From Wikipedia, the free encyclopedia
Երկրաշարժի կանխատեսումը ենթադրություն է, որ որոշակի մագնիտուդով երկրաշարժ տեղի կունենա որոշակի վայրում որոշակի ժամանակում (կամ որոշակի ժամանակային միջակայքում)։ Չնայած սեյսմոլոգների զգալի հետազոտական ջանքերին, առայժմ հնարավոր չէ նման կանխատեսում տալ մեկ օրվա կամ ամսվա ճշտությամբ[1] և հասնել նրան, որ կանխված կորուստները հետևողականորեն գերազանցեն կեղծ ահազանգերի տնտեսական վնասը։
Երկրաշարժերից վնասները նվազագույնի հասցնել հնարավոր չէ, խնդիրը լուծելը բարդ է և մեծ գումարներ է պահանջում։ Ամենից հաճախ ֆինանսի ձեռքբերման հնարավորությունը, որն անհրաժեշտ է հետազոտություններ կատարելու համար, որոշվում է օբյեկտի կարևորությամբ և ռիսկի մակարդակով, որը կարելի է ընդունելի համարել դրա ոչնչացման դեպքում։ Որքան շատ գիտնականները իմանան երկրաշարժերի մասին, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենան նվազեցնելու դրանց պատճառած վնասները։ Ուսումնասիրման համար նախատեսված գործիքները կազմված են հատուկ քարտեզների տեսքով, որոնք ցույց են տալիս սեյսմիկ վտանգի տարածական-ժամանակային բաշխումը կամ ցնցումների ամենահավանական ուժը։ Այս քարտեզները կառուցված են արդեն տեղի ունեցած երկրաշարժերի մասին տեղեկույթի հիման վրա։ Ըստ այդմ՝ որքան շատ լինեն դրանց մասին տվյալները, այնքան ավելի բարձր կլինի կանխատեսման ճշգրտությունը։ Այնուամենայնիվ, միշտ չէ, որ տեղեկություններ կան երկրաշարժերի մասին, ոչ թե այն պատճառով, որ դրանք տեղի չեն ունեցել, այլ այն պատճառով, որ գործիքային սեյսմիկ դիտարկումներ են իրականացվել միայն վերջին հարյուր տարվա ընթացքում, և չկան ստույգ տվյալներ երկրաշարժերի պարամետրերի վերաբերյալ (էպիկենտրոնի կոորդինատներ, կիզակետային խորություն, հզորություն) նախորդ ժամանակաշրջանի համար[2]։
Գիտնականները դեռևս չգիտեն երկրաշարժերի հետ կապված ֆիզիկական պրոցեսների բոլոր մանրամասները և այն մեթոդները, որոնցով հնարավոր է դրանք ճշգրիտ կանխատեսել։ Մի շարք երևույթներ այժմ համարվում են երկրաշարժերի հավանական նախադրյալներ՝ իոնոլորտի փոփոխություններ, էլեկտրամագնիսական տարբեր տիպի ցուցիչներ, այդ թվում՝ ինֆրակարմիր ճառագայթներ, ռադիոալիքներ, ռադոնի արտանետումներ, կենդանիների տարօրինակ վարքագիծ։
Երկարաժամկետ կանխատեսումներում (տարիներ կամ տասնամյակներ) հաջողության հասնելը շատ ավելի հավանական է, քան ամսական ճշգրտությամբ կանխատեսման հասնելը։ Ճշգրիտ կարճաժամկետ կանխատեսումներ (ժամերից օրեր) այս պահին հնարավոր չէ։
Որպես երկրաշարժերի կանխատեսման գիտական աշխատանքի մաս՝ սեյսմոլոգներն ուսումնասիրել են գալիք երկրաշարժի կապը երկրակեղևի շարժման[3][4], հորերի ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխության[5], ռադոնի կամ ջրածնի արտազատման[6][7], էլեկտրամագնիսական դաշտերի կողմից սեյսմիկ ալիքների արագացման[8], էլեկտրամագնիսական դաշտերի (սեյսմաէլեկտրամագնիսականություն)[9], հողի ջերմաստիճանի լայնածավալ փոփոխությունների[10], իոնների կոնցենտրացիաների փոփոխությունների հետ իոնոլորտում[10]։
Երկրաշարժի գործընթացների առեղծվածը հաճախ դրդում է մարդկանց, ովքեր հատուկ պատրաստված չեն այդ նպատակով, պնդել, որ գտել են երկրաշարժի կանխատեսման խնդրի լուծումը։ Երկրաշարժի կանխատեսման նրանց ֆանտաստիկ տեսությունները ներառում են եղանակային պայմանները և արտասովոր ամպերը, լուսնի փուլերը[11]։ Բայց սրանք բոլորը կեղծ գիտական տեսություններ են[12]։
ԱՄՆ-ում երկրաշարժերի կանխատեսման խնդիրը բարձրացվել է 1960-ական թվականների կեսերին։ Շատ կոնֆերանսներ անցկացվել են Ճապոնիայի հետ համատեղ, սակայն լուրջ արդյունքներ չեն գրանցվել մինչև 1977 թվականին Երկրաշարժի վտանգի նվազեցման ազգային ծրագրի (անգլ.՝ National Earthquake Hazards Reduction Program) ստեղծումը[13]։ Այդ ծրագրի նպատակներից մեկը երկրաշարժերի կանխատեսման տեխնիկայի և վաղ նախազգուշացման համակարգերի մշակումն էր[14]։ Այնուամենայնիվ, 1990 թվականին գործողությունների վեկտորը կանխատեսումից տեղափոխվեց վնասի մեղմացման վրա[15]։
1984 թվականին սկսվել է Փարքֆիլդի փորձը[16], սակայն այն չկարողացավ ճիշտ կանխատեսել երկրաշարժ Սան Անդրեասի խզվածքի վրա[17]։ 1995 թվականին Գիտությունների ազգային ակադեմիան անցկացրեց կոլոկվիում «Երկրաշարժերի կանխատեսում. մարտահրավեր գիտության համար» թեմայով, որը չէր կարողացել տրամադրել որևէ նոր տեղեկություն կանխատեսման համար[18]։
Ճապոնիայում երկրաշարժերի կանխատեսման ծրագիրը սկսվել է 1964 թվականին[19]՝ հնգամյա ծրագրով[20]։ 1978 թվականին ծրագիրը կանխատեսել է 8 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ Տոկայում՝ Տոկիոյի մերձակայքում, որը կարող էր դառնալ Ճապոնիայի և ամբողջ համաշխարհային տնտեսության պատմության մեջ ամենամեծ աղետը։ Այժմ Ճապոնիան ունի սեյսմիկ ալիքների գրանցման, երկրակեղևի դեֆորմացիաների հայտնաբերման, ստորերկրյա ջրերի հատկությունների և էլեկտրամագնիսական փոփոխությունների ուսումնասիրման լավագույն համակարգը[21]։ Այս ամենը երկրաշարժերի նախապատրաստման գործընթացները հասկանալու հսկայական ջանքերի մի մասն է։
Գերմանացի գիտնականները, որոնք երկար ժամանակ ուսումնասիրել են մրջյունների վարքագիծը սեյսմիկ ակտիվության տարբեր ժամանակահատվածներում, եզրակացրել են, որ նրանք փոխել են իրենց կենսակերպը միայն երկրաշարժի նախօրեին, որի ուժգնությունը եղել է առնվազն 2 բալ։ Ըստ Դույսբուրգի համալսարանի գիտնականների՝ մրջյունների վարքագծի մեջ նկատվել է ակտիվության և հանգստության փուլերի կայուն փոփոխություն. երկրաշարժից մի քանի ժամ առաջ քնի փուլի փոխարեն տեղի է ունեցել ակտիվության դրսևորում։ Ակտիվություն չի դիտվել 24 ժամվա ընթացքում։ Մասնագետների կարծիքով՝ դա բացատրվում է նրանով, որ երկրաշարժից առաջ կարող են թունավոր գազ արտանետվել՝ մարդկանց համար անտեսանելի, բայց որոնք ազդում են մրջյունների վարքագծի վրա[22]։
2013 թվականին, Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, որոշվեց ավելի քան 300 միլիոն դոլար ներդնել սեյսմիկ ցնցումների կանխատեսման համար. Երկրի ամենավտանգավոր շրջաններում ստեղծվել է մոնիտորինգի 5000 կայաններից բաղկացած ցանց, որի նպատակն է ուժեղ երկրաշարժերի վաղ նախազգուշացումը[23]։
Ռուս գիտնականները երկրաշարժերի պրեկուրսորների վերլուծության համալիր մեթոդ են մշակել, որը հնարավորություն է տվել ստեղծել ուժեղ ցնցումների կարճաժամկետ կանխատեսման աշխատանքային համակարգ։ Ըստ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Սերգեյ Պուլինեցի՝ արբանյակային տեխնոլոգիաներն օգտագործվում են իոնոսֆերայի ընդհանուր էլեկտրոնի պարունակությունը, ինչպես նաև մթնոլորտի ստորին շերտերում ջերմաստիճանը և մի շարք այլ տեխնոլոգիաներ վերահսկելու համար։ Այս փուլում գիտնականները կարող են կանխատեսել 5,5 մագնիտուդից մեծ երկրաշարժեր՝ մինչև հինգ օր ճշգրտությամբ, իսկ վիճակագրության համաձայն՝ կանխատեսումների միայն 60%-ն է հաջողված[24]։
2010 թվականին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի ամբիոնի վարիչ Գենադի Սոբոլևը «Ռուսաստանում երկրաշարժերի կանխատեսում» կոնֆերանսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը չունի երկրակեղևի տեղաշարժերը վերահսկելու կայաններ։ Նրա խոսքով, սեյսմոլոգները բավարար սարքավորումներ չեն ունեցել ստորգետնյա գործունեությունը վերահսկելու համար[25]։
2011 թվականին Երկրի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Ռոգոժինը «Երկրաշարժերի կանխատեսում. պատրա՞ստ են Ռուսաստանն ու աշխարհը դրանց» կոնֆերանսում հայտարարեց, որ պրեկուրսորների ուսումնասիրության թույլ կողմն այն է, որ Ռուսաստանում չկա հատուկ ծառայություն, որը կիրականացնի բոլոր պրեկուրսորների համալիր մոնիտորինգ[26]։
2012 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի և Երկրաբանության, երկրաֆիզիկայի և հանքային ռեսուրսների Սիբիրի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները մշակել են մոնիտորինգի ակտիվ մեթոդ, որն օգտագործում է մինչև 100 տոննա հզորությամբ թրթռման աղբյուրներ՝ երկրաշարժերը կանխատեսելու համար։ Վիբրացիայի աղբյուրները հնարավորություն են տալիս տվյալներ ստանալ երկրի ընդերքի կառուցվածքի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, երկրաշարժերի կանխատեսման համակարգի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են Բիստրովկայի տարածքում[27]։
Շատ երկրաշարժերի, հատկապես խոշոր երկրաշարժերի, նախորդել են տարածքին ոչ բնորոշ որոշ երեւույթներ։ 17-21-րդ դարերի խոշոր երկրաշարժերի տվյալների, ինչպես նաև երկրաշարժերի հետ կապված իրադարձություններ հիշատակող տարեգրությունների համակարգման արդյունքում հաստատվել են մի շարք բնորոշ երևույթներ, որոնք կարող են ծառայել որպես երկրաշարժերի գործառնական նախադրյալներ։ Քանի որ երկրաշարժերն ունեն առաջացման տարբեր մեխանիզմներ և տեղի են ունենում տարբեր երկրաբանական պայմաններում, օրվա և տարվա տարբեր ժամանակներում, կարող են տարբեր լինել նաև ուղեկցող երևույթները։
2010-ականների սկզբի գրեթե բոլոր նախադրյալ երևույթները գիտական բացատրություն ունեն։ Այնուամենայնիվ, չափազանց հազվադեպ են դրանք օգտագործել արագ նախազգուշացման համար, քանի որ նախորդող երևույթները հատուկ չեն երկրաշարժերին։ Օրինակ՝ մթնոլորտային լույսի երևույթները կարող են առաջանալ գեոմագնիսական փոթորիկների ժամանակաշրջաններում կամ կրել տեխնածին բնույթ, իսկ կենդանիների զանգվածային անկարգությունները կարող են առաջանալ մոտեցող ցիկլոնի պատճառով։
Ներկայումս բացահայտված են հետևյալ երևույթները, որոնք կարող են ծառայել որպես երկրաշարժերի նախադրյալներ՝ ֆորշոկներ, անոմալ մթնոլորտային երևույթներ, ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխություններ, կենդանիների անհանգիստ վարքագիծ։
Իտալիայի սեյսմիկ ակտիվ շրջանում կենդանիների՝ վեց կովերի, հինգ ոչխարների և երկու շների վարքագծի ֆիքսված սենսորների օգտագործմամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ երկրաշարժից ամենաշատը 20 ժամ առաջ նրանց վարքագիծը փոխվում է․ որքան մոտ է էպիկենտրոնը, այնքան ավելի վաղ են տեղի ունենում փոփոխությունները։ Ամենազգայունը շներն են, որոնց հաջորդում են կովերը[28][29]։
Նախալեռնային ցնցումները կամ ֆորշոկները չափավոր երկրաշարժեր են, որոնք նախորդում են ուժեղ երկրաշարժին։ ֆորշոկային բարձր ակտիվությունը՝ այլ երևույթների հետ համակցված, կարող է ծառայել որպես օպերատիվ ազդակ։ Օրինակ, Չինաստանի սեյսմոլոգիական բյուրոն այս հիմքով սկսեց տարհանել մեկ միլիոն մարդու 1975 թվականի[30] ուժեղ երկրաշարժից մեկ օր առաջ[1]։
Թեև խոշոր երկրաշարժերի կեսին նախորդում են ֆորշոկներ, սակայն դրանք կազմում են երկրաշաժերի ընդհանուր թվի միայն 5-10%-ը։ Սրա հետևանքով լինում են կեղծ ահազանգեր[1][31][32]։
Հին ժամանակներից նկատվել է, որ շատ մեծ երկրաշարժերին նախորդում են մթնոլորտում օպտիկական երևույթներ, որոնք անսովոր են տվյալ տարածքի համար՝ բևեռափայլերի նման փայլատակումներ, լույսի սյուներ, տարօրինակ ձևի ամպեր։ Նրանք հայտնվում են ցնցումներից անմիջապես առաջ, բայց երբեմն դրանք կարող են առաջանալ մի քանի օր առաջ։ Քանի որ այս երևույթները սովորաբար պատահաբար նկատվում են հատուկ պատրաստվածություն չունեցող մարդկանց կողմից, ովքեր չեն կարող օբյեկտիվ նկարագրություն տալ մինչև շարժական ֆոտո և վիդեո սարքերի զանգվածային հայտնվելը, նման տեղեկատվության վերլուծությունը շատ դժվար է։ Միայն վերջին տասնամյակում, արբանյակային մթնոլորտի մոնիտորինգի, շարժական լուսանկարչության և մեքենայի դիպչող տեսախցիկների մշակմամբ, անսովոր նախաերկրաշարժային օպտիկական երևույթները հուսալիորեն գրանցվել են, հատկապես Սիչուանի երկրաշարժից առաջ։
Ժամանակակից հասկացությունների համաձայն, մթնոլորտում արտասովոր օպտիկական երևույթները կապված են ապագա երկրաշարժի գոտում այնպիսի գործընթացների հետ, ինչպիսիք են.
Այն հաստատվել է այն բանից հետո, երբ բազմաթիվ խոշոր երկրաշարժերին նախորդել են ստորերկրյա ջրերի մակարդակի աննորմալ փոփոխություններ՝ ինչպես հորերում և հորատանցքերում, այնպես էլ աղբյուրներում։ Մասնավորապես, Չույայի երկրաշարժից առաջ հողի մակերեսի վրա տեղ-տեղ հանկարծակի հայտնվեցին բազմաթիվ աղբյուրներ, որոնցից ջուրը սկսեց բավականին արագ հոսել։ Այնուամենայնիվ, երկրաշարժերի զգալի մասը չի առաջացրել ջրատար հորիզոնների փոփոխություններ։
Հուսալիորեն փաստագրված է, որ շատ ուժեղ երկրաշարժերի հիմնական ցնցումներին նախորդում է կենդանիների անբացատրելի անհանգստությունը։ Ամենայն հավանականությամբ, կենդանիները զգում են անսովոր թրթռումներ կամ արձագանքում են ինֆրաձայնային թրթիռներին։ Դա նկատվել է, օրինակ, 1927 թվականի Ղրիմի երկրաշարժերի ժամանակ, Աշխաբադի երկրաշարժից առաջ և Չուի երկրաշարժից առաջ։ Բայց մինչ Սպիտակի երկրաշարժը և Նեֆտեգորսկի երկրաշարժը կենդանիների զանգվածային անոմալ վարքագիծ չի նկատվել։
2011 թվականի սեպտեմբերի 20-ին իտալացի վեց հրաբխային երկրաֆիզիկոսներ դատարանի առաջ կանգնեցին Լ'Աքվիլայի երկրաշարժի (2009 թվական) աղետալի հետևանքները չկանխատեսելու մեղադրանքով։
Մի շարք երկրաշարժերից հետո (որոնցից մի քանիսը որոշակի վնաս են հասցնել շենքերին), որոշ տեղական ղեկավարներ տարհանենլ են բնակչությանը։ Որոշ ժամանակ անց տեղի ունեցավ 7.3 մագնիտուդ ուժգնությամբ մեծ երկրաշարժ։ Ու թեև մի քանի տարի առաջ խոսվում էր Չինաստանի հյուսիս-արևելքում նման երկրաշարժի հավանականության մասին, սակայն կոնկրետ կանխատեսում չէր ձևակերպվել։
Սակայն Տանգշանի երկրաշարժը, որը պաշտոնական տվյալներով 242 հազար մարդու կյանք է խլել, հնարավոր չի եղել կանխատեսել։ Որոշ ժամանակ այդ փաստը կասկածի տակ է դրել երկրաշարժերի կանխատեսման հետազոտությունները։
1892 թվականին Ճապոնիայի կառավարությունը հիմնել է Կայսերական երկրաշարժերի հետազոտման կոմիտեն՝ M8.0 Նոբի ավերիչ երկրաշարժից հետո (1891) (Mino-Owari)[34]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.