Զգացմունք
From Wikipedia, the free encyclopedia
Զգացմունք, իր պահանջմունքների օբյեկտների նկատմամբ մարդու վերաբերմունքի (դիրքորոշման) սուբյեկտիվ արտացոլումն ու ապրումը որպես ներհոգեկան գործընթաց։ Զգացմունքն անձի կայուն վերաբերմունքն է և դրսևորվում է հուզական տարբեր վիճակների ձևով։ Տարբեր իրադրություններում կարող է դրսևորվել ոգևորության, ուրախության, զայրույթի, թախծի կամ այլ հուզական վիճակներով։ Զգացմունքը կարելի է դիտել նաև որպես ավելի բարդ հոգեկան կազմավորման՝ դիրքորոշման բաղադրիչներից մեկը և հոգեկան արտացոլման ձև։
«Զգացմունք»-ը «զգալ» բայի անվանական ձևն է։ Այս բառն առաջին անգամ անգլերենում կիրառվել է՝ նկարագրելու համար դիպչելու ֆիզիկական զգացողությունը՝ զգալու կամ ընկալման միջոցով[1]։ Լատիներենում "sentire"[2] նշանակում է զգալ, լսել կամ հոտ առնել։ Հոգեբանության մեջ «զգացմունք» բառը սովորաբար օգտագործվում է նկարագրելու համար էմոցիաների սուբյեկտիվ գիտակցված փորձը[3]։ Ֆենոմենոլոգիան և հետերոֆենոմենոլոգիան փիլիսոփայական մոտեցումներ են, որոնք տալիս են զգացմունքների մասին որոշ հիմնական գիտելիքներ։ Հոգեթերապիայի մի շարք դպրոցներում թերապևտները ձեռք են բերում իրենց հիվանդների զգացմունքների մասին որոշակի գաղափարներ, որի շնորհիվ էլ առկա է մեթոդաբանություն տերմինը։ Զգացմունքներ կիսելու կամ այլ մարդկանց զգացմունքները հասկանալու մեջ որոշակի դեր ունեն նաև ներանձնային հարաբերությունների մասին որոշ թեորիաներ։ Ֆիզիկական աշխարհի մասին իմացությունը անպայմանորեն չի առաջանում համամարդկային ռեակցիաներում, սակայն տարբեր է լինում՝ կախված, թե ով ինչպես է հսկում իրավիճակը, ինչպես է իրավիճակը կապված ընդունողի նախկին փորձերի հետ և մի շարք այլ գործոններով։ Զգացմունքները նաև գիտակցական վիճակներ են, որոնք կարող են առաջանալ հույզերի, տրամադրության կամ ցանկությունների ժամանակ։