From Wikipedia, the free encyclopedia
Բենչո Օբրեշկով (բուլղար․՝ Бенчо Обрешков, ապրիլի 27, 1899[1] կամ հուլիսի 24, 1899[2], Karnobat, Բուլղարիայի իշխանություն - ապրիլի 8, 1970[3][1][2], Սոֆիա, Բուլղարիա[4]), բուլղար ժանրային գեղանկարիչ, դիմանկարիչ, գրաֆիկ, Բուլղարիայի միջպատերազմական ժամանակաշրջանի ամենախոշոր նկարիչներից մեկը։
Օբրեշկովն Առաջին համաշխարհային պատերազմից հետո որպես նկարիչ զարգացել է եվրոպական գեղանկարչության երկու հզոր դպրոցներում. դրանցից մեկը ֆրանսիական դպրոցն էր իր ուշ շրջանի ֆովիզմով, նոր ծնվող սյուրռեալիզմով և տեսանելի նեոկլասիցիզմով, մյուսը գերմանական դպրոցն էր, որտեղ նոր նյութականությունը համատեղվում էր էքսպրեսիոնիզմի և Բաուհաուզի հետ։ Նկարչական տարբեր ուղղությունների հետ շփված Օբրեշկովը փորձում էր տեղական` բուլղարական գեղանկարչությանը հաղորդել փարիզյան դպրոցի ճաշակը։
Բենչո Օբրեշովը ծնվել է 1899 թվականի ապրիլի 27-ին, Բուլղարիայի արևելքում գտնվող Բուրգասի մարզի Կարնոբատ քաղաքում, որը Սև ծովից հեռու է 100 կմ և հայտնի բուլղար գրող Դիմիտր Պոլյակովի հայրենիքն է։
Որպես գեղանկարիչ նրա աշխարհայացը ձևավորվել է գեղարվեստական մի շարք տարբեր համակարգերի ազդեցությամբ։
1918-1920 թվականներին սովորել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել համոզված ռեալիստ Պետկո Կլիսուրովը (1865-1933) և մոդեռնին ձգտող, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի սան, պրոֆեսոր Իվան Անգելովը։
1926 թվականին գեղանկարչի մասնագիտությամբ ավարտել է Դրեզդենի գեղարվեստի ակադեմիան` սովորելով Օսկար Կոկոշկայի և Օտտո Դիկսի դասարանում։ Փարիզում մասնագիտացել է որպես քանդակագործ` աշակերտելով հայտնի քանդակագործ Էմիլ Անտուան Բուրդելին, 1925-1927 թվականներին մասնակցել է փարիզյան մի շարք ցուցահանդեսների։ Բուլղարիա է վերադարձել 1927 թվականին։
Հայրենիքում Բենչո Օբրեշկովը դարձել է 20-րդ դարի 30-ական թվականներին ձևավորված բուլղարական գեղանկարչության նորարարների խմբի առաջատարներից մեկը։
Մասնակցել է «Հայրենի արվեստ» շարժմանը (1925), եղել է «Նոր նկարիչների ընկերակցության» անդամ (1931), իսկ հետագայում` դրա նախագահը (1937)։
1944 թվականին, երբ Սոֆիան դաժանորեն ռմբակոծվում էր, ռումբի պայթյունից կործանվել է այն շենքը, որտեղ ապրում էր Օբրեշկովն իր ընտանիքի հետ։ Այս շենքում էր նաև նկարչի արվեստանոցը։ Ընտանիքը հրաշքով փրկվում է` ապաստանելով նկուղում։ Սակայն նկարչի 350 գեղանկարները, ընտանեկան արխիվը, անձնական լուսանկարները, արտասահմանյան պատկերազարդ գրքերով հսկայական գրադարանը ոչնչանում են[5].
1946 թվականին Բուլղարիայում կոմունիստական ռեժիմի հաստատումից հետո Բենչո Օբրեշկովը մի շարք այլ հայտնի նկարիչների հետ երկրի իշխանությունների կողմից «ֆորմալիստ» է հայտարարվել։ 1956 թվականին լեհ լրագրողին տված հարցազրույցի տպագրումից հետո Օբրեշկովին երեք տարով հեռացրել են Բուլղարաիայի նկարիչների միությունից։
Օբրեշկովը «Хитър Петър» (1960) ֆիլմի բեմադրող նկարիչն է[6]։
1946 թվականին նկարիչն արժանացել է Բուլղարիայի վաստակավոր նկարչի կոչման, պարգևատրվել է «Կյուրեղ և Մեթոդիոս» երկրորդ աստիճանի շքանշանով և Բուլղարիայի ժողովրդական հանրապետության երկրորդ աստիճաննի շքանշանով։ 1969-1970 թվականներին եղել է Նկարիչների միություն ստեղծագորական ֆոնդի նախագահ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.