Էլեն Բյորստին
թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Էլեն Բյորստին (անգլ.՝ Ellen Burstyn, Էդնա Ռեյ Ջիլուլի (անգլ.՝ Edna Rae Gillooly), դեկտեմբերի 7, 1932(1932-12-07)[1][1][1][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[2]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։ «Օսկար» (1975), BAFTA (1975), «Ոսկե գլոբուս» (1979), «Թոնի» (1975), «Ջինի» (2008) և երկու «Էմմի» (2009, 2013) մրցանակների դափնեկիր։ Դերասանական կարիերան սկսել է 1957 թվականին՝ կատարելով Լինդայի դերը «Քրաֆթի հեռուստատեսային թատրոնը» ֆիլմում (1947-1958)։
Կինոյում նրա առաջին նշանակալի աշխատանքը եղել է Լոիզ Ֆերոուի դերը 1971 թվականի «Վերջին կինոսեանսը» ֆիլմում, որի համար դերասանուհին ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման» համար։ 1973 թվականին Էլեն Բյորստինը նկարահանվել է «Սատանա քշողը» սարսափ ֆիլմում․ այդ դերի համար նա ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների «Կնոջ լավագույն դերակատարման» համար։
Դերասանների շրջանում Էլեն Բյորստինը ճանաչման է արժանացել «Ալիսան այստեղ այլևս չի ապրում» (1974) դրամատիկական ֆիլմում Ալիսա Հայյաթի դերը կատարելուց հետո, որի համար արժանացել է «Օսկար» և BAFTA մրցանակների, ինչպես նաև ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարման» համար 1975 թվականին։ Նա «Օսկար» մրցանակի ներկայացվել է նաև 1979, 1981 և 2001 թվականներին «Կնոջ լավագույն դերակատարման» անվանակարգում «Այս նույն ժամանակ՝ հաջորդ տարի» (1978), «Հարություն» (1980) և «Ռեքվիեմ երազանքի համար» (2000) ֆիլմերում կատարած դերերի համար։
1975 թվականին Էլեն Բյորստինն արժանացել է «Թոնի» թատերական մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում պիեսում» անվանակարգում։ Նա նաև երեք անգամ ներկայացվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի (2001, 2008, 2015) և վեց անգամ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի (1972, 1974, 1975, 1981, 1982, 2001), որոնցից հաղթել է միայն մեկ անգամ՝ «Կնոջ լավագույն դերակատարման» անվանակարգում մրցանակի արժանանալով «Այս նույն ժամանակ՝ հաջորդ տարի» (1978) ֆիլմում կատարած դերի համար։ Էլեն Բյորստինը մեծ հաջողություն է ունեցել հեռուստատեսությունում․ 2009 թվականին նա արժանացել է «Էմմի» մրցանակի դրամատիկական հեռուստասերիալում կնոջ լավագույն դերակատարման համար («Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս», 1999), իսկ 2013 թվականին՝ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ ֆիլմում» անվանակարգում («Պոլիտիկաններ», 2012)։
Դերասանուհին ներկայացվել է նաև «Էմմի» ցերեկային մրցանակի «Ակնառու կատարող մանկական, երիտասարդական կամ ընտանեկան հատուկ թողարկումներում» անվանակարգում «Ջրահարսը» ֆիլմի համար 2001 թվականին և վեց անգամ ներկայացվել է «Էմմի» մրցանակի (1981, 1987, 2006, 2008, 2014, 2016)։ Էլեն Բյորստինը նաև ստացել է «Ջինի» կանադական բարձրագույն կինոմրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում «Քարե հրեշտակ» ֆիլմի համար 2008 թվականին։
2014 թվականին Էլեն Բյորստինն արժանացել է Անգլիական միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակի, իսկ 2015 թվականին՝ Մերի Փիքֆորդի անվան «Արբանյակ» հատուկ մրցանակի։