 չարթի իններորդ հորիզոնականը[3][7]։ Ալբոմի երկրորդ՝ «You Know I'm No Good» սինգլը զբաղեցրել է բրիտանական չարթի 18-րդ հոորիզոնականը[3]։ Այլ սինգլներն են «Back to Black»-ը, որը զբաղեցրել է բրիտանական չարթի ութերորդ հորիզոնականը, «Tears Dry on Their Own»-ը և «Love Is a Losing Game»-ը[3]։ Ալբոմի դելյուքս տարբերակը թողարկվել է 2007 թվականի նոյեմբերին և նույնպես գլխավորել է բրիտանական չարթը։ 2018 թվականի հոկտեմբերի տվյալներով, «Back to Black»-ը վաճառվել է 3,93 միլիոն օրինակով[8], դառնալով Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների 13-րդ ամենալավ վաճառված ալբոմը[9]։
Ուայնհաուսը նաև համագործակցել է այլ արտիստների հետ։ Նրա վոկալն առկա է Մարկ Ռոնսոնի «Valerie» երգում։ Երգը զբաղեցրել է բրիտանական չարթի երկրորդ հորիզոնականը[3]։ Նա նաև համագործակցել է Թոնի Բենեթի հետ՝ թողարկելով «Body and Soul» երգը, որը Ուայնհաուսի վերջին ստուդիական ձայնագրությունն է։ Երգը հայտնվել է Ուայնհաուսի հետմահու՝ «Lioness: Hidden Treasures» հավաքածուում և Բենեթի «Duets II» ալբոմում։ 2015 թվականին՝ «Էմի» փաստավավերագրական ֆիլմում, որում ներկայացվում է Ուայնհաուսի կյանքի և մահվան մասին, առկա է նույնանուն սաունդթրեքը, որում ներառված են Ուայնհաուսի հայտնի երգերը, ավելի վաղ չհրապարակված երգերը, հազվագյուտ կենդանի կատարմամբ սեսիաները, քավերները և երգեր, որոնք ստեղծվել են ֆիլմի կոմպոզիտորի՝ Անտոնիո Պինտոյի կողմից։ Այն Ուայնհաուսի երկրորդ հետմահու հավաքածուն է։ Սաունդթրեքը զբաղեցրել է բրիտանական չարթի 19-րդ հորիզոնականը։