From Wikipedia, the free encyclopedia
Երկիր ավետյաց (լեհ.՝ Ziemia obiecana), լեհական ֆիլմ-դրամա, որ 1974 թվականին նկարահանել է ժամանակակից լեհ նշանավոր կինոռեժիսոր Անջեյ Վայդան Նոբելյան մրցանակի դափնեկիր լեհ գրող Վլադիսլավ Ռեյմոնտի նույնանուն վեպի հիման վրա (վերնագիրն ունի հեգնական երանգ)։ Գործողությունները ծավալվում են 19-րդ դարի 80-ական թվականներին, արդյունաբերական Լոձ քաղաքում, դեռևս հում կապիտալիզմի պայմաններում։ Երեք ընկեր՝ լեհ շլյախտիչի զավակ Կարոլ Բորովեցկին (Դանիել Օլբրիխսկի), գերմանացի ֆաբրիկատիրոջ որդի Մաքս Բաումը (Անջեյ Սևերին) և հրեա Մորից Վելտը (Վոյցեխ Պշոնյակ) մտադրվում են հիմնել իրենց սեփական ֆաբրիկան։ Եվ, ինչպես սովորաբար է լինում, անհրաժեշտ նախնական կապիտալի կուտակումն ուղեկցվում է բարոյական զգալի կորուստներով։ Մորիցը, ստիպված, դիմում է վտանգավոր արկածախնդրության, Կարոլը զոհաբերում է իր սերը, սիրուհուն, որ հրեա մեծահարուստի կին էր, օգտագործում է որպես միջոց անձնական հաջողության հասնելու համար, կեղծ վկայություն է տալիս Աստվածաշնչի վրա երդվելով... Կինոնկարի վերջում հարստացած, բայց հոգեպես ընկած, խեղաթյուրված հերոսները հրաման են տալիս գնդակոծելու բողոքի ցույցի դուրս եկած բանվորներին։
Վայդան ներկայացրել է քաղաքի ցնցող պատկերը՝ կողտոտ ու վտանգներով լեցուն ֆաբրիկաներով և մեծահարուստների ցուցադրական-շքեղ տներով՝ զուրկ ճաշակից ու կուլտուրայից[5] : Կինոռեժիսորը գնացել է Չարլզ Դիքենսի, Էմիլ Զոլայի, Մաքսիմ Գորկու ոտնահետքերով։ Ֆիլմում զգացվում է նաև գերմանացի էքսպրեսիոնիստների՝ Կնոպֆի, Մայդների, Գրոշի ազդեցությունը, ովքեր իրենց ստեղծագործություններում արտացոլել են սոցիալական բողոքը[6]։
2015 թվականին Լոձի Լեհական կինեմատոգրաֆիայի թանգարանի անցկացրած հարցումների արդյունքներով Երկիր ավետյաց ֆիլմը առաջին տեղն է զբաղեցրել բոլոր ժամանակների լեհական լավագույն կինոնկարների ցանկում[7][8]։
1975 թվականին Մոսկվայի միջազգային 9-րդ կինոփառատոնում «Երկիր ավետյաց» կինոնկարն արժանացել է ոսկե մրցանակի[9]։ Ֆիլմը առաջադրվել է «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[10][11]։
1975 թվականին Գդանսկում անցկացված լեհական խաղարկային ֆիլմերի 2-րդ փառատոնում «Երկիր ավետյաց»-ին շնորհվել է գլխավոր՝ «Ոսկե առյուծներ» մրցանակը։ Բացի այդ, մրցանակներ են ստացել կինոդերասան Վոյցեխ Պշոնյակը («Տղամարդու դերի լավագույն կատարում» անվանակարգում՝ Մորից Վելտի կերպարը վարպետորեն մարմնավորելու համար), բեմադրող նկարիչ Թադեուշ Կոսարևիչը, երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Վոյցեխ Կիլարը (ֆիլմում հնչող վալսը նրա լավագույն ստեղծագործություններից մեկն է համարվում)։
1976 թվականին Վալյադոլիդի կինոփառատոնում Անջեյ Վայդայի «Երկիր ավետյաց»-ը արժանացել է «Ոսկե հասկ» մրցանակի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.