գրական արվեստի պատմություն, կրթական առարկա From Wikipedia, the free encyclopedia
Գրականության պատմություն, արձակ և չափածո գրական ստեղծագործությունների պատմական զարգացում, որը կոչված է եղել ապահովելու ընթերցողի, ունկնդրի, հանդիսատեսի ժամանցը և կրթությունը, ինչպես նաև այդ ստեղծագործություններում կիրառվող գրական մեթոդների զարգացումը։ Գրականության պատմությունը սկիզբ է առել բրոնզե դարում, երբ ստեղծվել են Միջագետքի և Եգիպտական գրերը (մոտ մ․թ․ա 4-3-րդ հազարամյակներ)։ Այսպիսով, առաջին գրական ստեղծագործությունները թվագրվել են որպես մ․թ․ա XXVII-XXVI դարերի գրավոր վկայություններ։
Հին աշխարհի գրականության պատմության մեջ հիշատակվել է Հին Եգիպտոսի գրականությունը, Միջագետքի գրականությունը (շումերական, ասորա-բաբելական), խեթական, խուռիական, ուգարիտա-փյունիկյան գրականությունը։ Ասիական դասական գրականությունը հին շրջանի չինական գրականությունն է, հին հնդկական գրականությունը, հին պարսկական գրականությունը, հին հրեական գրականությունը[1][2][3]։
Հին հույների և հռոմեացիների գրականությունը զարգացել է Միջերկրական ծովի ավազանում (Բալկանյան և Ապենինյան թերակղզիները իրենց հարակից կղզիներով և ափամերձ տարածքներով)։ Հունարեն և լատիներեն գրավոր հուշարձանները վերաբերում են մ․թ․ա I հազարամյակի սկզբից մինչև մ․թ․ I հազարամյակի կեսերն ընկած ժամանակաշրջանին։ Անտիկ գրականությունը բաղկացած է երկու՝ հին հունական և հին հռոմեական ազգային գրականությունից։ Պատմականորեն հունական գրականությունը նախորդել է հռոմեականին։
Անտիկ գրականության մեջ ձևավորվել են եվրոպական գրականության հիմնական ժանրերը և գրականագիտության հիմնական տեսությունները։ Անտիկ շրջանի գեղագիտության մեջ տարբերակվել են երեք հիմնական գրական սեռեր. էպոս, քնարերգություն և դրամա։ Մինչ օրս այս դասակարգումը պահպանել է իր հիմնական նշանակությունը։
Միջնադարյան գրականությունը սկիզբ է առել ուշ անտիկ շրջանում (4- 5-րդ դարեր) և ավարտվել 15-րդ դարում։ Ամենահին աշխատությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հետագայում միջնադարյան գրականության զարգացման վրա, դարձել են քրիստոնեական Ավետարանը (1-ին դար), Ամբրոսիոս Մեդիոլանցու կրոնական փառաբանության երգերը (340- 397 թվականներ), որոնք հայտնի են «Ամբրոսյան շարականներ» անունով, Ավրելիոս Օգոստինիոսի աշխատությունները («Խոստովանություն», 400 թվական, «Աստծո քաղաքի մասին», 410- 428 թվականներ), Սոֆրոնիոս Եվսեբիոս Հիերոնիմոսի կողմից Աստվածաշնչի թարգմանությունը լատիներեն, (մինչև 410 թվականը), Լատինական եկեղեցու հայրերի և վաղ դպրության փիլիսոփաների այլ աշխատանքներ։ Միջնադարյան գրականության ծագումն ու զարգացումը որոշվում է երեք հիմնական գործոններով․
Վերածննդի դարաշրջանի գրականությունը գրականության խոշոր ուղղություն է, որը Վերածննդի դարաշրջանի մի մասն է կազմում։ Ընդգրկել է XIV-XVI դարերի ժամանակաշրջանը։ Միջնադարյան գրականությունից այն տարբերվել է նրանով, որ հիմնվել է հումանիզմի նոր, առաջադեմ գաղափարների վրա։ Վերածննդի հոմանիշը «Ռենեսսանս» բառն է, որը ֆրանսիական ծագում ունի։ «Հումանիզմ» հասկացությունն առաջին անգամ գիտնականներն օգտագործել են 19-րդ դարում[4][5]։ Այն ծագել է լատին․՝ humanitas (մարդկային բնույթ, հոգևոր մշակույթ) և լատին․՝ humanus (մարդկային) բառերից, նշանակել է մարդուն ուղղված գաղափարախոսություն։ Հումանիզմի առաջին գաղափարները սկզբում առաջացել են Իտալիայում, այնուհետև՝ տարածվել ամբողջ Եվրոպայով։ Վերածննդի գրականությունը նույնպես տարածվել է ողջ Եվրոպայով, սակայն ամեն երկրում ստացել է տվյալ երկրին հատուկ ազգային առանձնահատկություններ։ Վերածնունդ եզրույթը նշանակում է թարմացնել նկարիչների, գրողների, մտավորականների վերաբերմունքը անտիկ մշակույթի և արվեստի նկատմամբ, դրա բարձր իդեալների նմանակում[6]։
Մոդեռն գրականությունը սկզբնավորվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում։ Այս ուղղությունն առանձնանում է իր ոճով՝ հակադրվելով ավանդական գրելաոճին թե՛ չափածո, թե՛ արձակ գրականության մեջ։ Մոդեռնիստները փորձարկումներ են կատարել գրական ստեղծագործություների և դրանց արտահայտչամիջոցների հետ, որը փաստարկվել է Էզրա Փաունդի՝ «Նորացրե՛ք դա» լոզունգով։ Այս շարժումը բխել է ավանդական արտահայտչաձևերի փոփոխման և ժամանակի նոր զգացողությունների արտահայտման ձգտումից։ Առաջին համաշխարհային պատերազմի սարսափները առիթ են դարձել՝ վերանայելու հասարակական արժեքները։
Պոստմոդեռնիզմը XX դարում սկզբնավորված մշակութային շարժում է, որը սկզբունքորեն տարբերվել է մոդեռնիզմից։ Պոստմոդեռնիզմը դրսևորել է սկեպտիկ մոտեցում մշակույթի, գրականության, արվեստի, փիլիսոփայության, պատմության, տնտեսագիտության, ճարտարապետության, գրաքննադատության նկատմամբ։ Պոստմոդեռնիզմը սերտ կապակցվել է պոստստրուկտուրալիզմի հետ, քանի որ այն ծագել է ուշ՝ XX դարում, երբ լայնորեն տարածում էր գտել պոստստրուկտուրալ միտքը։ Պոստմոդեռնիզմ եզրը լայնորեն կիրառվում է թե՛ երաժշտության, թե՛ արվեստի և թե՛ այլ ոլորտներում՝ մոդեռնիստական միտումներին հակադրվելու նպատակ ունենալով։ Ներկայացրել է XX դարի երկրորդ կեսի գրականության հիմնական առանձնահատկությունները (հատվածայնություն, հեգնանք, սև հումոր և այլն)։ Պոստմոդեռնիստ գրողները պատահականությունը գերադասել են տաղանդից, իսկ ինքնաձաղկման և մետապրոզայի միջոցով կասկածի տակ են առել հեղինակային կարողությունները։ Հարցականի տակ է դրվել նաև բարձր և տարածական արվեստների միջև եղած սահմանը, որը պոստմոդեռնիստ գրողն անտեսել է՝ համատեղելով այնպիսի թեմաներ և ժանրեր, որոնք մինչ այդ չեն համապատասխանել գրականության պահանջներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.