From Wikipedia, the free encyclopedia
Գմբեթ, հիմնականում կիսագնդաձև կամ տարբեր ուռուցիկության տարածական սնամեջ ծածկ կամ ծածկը կրող կոնստրուկցիա։
Կիրառվելով հնագույն ժամանակներից հայկական ժողովրդական բնակելի տան ճարտարապետության մեջ՝ գմբեթը կատարելության է հասել միջնադարյան Հայաստանի եկեղեցական շենքերում (սրբագործված որպես երկնքի խորհրդանիշ, եկեղեցու հոգևոր իշխանության ընդհանրականության խորհրդապատկեր), որոնցից մեզ հայտնի վաղագույն օրինակներն են Էջմիածնի Մայր տաճարը (301–303, վերակառուցված 484 թվականին և 17-րդ դարում), պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի նկարագրած Շաղատի քառախորան, արտաքուստ ութանիստ, կենտրոնագմբեթ Ս. Ստեփանոս եկեղեցին (306–353) և Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի՝ 462 թվականին կառուցած Սրկղոնքի եռախորան, վերնահարկով, արտաքին սրահներով, երկգմբեթ Կաթողիկե եկեղեցին։ Գմբեթի կիրառման անուղղակի վկայությունն է, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, Գրիգոր Ա Լուսավորչի տեսիլքում 4 սյուների վրա բարձրացող խորանարդաձև գմբեթի նկարագրությունը. «Չորս սյուների խաչերի վրա զարմանատես կամարներ միմյանց կապվեցին և դրա վրա գմբեթաձև խորանարդ ու աստվածակերտ, զարմանալի ամպեղեն շինվածք տեսա»[1]։
Հայաստանում պահպանված հնագույն գմբեթը Տեկորի Ս.Սարգիս վկայարանինն է (478–490)[1]:
Հայկական գմբեթաշինությունն ունեցել է երկու զուգահեռ ուղղություն. մի կողմից՝ բազիլիկ եկեղեցիների գմբեթավորում, մյուս կողմից՝ կենտրոնագմբեթ կառույցների զարգացում։
Հայկական գմբեթները կառուցվել են թմբուկներով, որոնք վաղ միջնադարում բազմանիստ էին (խորանարդաձև, վեցանիստ, մեծ մասամբ՝ ութանիստ, սակավ՝ 12- և 16-նիստանի), կղմինդրե սաղավարտաձև կամ քարե բրգաձև ծածկով, իսկ 10-րդ դարից՝ նաև գլանաձև, հովանոցաձև կամ կոնաձև վեղարով։ Հայաստանում կիրառվել է նաև կլոր հիմքի վրա առանց թմբուկի կիսագնդաձև գմբեթ (Բարձրյալ խաչ, 5–7-րդ դարեր)։ Սկզբնապես գմբեթատակ քառակուսուց անցումը թմբուկին կատարվել է տրոմպների միջոցով, իսկ 6-րդ դարի վերջից՝ նաև առագաստներով (Ավանի կաթողիկոսության Սուրբ Հովհաննես եկեղեցի)։ 7-րդ դարից հայկական ճարտարապետությունը, բացառապես գմբեթավոր դառնալով, ստեղծել է քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցիների մի շարք տիպեր, որոնք նորույթ էին քրիստոնեական ճարտարապետության մեջ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.