Գլորիա (օպտիկական երևույթ)
From Wikipedia, the free encyclopedia
Գլորիա, ճաճանչապսակ, լուսապսակ կամ փառապսակ (լատին․՝ gloria), օպտիկական երևույթ, հալո, ֆոտոմետեոր, որն առաջանում է դիտողի գլխի ստվերի շուրջ՝ նմանվելով սրբապատկերներում սրբերի լուսապսակին։
Այն նկատվում է լույսի աղբյուրի ուղիղ դիմաց գտնվող ամպերի վրա։ Դիտման կետը պետք է գտնվի լեռան վրա[1] կամ օդում, իսկ լույսի աղբյուրը (Արևը կամ Լուսինը) պետք է լինի դիտողի ետևում։ Այն առաջանում է մշուշաքողում կամ ամպում առկա ջրի մանր կաթիլների հետ արեգակնային լույսի կամ (ավելի հազվադեպ) լուսնի լույսի փոխազդեցության հետևանքով։ Գլորիան բաղկացած է դիտողի ստվերի շուրջ առաջացած մեկ կամ մի քանի համակենտրոն, աստիճանաբար խամրած օղակներից, որի արտաքին օղակը կարմիր է, կենտրոնինը կապտավուն։ Իր արտաքին տեսքի պատճառով երեւույթը երբեմն սխալմամբ շփոթում են շրջանաձև ծիածանի հետ, սակայն վերջինս ունի շատ ավելի մեծ տրամագիծ և առաջանում է տարբեր ֆիզիկական պրոցեսների հետևանքով։
Գլորիան առաջանում է լույսի ալիքային ինտերֆերենցիայի պատճառով, որը ներսից բեկվում է փոքր կաթիլների մեջ։