Ելտըզի մահափորձ
Աբդուլ-Համիդ II-ի մահափորձ / From Wikipedia, the free encyclopedia
Ելտըզի մահափորձ կամ Ելդըզի մահափորձ, որն իրականացվել է 1905 թվականին Ելտըզի պալատի մոտ գտնվող Սուլթանիե մզկիթի բակում[6]։ Դեռևս 1896 թվականին՝ Համիդյան կոտորածներից հետո, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Հնչակյան կուսակցությունն իրարից անկախ ընդունել էին Աբդուլ Համիդ II-ին մահապատժի ենթարկելու որոշում։ Այդ ժամանակ՝ 1896 թվականի փետրվարին, ՀՅԴ-ն ամենամոտն էր Աբդուլ Համիդի մահապատժի իրականացմանը, սակայն նոր կոտորածների տեղիք չտալու համար ծրագիրը հետաձգվել է։
Ելտըզի մահափորձ | |
---|---|
Քրիստափոր Միքայելյանը՝ Ելտըզի մահափորձի գործողության նախագծողը (ձախից) և Աբդուլ Համիդ II-ը՝ մահափորձի թիրախը (աջից) | |
Տեսակ | Մահափորձ |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Գրոհի վայր | Կոստանդնուպոլիս |
Տեղադրանք | Ելտըզի Սուլթանիե մզկիթ |
Գրոհի նպատակ | Աբդու Համիդի սպանություն |
Տարեթիվ | 1905 թվական հուլիսի 21[1] |
Զենք | Մելինիտ պայթուցիկ նյութ |
Զոհվածներ | 26 զոհ[1] |
Վիրավորներ | 59 վիրավոր[1] |
Ահաբեկիչներ | Չարլզ Էդուարդ Ժորիս |
Կազմակերպիչներ | Հայ հեղափոխական դաշնակցություն (մասնավորապես՝ Քրիստափոր Միքայելյան, Չարլզ Էդուարդ Ժորիս, Ռուբինա Արեշյան-Օհանջանյան[2][3], Անտոն Գոշ[4][5], Սաֆո և այլն) |
Պատանդներ | չկան |
Կասկածյալ | Չարլզ Էդուարդ Ժորիս |
Yıldız assassination attempt Վիքիպահեստում |
Հետագայում Քրիստափոր Միքայելյանի կողմից այս հարցը վերաբացվել է։ Նրա համար սկզբունքային էր ձևավորել մի խումբ, անցնել Կոստանդնուպոլիս և իրականացնել Աբդուլ Համիդի սպանությունը։ ՀՅԴ-ի 4-րդ ընդհանուր ժողովի ժամանակ՝ 1904 թվականին, երբ զուգահեռ ընթանում էր Սասունի ապստամբությունը, նորից որոշում է ընդունվել պատուհասել սուլթանին, ինչը պետք է լրացուցիչ հնչեղություն հաղորդեր Սասունի ապստամբությանը և այն դարձներ միջազգային խնդիր։
Կազմավորվել է Ցուցական մարմինը, որի ղեկավար է դառնում Քրիստափոր Միքայելյանը։ Նա ահաբեկչությունը կազմակերպող և իրականացնող խումբ է ձևավորել, որոնց մեջ էին Սաֆոն (Մարտիրոս Մարգարյան), Սև Աշոտը (Կարապետ Եղիկյան), Թորգոմը (Արտաշես Սերեմճյան), Հոնան Դավթյանը և այլն։ Այս կազմը հետագայում փոփոխությունների է ենթարկվել․ անդամագրվել են նաև Ռուբինա Արեշյանը, Մարի Զայցը, տիկին Անչուկովան, Քրիս Ֆանարջյանը, Համբարձում Աղաջանյանը (Կարո), Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս), Լևոն Գյուլումյանը, Գրիգոր Սայանը (Ջահիլ), Սամաթիացի Զարեհը, Արամ Անդրեսայանը և այլք։ Ցուցական մարմնին տրամադրվել է 50 հազար ռուսական ոսկե ռուբլի։
Գործողությունն ստացել է «Նժույգի գործ» անվանումը, որի միայն մի մասն էր կազմում Ելտըզի մահափորձը։ Խմբի անդմաները օտարերկրացիների անվանումներով մուտք են գործել Կոստանդնուպոլիս և սկսել իրականացնել ահաբեկչության պատրաստությունները։ Որոշվել է երկու ձևով միաժամանակ կատարել հարձակում․ սուլթանի վրա ձեռնառումբեր նետել և կառքի մեջ մեծ քանակությամբ մելինիտ պայթուցիկ նյութ դնելով՝ պայթեցնել այն, երբ սուլթանը կլիներ ամենափոքր հեռավորության վրա։ Քրիստափոր Միքայելյանը, որը ձեռնառումբերը փորձարկելու նպատակով գնացել էր Բուլղարիա, մարտի 4-ին Սոֆիայի մոտ գտնվող Վիտոշ լեռան լանջին փորձերը իրականացնելու ժամանակ նահատակվել է․ նրա հետ մահացել է նաև խմբի կարևոր անդամ Վռամշապուհ Քնեդիրյանը։ Սակայն ահաբեկչությանը պատրաստվող խումը շարունակել է իր գործունեությունը և ձեռք բերել 124 կգ մելիտին, շքեղ մի կառք, որի մեջ էլ տեղադրվել է գերհզոր պայթուցիկը։
1905 թվականի հուլիսի 21-ին Ռուբինան իրականցրել է ահաբեկչական գործողությունը։ Նա ռումբի ժամացույցը լարել է մզկիթի զանգը լսելուց հետո ուղիղ 1 րոպե 48 վայրկյանի վրա և լքել կառքը։ Մինչ այդ հաշվարկվել էր, որ սուլթանը հենց այդքան ժամանակ անց էր լինում կառքից նվազագույն հեռավորության վրա։ Ռումբը պայթել է, որի հետևանքով զոհվել է 26 և վիրավորվել 59 մարդ, սակայն դրանց թվում չէր սուլթան Աբդուլ Համիդ II-ը, քանի որ սովորականից փոքր ինչ ուշ էր դուրս եկել մզկիթից՝ խոսքի բռնվելով պաշտոնյաներից մեկի հետ։
Հետագայում դատավարություն է տեղի ունեցել։ Իրականացված գործողությունից միայն մի քանի ամիս անց է պարզ դարձել, որ ահաբեկչական գործողության հետևում հայերն են կանգնած։ Ձերբակալվել է Չարլզ Էդուարդ Ժորիսը, որին հետագայում Օսմանյան կայսրությունը միջազգային ճնշման տակ արտահանձնել է եվրոպական երկրներին։