Եկեղեցու հայրեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Եկեղեցու հայրեր, առաքինազարդ կյանքով ու վարքով հռչակված անձնավորություններ, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել իբրև հավատի հիմնական սկզբունքների ճշմարիտ և ուղղափառ երաշխավորներ, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ ու ավանդապահներ, եկեղեցու ծառայությանը նվիրված և եկեղեցական նվիրապետության պատասխանատու դեմքեր։ Արդի իմաստով եկեղեցական հայր հասկացությունն առաջին անգամ օգտագործել է Վիկենտիոս Լիրինացին (5-րդ դար)։ Նա Եկեղեցական հայրերին տարբերակել է եկեղեցական գրողներից և եկեղեցական գրող է կոչել քրիստոնեական այն մատենագիրներին, որոնք չունեն կյանքի սրբություն և ուղղափառ վարդապետություն։ Հայրաբանության համար Եկեղեցական հայրերը եկեղեցական գրողներ են, որոնց թողած գրական ժառանգությունը կազմում է հայրաբանական գրականությունը։
Կաթոլիկ աստվածաբանները Եկեղեցական հայրեր են կոչում միայն այն հայրապետներին, որոնք իրենց կյանքի և գործունեության մեջ միացրել են չորս անհրաժեշտ չափանիշներ՝
Օրթոդոքս հայրաբանները, որոշ վերապահումներով ընդունելով 1-3 կետերը, մերժում են 4-րդ կետի անհրաժեշտությունը այն հիմնական փաստարկով, թե եկեղեցին ապրել և ապրում է հայրերով, և որ Եկեղեցական հայրեր գոյություն են ունեցել բոլոր ժամանակներում և պիտի ծնվեն ապագայում էլ այնքան ժամանակ, որքան Սուրբ Հոգին շարունակի հովանավորել Քրիստոսի երկրային եկեղեցուն։
Ժամանակի ընթացքում քրիստոնեական եկեղեցին եկեղեցու նշանավոր հայրերից կազմել է մի փոքր խումբ՝ Եկեղեցու մեծ հայրեր, Եկեղեցու վարդապետներ անվանումներով։ Արևելքի չորս մեծ հայրերն են Աթանաս Ալեքսանդրացին, Բարսեղ Կեսարացին, Հովհան Ոսկեբերանը և Կյուրեղ Ալեքսանդրացին։ Արևմտյան եկեղեցին ևս ճանաչում է համաքրիստոնեական նշանակություն ունեցող Արևելքի այս չորս մեծ հայրապետներին։ 800-ական թվականներին Հովհաննես Վանականը Ամբրոսիոսին, Օգոստինոսին, Հերոնիմոսին և Գրիգոր Մեծին համարել է աշխարհի և կրոնական գիտությունների մեծագույն իմաստուններ իբրև դրախտի չորս մեծ գետերը։ 11-րդ դարից սկսած Արևմուտքում այս չորսը կոչվում են Եկեղեցու վարդապետներ, իսկ Բոնիփատիոս VIII պապը 1296-ին նրանց դասակարգել է առաքյալներից անմիջապես հետո և կոչել Եկեղեցու նշանավոր վարդապետներ։
Հետագայում պապական հատուկ որոշումներով և հռչակումներով Հռոմի եկեղեցու վարդապետների կարգին են դասվել նաև Թովմա Աքվինացին, Բոնավենտուրասը, Ֆրանցիսկոս Սալեցին և ուրիշներ, իսկ արևելյան հայրերից, բացի Արևելքի չորս մեծ հայրերից, նաև Եփրեմ Ասորին, Կյուրեղ Երուսաղեմացին, Գրիգոր Նազիանզացին, Հովհան Դամասկացին և Իսահակ Նինվեցին (Իսահակ Նինվեցու հոգեշահ աղոթքներն ու մտորումները)։ Հայ եկեղեցին ունի Եկեղեցական հայրերի և եկեղեցու վարդապետների մի ցանկ ՛՛երկոտասան վարդապետք՛՛ անվամբ, որն արևելյան և արևմտյան քրիստոնեական մտածողությունների համադրություն է։ Նրանում ընդգրկված են Ընդհանրական եկեղեցու հինգ տիեզերական աթոռների՝ Ալեքսանդրիայի, Անտիոքի, Երուսաղեմի, Կոստանդնուպոլսի և Հռոմի, ինչպես նաև Աթենքի, Կեսարիայի, Կիպրոսի մեծահռչակ հայրապետները։ Հայ եկեղեցու կողմից ընդունված այդ հայրերն են Ռեթեոս Աթենացին (1-ին դար, Աթենքի հայրապետ), Դիոնիսիոս Արիոպագացին, Սեղբեստրոսը (3-րդ դար, Հռոմի հայրապետ), Աթանաս Ալեքսանդրացին, Կյուրեղ Երուսաղեմացին, Եփրեմ Ասորին, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր Նազիանզացին, Եպիփան Կիպրացին, Հովհան Ոսկեբերանը և Կյուրեղ Ալեքսանդրացին (Հայ եկեղեցին նրանց հիշատակը նշում է հոկտեմբեր վերջին շաբաթ օրը)։
Հայկական մի շարք ձեռագրերում (Մատենադարան, ձեռ. դդ 605, 625 ևն) Աթանաս Ալեքսանդրացին, Կյուրեղ Երուսաղեմացին, Բարսեղ Կեսարացին և Գրիգոր Նազիանզացին (Աստվածաբան) անվանվում են «գլուխ երկոտասան վարդապետաց» կամ «գերագոյնք» վարդապետներ։ Համաքրիստ. հայրերի այս ցանկին հայոց Տոնացույցն ավելացրել է նաև զուտ հայ վարդապետների և հայրերի մի ցանկ՝ «թարգմանիչ վարդապետք» անվան ներքո, որոնք են Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Մովսես Քերթողը, Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Գ Օձնեցին, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Հայ եկեղեցու Ձեռնադրության Մաշտոցում կա օտար ու հայ՝ Եկեղեցու վարդապետների մեկ այլ ցանկ, որի մեջ մտել են Տոնացույցի 12 վարդապետները, ինչպես նաև Գրիգոր Սքանչելագործը և Հակոբ Մծբնացին։ Մաշտոցի ցանկից դուրս են մնացել Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին։ Թարգմանիչ վարդապետներից հիշվում են Սահակ Ա Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը։ Ըստ Մաշտոցի, Հայ եկեղեցու վարդապետներն են Գրիգոր Ա Լուսավորիչը, «որդիք և թոռունք Լուսավորչի», Հովհաննես Գ Օձնեցին, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Համադրելով Տոնացույցի և Ձեռնադրության Մաշտոցի տվյալները՝ կազմվում է Հայ եկեղեցու վարդապետների ու հայրերի մի ցանկ՝ Գրիգոր Ա Լուսավորիչ, «որդիք և թոռունք Լուսավորչի», Սահակ Ա Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Եղիշե, Մովսես Քերթող, Դավիթ Անհաղթ, Հովհաննես Գ Օձնեցի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի։ Թովմա Մեծոփեցին վարդապետների թվում հիշում է նաև Ստեփանոս Սյունեցուն, որը, սակայն, չի մտել Տոնացույց։ Ընդհանրական եկեղեցու «երկոտասան վարդապետներից» և եկեղեցական հայրերից բացի Հայ եկեղեցին սրբերի կարգն է դասել նաև Առաքելական հայրեր ընդհանուր անունով հայտնի, I–II դդ. երեք հայրապետներին՝ Կղեմես Հռոմեացուն կամ Հռոմայեցուն (հիշատակը նշվում է Հիսնակաց առաջին կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը), Իգնատիոս Անտիոքացուն (հիշատակը՝ Հիսնակաց չորրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը) և Պողիկարպոս Զմյուռնացուն (հիշատակը՝ Հիսնակաց երրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը)։ Մյուս եկեղեցիների համար Առաքելական հայր են համարվում նաև Բառնաբասը, Հերմասը և Պապիասը (երեքն էլ՝ II դ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 497)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկեղեցու հայրեր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.