Զոհվածների հիշատակի օր
From Wikipedia, the free encyclopedia
Զոհվածների հիշատակի օր (անգլ.՝ Remembrance Day), հիշատակի օր Բրիտանական համագործակցության երկրներում, որը նշվում է ամեն տարի նոյեմբերի 11-ին և կոչված է հավերժացնելու Բրիտանական համագործակցության բոլոր զոհերի հիշատակը, որոնք զոհվել են Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ հակամարտություններում։ Սկսվել է նշվել 1919 թվականից՝ Մեծ Բրիտանիայում և Համագործակցության երկրներում՝ թագավոր Գեորգ V-ի կարգադրությամբ[1]։
Տոնի հիմնական իմաստը Մեծ Բրիտանիայի և Բրիտանական համագործակցության զինվորների հիշատակի հարգումն է, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ 1918 թվականի նոյեմբերի 11-ին հայտարարվել է Եվրոպայում «11-րդ ամսվա 11-րդ օրվա 11-րդ ժամը» Անտանտի և Եռյակ միության երկրների միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին, ինչը պատմության մեջ մտել է որպես Գերմանիայի և Անտանտի ներկայացուցիչների կողմից 5:12-ից մինչև 5:20-ը ստորագրված առաջին կոմպիենական զինադադար։ Զինադադարն ուժի մեջ է մտել Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 11:00-ին, իսկ պատերազմն ավարտվել է 1919 թվականի հունիսի 28-ին՝ Վերսալի պայմանագրի ստորագրմամբ[2]։ Նոյեմբերի 11-ը Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում նշվում է որպես Հաշտության օր։ Առաջին տոնակատարությունները տեղի են ունեցել 1919 թվականի նոյեմբերի 10-ին Բուքինգհեմյան պալատում, և այդ օրվա երեկոյան Գեորգ V թագավորը ճաշկերույթ է կազմակերպել ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի[3]։ Հաջորդ առավոտ տեղի են ունեցել պաշտոնական հիշատակի միջոցառումներ։
Տոնի խորհրդանիշը կարմիր կակաչն է, որը կանադացի բժիշկ և բանաստեղծ, փոխգնդապետ Ջոն Մակքրեյի կողմից գովերգվում է «Ֆլանդրիայի դաշտերում» բանաստեղծությունում։ Ջորջիայի համալսարանի պրոֆեսոր Մոյնա Մայքլը, ոգեշնչվելով նրանցից, գրել է իր «Պետք է հիշել» բանաստեղծությունը և երդվել ամեն տարի հիշատակի միջոցառումների օրերին կարմիր կակաչ բերել։ Կակաչներ բերելու սովորույթը տարածվել է երեք տարվա ընթացքում Բրիտանական կայսրության ողջ տարածքում, և 1921 թվականից ի վեր կակաչները դարձել են զոհվածների հիշատակի օրվա ատրիբուտ։ Ի սկզբանե դրանք իրական կակաչներ էին, որոնք աճում էին Ֆլանդրիայում Առաջին համաշխարհային պատերազմի դաշտերում։ Կարմիր գույնը խորհրդանշում էր մարտերում թափված արյունը։