ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ Վիկտոր Էժեն Դելակրուա (ֆր.՝ Ferdinand Victor Eugène Delacroix, ապրիլի 26, 1798[1][2][3][…], Սեն Մորիս, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4] - օգոստոսի 13, 1863[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]), ֆրանսիացի աշխարհահռչակ գեղանկարիչ։ Համարվում է ռոմանտիզմի ուղղության հիմնադիրը եվրոպական կերպարվեստում։
1816-1822 թվականներին սովորել է կլասիցիստ Պ․ Ն․ Գերենի մոտ։ Դելակրուան առաջին քայլերից համակվել է ռոմանտիզմի ոգով, դարձել նրա առաջադիմական, որոշ գործերով՝ նաև հեղափոխական միտումների արտահայտիչը։ «Քիոսի կոտորածը» (1823–1824, Լուվր, Փարիզ) և «Հունաստանը Միսսոլունգիի փլատակների վրա» (1827, Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) նկարներում պատկերել է հույների տառապանքը թուրքական լծից, նրանց պայքարը ազգային անկախության համար։
Պաշտոնական ակադեմիզմին Դելակրուան հակադրել է հուզախռով, պայքարող արվեստ։ Առնական, վեհանձն, խոր և կրքոտ կերպարներ ստեղծելու նպատակով Դելակրուան դիմել է Շեքսպիրի, Գյոթեի, Բայրոնի, Սքոթի ստեղծագործություններին։ «Ֆաուստի» (1827–1828) և «Համլետի» (1834–1843) վիմագրություններն արժանացել են Գյոթեի գովեստին։
1830 թվականին, Հուլիսյան հեղափոխության անմիջական տպավորության տակ, Դելակրուան ստեղծել է «Ազատությունը բարիկադների վրա» (Լուվր) կտավը։
Ֆրանսիական մեծ հեղափոխությանն են նվիրված 1831 թվականի նրա երկու նկարները՝ «Բուասսի դ'Անգլան Կոնվենտում» (Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) և «Միրաբոն ու Դրյո–Բրեզեն» (Նոր Կարլսբերգյան գլիպտոդարան, Կոպենհագեն)։
1832 թվականին ճանապարհորդել է Ալժիրում և Մարոկկոյում, ստեղծևլ Արևելքը պատկերող կտավներ («Ալժիրի կանայք», 1833–1834, Լուվր, և այլն)։
Դելակրուայի արվեստի ռեալիստական միտումները վառ կերպով արտահայտվել են դիմանկարներում («Ինքնանկար», 1829, «Ֆ․ Շոպեն», 1838, երկուսն էլ՝ Լուվրում), բնանկարներում, նատյուրմորտներում, որմնանկարներում (Բուրբոնյան, 1833–1847, Լյուքսեմբուրգյան, 1845–1847, պալատներում և այլուր)։
Դելակրուայի ստեղծագործությունը XIX դարի համաշխարհային արվեստի բարձունքներից է։ Նա առաջիններից էր․ որ կիրառեց գույնի տարրալուծման սկզբունքը, լրացուցիչ տոների, երանգավորված ստվերների ու արտացոլումների համակարգը՝ մասամբ կանխելով իմպրեսիոնիստների հայտնագործումները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.