Դանթե Ալիգիերի
From Wikipedia, the free encyclopedia
Դուրանտե դելլի Ալիգիերի (իտալ.՝ Durante degli Alighieri), Դանտե Ալիգիերի, Դանտե[14][15], Դանթե, մոտ 1265[2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][3] - սեպտեմբերի 14, 1321[4][3], Ռավեննա, Պապական մարզ[4][5][3]), միջնադարի իտալացի բանաստեղծ Ֆլորենցիայից։ Դանթեի մագնում օպուսը՝ Աստվածային կատակերգությունը (իտալերեն՝ Divina Commedia), համարվում է իտալերենով գրված ամենանշանավոր գրական գործը և համաշխարհային գրականության գլուխգործոց[16][17]։
Ուշ միջնադարում պոեզիայում գերակշռում էին լատիներեն գրվածքները, որի պատճառով դրանք հասանելի էին միայն հարուստ և կրթված ընթերցողներին։ Սակայն, De vulgari eloquentia աշխատության մեջ Դանթեն պաշտպանել է գրականության մեջ մայրենի լեզվի օգտագործումը։ Նա ինքը գործածել է նույնիսկ տոսկանյան բարբառը այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսին են «Նոր կյանքը» (1295) և վերոհիշյալ «Աստվածային կատակերգությունը». այս ընտրությունը, չնայած իր ոչ ուղղափառությանը, կարևոր նախադեպ դարձավ, որին հետևեցին իտալացի գրողներ Պետրարկան և Բոկաչչոն։ Արդյունքում, Դանթեն կարևոր դեր է խաղացել Իտալիայի ազգային լեզվի ստեղծման գործում։ Դանթեի նշանակությունը տարածվել է նաև իր երկրի սահմաններից շատ ու շատ հեռու․ նրա Դժոխքի, Քավարանի և Դրախտի պատկերների նկարագրությունը ոգեշնչել է արևմտյան բազմաթիվ արվեստագետների։ Ուսումնասիրողները նշում են նրա ազդեցությունը այնպիսի բանաստեղծների վրա, ինչպիսիք են Ջոն Միլթոնը, Ջեֆրի Չոսերը, Ալֆրեդ Թեննիսոնը և շատ ուրիշներ։ Բացի այդ, նրան է վերագրվում տերցինի օգտագործումը, որը եռատող բանաստեղծական տան տեսակ է։
Իտալիայում Դանթեին անվանում են il Sommo Poeta («Գերագույն Բանաստեղծ») և il Poeta։ Դանթեին, Պետրարկային և Բոկաչոյին անվանում են «երեք շատրվաններ»։ Դանթեին հաճախ կոչում են «իտալերենի հայր» և համարում արևմտյան քաղաքակրթության խոշորագույն գրողներից մեկը[18][19]։