շվեյցարացի մատենագիր From Wikipedia, the free encyclopedia
Դիբոլդ Շիլլինգ Կրտսեր (գերմ.՝ Diebold Schilling der Jüngere; անգլ.՝ Diebold Schilling the Younger, 1460[1], Ագնո - նոյեմբերի 3, 1515, Լյուցերն, Շվեյցարիա[2][3]}[3]), շվեյցարացի մատենագիր, «Լյուցեռնյան Շիլլինգ»-ի՝ շվեյցարական ամենահայտնի պատկերազարդ տարեգրություններից մեկի հեղինակ։
Դիբոլդ Շիլլինգ Կրտսեր | |
---|---|
Ծնվել է | 1460[1] |
Ծննդավայր | Ագնո |
Վախճանվել է | նոյեմբերի 3, 1515 |
Վախճանի վայր | Լյուցերն, Շվեյցարիա |
Մասնագիտություն | պատմաբան և գրող |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Diebold Schilling the Younger Վիքիպահեստում |
Ծնվել է մոտավորապես 1460 թվականին Հագենաուում (ժամանակակից Ագնո կանտոն, Ստորին Հռենոս դեպարտամենտ, Ֆրանսիա) տեղի բյուրգեր Հանս Շիլլինգի ընտանիքում, ով մինչ այդ ստացել է քաղաքային գրագրի պաշտոն Լյուցեռնում։ Շվեյցարացի հայտնի պատմաբան և մատենագիր Դիբոլդ Շիլլինգ Ավագի եղբորորդին է[4]։ Կանոնական իրավունք է սովորել նախ Բազելում, ապա Պավիայում[5]։
Բավականին սկանդալային համբավ է ունեցել, քանի որ նրա հայրը վարձկան և արկածախնդիր է եղել, ով ծառայել է Հունգարիայի թագավոր Մատյաշ Հունյադիի մոտ, սակայն 1488 թվականին վերադարձել է հայրենիք՝ որպես մուրացկան։ 1477 թվականի հունվարի 5-ին, լինելով շատ երիտասարդ, նա մասնակցել է բուրգունդացիների դեմ Նանսիի պատմական ճակատամարտին։
1479 թվականից Լյուցեռնում ծառայել է որպես քաղաքային գրագիր[4], իսկ 1482 թվականից՝ թագավորական և պապական նոտար։ 1481 թվականին ստացել է վանական աստիճան՝ 1483 թվականին դարձել է Սուրբ Պետրոսի մատուռի և Սուրբ Լեոդեգերի հոգևոր սպասավոր[2]։ Սակայն նրա բարոյական կերպարն ու պահվածքն այնքան բողոքներ են առաջացրել, որ 1487 թվականին նրան ձերբակալել են և 2 տարի բանտարկել աշտարակում, որտեղից ժամանակից շուտ ազատ են արձակել ազդեցիկ մարդկանց, այդ թվում՝ հայտնի մատենագիր և քաղաքային խորհրդի անդամ Մելխիոր Ռուսի և իր հոր երաշխավորությամբ[6]։
Ազատ արձակվելուց անմիջապես հետո նա կրկին ներքաշվել է կեղտոտ պատմության մեջ՝ հարբած ծեծկռտուքի ժամանակ սպանելով տեղի պանդոկի այցելուին, ինչի համար նրան տուգանել և ստիպել են ամեն տարի հիշատակի պատարագ մատուցել իր զոհի համար։ 1494-1497 թվականներին Շիլլինգ Կրտսերը փաստաթղթերում հիշատակվում է որպես գինու առևտրի գործարքներ կատարող նոտար[7]։
1497 թվականին աշխատանքի է անցել որպես թարգմանիչ Միլանում Շվեյցարիայի դեսպանի մոտ՝ ենթադրաբար դառնալով Միլանի դուքս Լոդովիկո Մորոյի գործակալը[2]։ Հետագայում ծառայության է անցել Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ի մոտ՝ այդպիսով դառնալով «երկու տիրոջ ծառա»[8]։
Լինելով Ֆրանսիայի եռանդուն հակառակորդ և նրա կողմնակիցների, մասնավորապես՝ Լյուցեռնի մատենագիր Պետերման Էտերլինի քննադատ, Դիբոլդ Շիլլինգ Կրտսերը բացահայտորեն համակրել է կայսր Մաքսիմիլիան I-ին, ով 1507 թվականին նրան անձամբ հրավիրել է Կոնստանցի Ռայխստագի ժողովին[6]։
Մահացել է 1515 թվականի նոյեմբերի 3-ին, ըստ այլ աղբյուրների՝ 1516-1523 թվականներին[9], Լյուցեռնում։ Թաղվել է 1633 թվականին հրդեհից ամբողջությամբ ավերված Սուրբ Լեոդեգարի եկեղեցու գերեզմանատանը, որի տեղում 1638 թվականին կառուցվել է նոր տաճար (գերեզմանը կորել է)։ Լյուցեռնում նրա տունը պահպանվել է Սանկտ Լեոդեգարշտասե 13 հասցեում։
Համարվում է «Լյուցեռնյան Շիլլինգ» կամ «Լյուցեռնյան ժամանակագրություն» (գերմ.՝ Luzerner Chronik) պատկերազարդ տարեգրության հեղինակ, որը կազմվել է 1509-1513 թվականներին[4] միջին վերինգերմաներեն լեզվով, որը 1513 թվականի հունվարի 15-ին ներկայացրել է Լյուցեռնի քաղաքային խորհրդին։ Ընդգրկելով Լյուցեռնի հիմնադրումից մինչև 1509 թվականը ընկած ժամանակահատվածը և պարունակելով 1385 թվականից սկսած բնօրինակ տեղեկություններ, որն ըստ երևույթին, մնացել է անավարտ։
Որպես պատմաբան՝ Դիբոլդ Շիլլինգ Կրտսերը նշանակալի ներդրում է ունեցել իր ժամանակի պատմագրության մեջ։ XIV-XV դարերի պատմական իրադարձությունները նկարագրելիս նա, անշուշտ, օգտագործել է Բենեդիկտ Չախտլանի ժամանակագրությունը (1470), Հարթման Շեդելի Նյուրնբերգյան ժամանակագրությունը (1493), Նիկլաուս Շրադինի Շվաբական պատերազմի հանգավորված ժամանակագրությունը (1500) և Պետերման Էտերլինի Շվեյցարիայի Համադաշնության ժամանակագրությունը (1507), միևնույն ժամանակ, նա օգտագործել է Մելխիոր Ռուսի, Հայնրիխ Գունդելֆինգենի և իր հորեղբոր Դիբոլդ Շիլլինգ Ավագի (1480-ականներ) ժամանակագրությունները, որը համարվում է հետազոտողների քննարկման առարկա[7], XV դարի վերջի - XVI դարի սկզբի որոշ իրադարձությունների մասին նա հստակ ներկայացնում է որպես ականատես։
Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձնում 1474-1513 թվականներին, մասնավորապես, Շվեյցարիայի միության արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը, ռազմական հակամարտություններին և դրանցում վարձկան շվեյցարական զորքերի մասնակցությանը։ Միևնույն ժամանակ բավական մանրամասն նկարագրում է տեղի քաղաքային, աշխարհիկ և եկեղեցական կյանքը։
Պատմաբանների համար զգալի նշանակություն ունի «Լյուցեռնի ժամանակագրության» բազմաթիվ մանրանկարները, որոնցից մագաղաթի 341 թերթերի վրա ներկայացված է ընդամենը 443-ը[10], որոնք պարունակում են քաղաքական իրադարձությունների, պետական միջոցառումների, ռազմական գործողությունների, կրոնական արարողությունների մանրամասն պատկերներ, ինչպես նաև XIV-XVI դարերի Շվեյցարական միության և հարակից պետությունների (Բուրգունդիա, Ֆրանսիա, Սրբազան Հռոմեական կայսրություն և այլն) հագուստ, զրահ, զենք, ռազմական տեխնիկա, դրոշներ, խորհրդանիշեր, ամրաշինական կառույցներ։ Այդ պատկերներում, որոնցով նկարարազարդվել են ձեռագրի թերթերի մեծ մասը, նկատելի է Վերածննդի արվեստի ազդեցությունը[11], որոնց թվում կան գոթական երկէջանոց շրջանակներով պարփակված պատկերներ։ Ենթադրվում է, որ մանրանկարների մեծ մասի հեղինակը հենց Դիբոլդ Շիլլինգն է[2], իսկ մնացածը ստեղծվել է անհայտ նկարչի կողմից[12]։
Հեղինակի ժամանակակից դարաշրջանի կյանքի որոշ մանրամասների գունեղ նկարազարդումները, սակայն, չեն կարող համարվել որպես արժանահավատ աղբյուրներ XIV-րդ դարի ավելի վաղ շրջանի և XV-րդ դարի առաջին կեսի իրողությունների ներկայացման համար[13]։
Ժամանակագրության ձեռագիրը, որը բաղկացած է 660 թերթից՝ 39,5 X 28,5 սմ ձևաչափով, պահվում է Լյուցեռնի կենտրոնական գրադարանում (Zentral und Hochschulbibliothek Luzern, Hs. S. 23)։ Դրա մեկնաբանական գիտական հրատարակությունը լույս է տեսել 1932 թվականին Ժնևում Ռոբերտ Դարերի և Պաուլ Գիլբերտի խմբագրությամբ, ֆաքսիմիլային հրատարակությունը պատրաստվել է 1977 և 1981 թվականներին Մյունխենում, Լոզանի համալսարանի արվեստի պատմաբան պրոֆեսոր Ալֆրեդ Ա. Շմիդի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.