From Wikipedia, the free encyclopedia
Էխնաթոն (Իխ-Նե-Այթի «Աթոնին օգտակար»), մինչև կառավարման հինգերորդ տարին հայտնի որպես Ամենհոտեպ IV, Հին Եգիպտոսի XVIII դինաստիայի փարավոն, ակնառու քաղաքական գործիչ, նշանավոր կրոնական բարեփոխիչ, որի կառավարման շրջանում կարևոր փոփոխություններ տեղի ունեցան Եգիպտոսի կյանքում։ Կառավարել է մոտավորապես մ․թ․ա․ 1353-1336թթ․։
Հին Եգիպտոսի Փարավոն | |||||||||||||||||||||||||||||||
|
Էխնաթոն Ամենհոտեպ IV
Ամենհոտեպ III-ից հետո գահին հաջորդողը երկար ժամանակ համարվում էր նրա ավագ որդին՝ Թութմոսը, որը, սակայն, մահացել էր երիտասարդ տարիքում՝ հորից շուտ։ Եգիպտագետները Ամենհոտեպ IV-ի իշխանության գալու հետ կապված տարբեր մոտեցումներ ունեն։ Մի մասի կարծիքով նա մոտավորապես 12 տարի հոր հետ համատեղ կառավարել է երկիրը, քանի որ վերջինս կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդ էր։ Ժամանակակից եգիպտագետներ Էրիկ Կլայնը, Նիկոլաս Ռիվեսը, Պիտեր Դորմանը և այլք կարծում են, որ կամ համատեղ կառավարում առհասարակ չի եղել, կամ այն տևել է առավելագույնը մեկ կամ երկու տարի[2]։ Դոնալդ Ռեֆորդը, Ուիլյամ Մառնեյը, Ալան Գառները, Լոուրենս Բերմանը մերժում են Ամենհոտեպ III-ի և Ամենհոտեպ IV-ի համատեղ կառավարման հավանականությունը[3]։ 2014թ․ Եգիպտոսի հնագույն հուշարձանների պահպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ամենհոտեպ III-ի չատիի (բարձրաստիճան պաշտոնյա) գերեզմանի գրության ուսումնասիրությունը ապացուցել է նրա և նրա որդու՝ ավելի քան 8 տարի համատեղ կառավարելը[4][5]։ Անկախ համատեղ կառավարելու հավանականությունից՝ Ամենհոտեպ IV-ը չի պատկերվել հոր հիմնած հուշարձաններում, որի պատճառը դեռ հայտնի չէ[6]։
Ամենհոտեպի համատեղ կառավարման առաջին տարիներին պետության կառավարման ոլորտում մեծ ազդեցություն ուներ իր մայրը՝ խելացի և ակտիվ թագուհի Թեյեն (Թեյա)։ Ամենհոտեպի կառավարման սկզբնական շրջանում Միտանիի և Բաբելոնի արքաների հետ բարիդրացիական հարաբերություններ էին։ Միտաննիի արքա Թուշրատտան, խնդրելով նոր փարավոնին ընդլայնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, խորհուրդ տալով հաղթահարել միջազգային հարաբերություններում իր մոր ազդեցությունը, միաժամանակ խնդրեց նաև քաջարի թագուհուն ազդել որդու դրական որոշմանը։ Բաբելոնի արքա Բուրնա-Բուրիաշ II-ը Ամենհոտեպին ուղարկած շնորհավորական նամակում նույնպես հայտնում էր փարավոնին իր՝ երկու երկրների միջև բարեկամությունը ընդլայնելու ցանկությունը։ Խեթական արքա Սուպիլիլիումաս I-ը ևս նամակ է գրում նրան՝ ներկայացնելով իր բողոքն առ այն, որ չի ստացել պատասխան նամակ և պահանջում է Ամենհոտեպից լինել հոր նման ընկերասեր՝ կատարելով նախօրոք ձեռք բերված եղբայրական պարտավորությունները։ Սակայն Ամենհոտեպը կառավարման հենց սկզբից դժգոհ էր Սուպիլիլիլումասից և այդ պատճառով չէր պատասխանել նրա առաջին նամակին, որում խեթական արքան ձևականորեն շնորհավորում էր եգիպտական փարավոնին գահին բազմելու առիթով։ Հնարավոր է Խեթական թագավորության և Եգիպտոսի միջև առկա էին լուրջ տարաձայնություններ, որի մասին իր նամակում լռում էր Սուպիլիլիումասը։
Էխնաթոնի կառավարումը համարվում է մասշտաբային կրոնական բարեփոխումների շրջան, որը ցնցեց եգիպտական ավանդական հասարակության հիմքերը, քաղաքականությունն ու մշակույթը։ Էխնաթոնի այս հեղափոխության պատճառը մինչ այժմ պարզ չէ։ Եգիպտական փարավոնների կողմից Առաջավոր Ասիայի և Նուբիայի գրավման հետևանքով հսկայական ունեցվածքի զավթումը առաջ բերեց ստրկավաճառ արիստոկրատիայի աննախադեպ հարստացում. հատկապես մեծ ունեցվածք և հարստություն ձեռք բերեցին Թեբեի քրմապետերը։ Թեբեի քրմապետերի հզորացումը սերտորեն կապված էր ժառանգական ազնվականության և տեղական կրոնների առկայության հետ, ինչը մեծ վտանգ էր ներկայացնում արքայական իշխանության համար։ Բացի այդ, Ամենհոտեպի ծագումը, ըստ գահաժառանգման օրենքի, զրկում էր նրան գահին տիրելու ցանկացած հնարավորությունից, որի պատճառը իր մայրն էր՝ թագուհի Թեյան, որ չէր պատկանում թագավորական ընտանիքին և անգամ եգիպտուհի չէր։ Ամենհոտեպի հայրը, անօրեն ճանապարհով ամուսնանալով և շրջանցելով արքայական ընտանիքի հիմնական ժառանգորդներին, զրկեց որդուն գահին բազմելու օրինական իրավունքից։ Հետազոտողների մի մասը առաջ է քաշում նաև այն մոտեցումը, թե միասնական կրոն ստեղծելու բարեփոխումը անհրաժեշտ էր եգիպտական տերության համար, որտեղ ամեն քաղաք սեփական աստծուն էր երկրպագում։ Աստվածների այդ բազմազանությունը խանգարում էր եգիպտական ժողովրդի միավորմանն ու միասնական նպատակին հասնելու ձգտումներին։ Կա նաև Ալեքսեյ Մորոզովի տեսությունը, ըստ որի կրոնական բարեփոխումը կապված է մոտ մ.թ․ա. 1380թ․ Սինտորինի հրաբխի ժայթքման հետ։ Թուխ ամպերը, թունավոր անձրևներն ու ցուրտը կարող էին եգիպտացիների կրոնական պատկերացումներում կտրուկ շրջադարձի պատճառ լինել` նպաստելով արևի աստծո պաշտամունքի ամրապնդմանը։
Փորձելով ամրապնդել իր կենտրոնաձիգ իշխանությունը` Ամենհոտեպ IV-ը հանդես եկավ քրմապետության դեմ և առաջին հերթին գլխավոր Աստված Ամոն-Ռաի տաճարի քրմապետերի դեմ։ Քրմապետերի ուժը սերտորեն կապված էր կրոնի վրա հիմնված նրանց գիտելիքների հետ և որպեսզի թուլացներ հակառակորդին, անհրաժեշտ էր զրկել նրանց այդ մտավոր ազդեցությունից։ Սկզբնական շրջանում Ամենհոտեպը համբերատար հաշտվում էր իրադրության հետ։ Հետագայում, ի հակակշիռ Թեբեի աստված Ամոնի, նա առաջ քաշեց նախկինում քիչ ճանաչում ունեցող Աթոնի պաշտամունքը, որ մարմնավորում էր արեգակի սկավառակը։ Հռչակելով իրեն նոր աստծո քահանայապետ՝ Ամենհոտեպը կառավարման երրորդ տարում Թեբեում սկսեց նոր տաճարի կառուցումը, որտեղ Աթոնը պատկերված էր մարդու մարմնով ու բազեի գլխով՝ թագադրված արեգակի սկավառակով։ Վերջապես, կառավարման չորրորդ տարում կտրուկ շրջադարձ եղավ մի կողմից արքայի և Աթոնի, մյուս կողմից՝ հին աստվածների հարաբերություններում։ Էխնաթոնը իրեն հռչակեց բացարձակ աստվածություն, անմահ էակ, իսկ արեգակի սկավառակը՝ Աթոնը, համարվեց արքայի երկրային պատկերը։ Այդ պատճառով փոփոխության ենթարկվեց Աթոնի պատկերը։ Արեգակի սկավառակի մեջ պարփակված բազեի գլխով ու մարդու մարմնով պատկերի փոխարեն Էխնաթոնը արդեն ներկայանում էր արքայական կամ արեգակնային օձերի (ուրեյ) շրջանում՝ դիմացից դեպի ներքև ձգվող բազում ճառագայթներով։
Հավանաբար կառավարման 6-րդ տարում Ամենհոտեպ IV-ի և իր հակառակորդների միջև պայքարը կտրուկ սրվեց՝ հասնելով գագաթնակետին, ինչը կապված էր նրա կողմից իրականացված կրոնական բարեփոխումների հետ։ Այդ պայմաններում արքան ստիպված էր իր ընտանիքով լքել Թեբեն՝ տեղափոխվելով Ամոն-Ռայի պաշտամունքային կենտրոնից ավելի քան 300 կմ հյուսիս, որտեղ էլ իր հրամանով սկսվեց նոր մայրաքաղաքի՝ Ախետ-Աթոնի («Աթոնի հորիզոն») կառուցումը։ Այստեղ սպիտակ քարից կառուցվեց Էխնաթոնի հսկայական պալատը, որը համարվում է հնագույն ամենամեծ կառույցը։ Պալատի պատերը զարդարված էին տարբեր սյուժետային և դեկորատիվ գեղանկարներով, նկարազարդված էին նաև հատակը, աստիճանները և առաստաղը։ Բացի գլխավոր պալատից կառուցվեցին նաև մի շարք փոքր պալատներ, իսկ ամենագլխավոր կառույցը «Աթոնի տուն» անունը ստացած, Աթոն աստծուն նվիրված տաճարն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.