Եդոմացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Եդոմացիները Եդոմի երկիրը բնակեցնող սեմական էթնիկ խումբ։ Ըստ Աստվածաշնչի (Ծննդ. 25:30) նրանք համարվում են Հակոբի երկվորյակ եղբայր Եսավի ժառանգները, ում կոչում էին նաև Եդոմ (եբրայերեն՝ אֱדוֹם [Է՛դոմ, այսինքն՝ կարմիր], հին հունարեն՝ Ἰδουμαία [Իդումայա], լատին․՝ Idumaea [Իդումէա])[1]։ Ըստ Աստվածաշնչի՝ հրեաներն ու եդոմացիները երկու երկվորյակ եղբայրներից սերած ժողովուրդներ են։
Եդոմացիների անունը հանդիպում է ասորական հուշարձանների վրա, որտեղ այն սեպագիր լեզվով կարդացվում է որպես «ուդումի» կամ «ուդում»։ Նրանք ապրում էին Նեգևում և Հյուսիսային Սինայում, խոսում էին եդոմական լեզվով։ Երկրորդ Օրինաց գիրքը հատկապես ընդգծում է եդոմացիների և հրեաների փոխհարաբերությունները (Բ Օրինաց 23։7)։ Եդովմացիների կազմում առանձին խումբ էին կազմում ամաղեկացիները։
Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ եդոմացիները որպես ազգություն գոյություն են ունեցել Ք.ա. առնվազն 11-րդ դարից սկսած ու դադարել են գոյություն ունենալ Հռոմեական Կայսրության կողմից վարված Հրեական Պատերազմների ժամանակաշրջանում՝ Ք.հ. 66-135 թվականներին[1]։