From Wikipedia, the free encyclopedia
Դոդոշներ[1] կամ իսկական դոդոշներ[1] (լատին․՝ Bufonidae), անպոչ երկկենցաղների ընտանիք, միակը, որի բոլոր ներկայացուցիչները կոչվում են դոդոշներ, թեև նրանց որոշ տեսակների կարելի է անվանել գորտեր (օրինակ՝ ատելոպներին)։ Ավելի բարձր տաքսոնոմիական մակարդակում «դոդոշներ» տերմինի կիրառումը չի սահմանափակվում միայն այս ընտանիքով, այլ օգտագործվում է նաև ուրիշ ընտանիքների պատկանող տեսակների վերաբերյալ (օրինակ՝ դայակ-դոդոշ, թամբակիր դոդոշ, գորտանման դոդոշ, քթավոր դոդոշ)։
Դոդոշներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Երկկենցաղներ (Amphibia) |
Կարգ | Անպոչ երկկենցաղներ (Anura) |
Ենթակարգ | Neobatrachia |
Վերնաընտանիք | Hyloidea |
Ընտանիք | Դոդոշներ (Bufonidae) Gray, 1825 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Հայտնի է դոդոշների շուրջ 256, Հայաստանում՝ 1 տեսակ (կանաչ դոդոշ)։ Ջրային միջավայրին քիչ են կապված, մոտենում են միայն ձվադրման շրջանում։ Գրեթե բոլորն ունեն խոշոր հարականջային գեղձեր՝ պարոտիդներ և բնորոշվում են գորտնկիթների երիզավոր դասավորությամբ։
Դոդոշների արտաքին տեսքը և չափերը խիստ տարբեր են։ Մարմնի երկարությունը տատանվում է 20 մմ-ից (գվինեական առլեկին) մինչև 250 մմ (Բլոմբերգի դոդոշ)[2]։ Մարմինը լայն է, զանգվածեղ, վերջույթները՝ կարճ[3]։ Կողերը բացակայում են։ Մաշկը որպես կանոն, չոր է, հաստ, ծածկված է բազմաթիվ տարբեր չափերի հարթ կամ սուր գորտնուկանման ելուստներով[4]։ Լեզուն նեղ է և մեծ, ատամները մասնակի կամ լրիվ ռեդուցված են։ Բիբը հորիզոնական է, հետին վերջույթի մատները մասամբ կապված է լողաթաղանթով[5]։ Սրբոսկրային ողնաշարի լայնակի ելուստները չեն վերածվել սկավառակի[6][7]։
Աչքերի հետևում շատ լավ երևում են հարականջային գեղձերը, որոնք արևադարձային մի շարք ձևերի մոտ բացակայում են։ Այդ գեղձերը պարունակում են բուֆոտոքսին՝ ալկալոիդային թույն, որը գորտն արտազատում է սթրեսի դեպքում։ Թույնի չափաքանակը և բաղադրությունը տարբեր տեսակների մոտ տարբեր է[8]։ Որոշ դոդոշների թույնը (օրինակ՝ կոլորադյան դոդոշ) օգտագործվում է որպես ռեկրեացիոն հոգեմետ միջոց։
Դոդոշների ընտանիքի արուներն ունեն յուրօրինակ նեոթենիկ օրգան՝ Բիդերի օրգան, որը ռուդիմենտար ձվարան է, զարգանում է շերեփուկների սերմնարանների առջևի ծայրին և կարող է պահպանվել բազմաթիվ հասուն երկկենցաղների մոտ[9]։ Որոշակի պայմաններում այդ օրգանը դառնում է ակտիվ ձվարան, և արուն, ըստ էության, վերածվում է էգի[10]։
Դոդոշները գիշերային ցամաքային երկկենցաղներ են, որոնք ջուրն են մտնում միայն ձվադրման համար, չնայած կան նաև կիսաջրային (օրինակ՝ անզոնիաները) և ծառային (ծառային դոդոշներ) տեսակներ։ Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Շարժվում են ցատկելով կամ քայլելով։ Սնվում են տարբեր անողնաշարավորներով՝ միջատներով, որդերով, խխունջներով, երբեմն՝ մանր ողնաշարավորներով։ Օգտակար են նրանով, որ ոչնչացնում են գյուղատնտեսական վնասատուներին[11]։
Տեսակներից շատերին հատուկ է արտաքին բեղմնավորումը, սակայն մի քանիսի մոտ բեղմնավորումը ներքին է (Noctophrynoides, Mertensophyne micranotis): Բազմացման եղանակները տարբեր են՝ ջրում գորտնկիթ դնելուց և լողալու ընդունակ շերեփուկները դուրս գալուց մինչև ձվակենդանածնություն և ուղղակի վերերկրյա զարգացում[12]։ Ընտանիքի ներկայացուցիչների մեծ մասը ձվադրում են կանգնած կամ հոսող ջրամբարներում։ Pelophryne տեսակի ֆիլիպինյան դոդոշները ձվերը դնում են բույսերի տերևանութներում՝ մի քանի մետր բարձրության վրա։ Որոշ տեսակների շերեփուկների մոտ, որոնք ապրում են արագահոս գետակներում (Ansonia, Atelopus), զարգանում են փորային կամ որովայնային ծծիչներ, որոնց օգնությամբ նրանք ամրանում են ստորջրյա առարկաներին։
Դոդոշները տարածված են ամենուր, բացառությամբ Արկտիկայից, Անտարկտիկայից, Գրենլանդիայից, Մադագասկարից, Նոր Զելանդիայից և Խաղաղ օվկիանոսի բազմաթիվ կղզիներից[13]։ Ավստրալիայում և Գվինեայում բնակվում է Ամերիկայից ներմուծված ագա դոդոշը[14]։
Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30 % խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար։ Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.