Բեղմնականխում
From Wikipedia, the free encyclopedia
Բեղմնականխում, ներառում է այն մեթոդներն ու միջոցները, որոնք ուղղված են անցանկալի հղիությունը կանխելուն[1]։ Բեղմնականխումն, ըստ էության, առնչվում է ծնելիության կարգավորման և ընտանիքի պլանավորման խնդիրներին[2][3]։ Բեղմնականխման մեթոդներ կիրառվում են դեռ հնուց, սակայն արդյունավետ և ապահով մեթոդներն ի հայտ են եկել 20-րդ դարում[4]։ Որոշ մշակույթներում բեղմնականխումը համարվում է անընդունելի՝ անբարոյականություն, կրոնական և քաղաքական առումով անարգանքի արժանի գործողություն[4]։
Բեղմնականխման առավել արդյունավետ մեթոդներից են՝ ամլացումը, բեղմնականխման ներարգանդային միջոցները, իմպլանտային բեղմնականխումը, այդ թվում՝ հորմոնային բեղմնականխիչ հաբերը։ Նվազ արդյունավետ մեթոդներ են համարվում բեղմնականխման պատնեշային մեթոդները՝ պահպանակները, խտրոցը (դիաֆրագման), արգանդի պարանոցակալը, բեղմնականխիչ սպունգերը, ինչպես նաև բեղմնականխման օրացուցային մեթոդները։ Իսկ առավել ցածր արդյունավետություն ունեցող մեթոդներից են՝ սերմնասպաններն ու ընդհատված սեռական հարաբերությունը։ Ամլացումից բացի, բեղմնականխման բոլոր մյուս մեթոդները դարձելի են․ բեղմանվորման ունակությունը վերականգնվում է մեթոդի կիրառումը դադարեցնելուց հետո։ Մինչդեռ ամլացումը միշտ չէ, որ դարձելի է[5]։
Բեղմնականխման մի շարք միջոցների օգտագործումը, այդ թվում տղամարդու և կանացի պահպանակների օգտագործումն իր հերթին կարող է կանխել սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) փոխանցումը սեռական հարաբերության ընթացքում[6]։ Անհետաձգելի բեղմնականխումը կարող կանխել հղիությունը չպաշտպանված սեռական հարաբերություններից հետո մի քանի օրվա ընթացքում[7][8]։
Համակողմանի սեռական դաստիարակությունը և բեղմնականխման միջոցների հասանելիությունը զգալիորեն նվազեցնում են անցանկալի հղիության ցուցանիշը դեռահասների շրջանում[9][10]։ Թեպետ երիտասարդները կարող են օգտագործել բեղմնականխման բոլոր մեթոդներն, այնուամենայնիվ[11], երկարատև ազդեցության և դարձելի այնպիսի մեթոդները, ինչպիսիք են, օրինակ, ներարգանդային պարույրը և բեղմնականխիչ հաբերը, առավել արդյունավետ են դեռահասների շրջանում անցանկալի հղիության ցուցանիշը նվազեցնելու առումով[10]։
Մանկանը բացառապես կրծքով չկերակրող կինը ծննդաբերությունից չորսից վեց շաբաթ հետո կարող է կրկին հղիանալ։ Որոշ մեթոդների կիրառումը կարելի է սկսել ծննդաբերությունից անմիջապես հետո, մինչդեռ որոշ մեթոդներին հնարավոր է վեց ամիս անց։ Մանկանը բացառապես կրծքով կերակրող կանանց համար ավելի նախընտրելի է միայն պրոգեստոգեն պարունակող մինի հաբերի օգտագործումը, քան համակցված բեղմնականխիչ հաբերինը։ Զարգացող երկրներում անցանկալի հղիությունից խուսափել ցանկացող շուրջ 222 միլիոն կին չի օգտվում բեղմնականխման ժամանակակից որևէ մեթոդից[12][13]։ Բեղմնականխման մեթոդների կիրառումը զարգացող երկրներում կրճատել է մայրական մահացությունը 40%-ով (2008 թվականին կանխվել է շուրջ 270,000 մահ) և դեռևս կարող է կրճատել ընդհուպ մինչև 70%-ով, եթե բեղմնականխման համար անհրաժեշտ բոլոր պայմանները պահպանվեն[14][15]։ Հղիությունների միջև ընկած ժամանակահատվածը երկարացնելով՝ բեղմնականխումը կարող է բարելավել վերարտադրողական տարիքի կանանց պտղաբերությունը և երեխայի առողջական վիճակը[14]։ Զարգացող աշխարհում կանանց եկամուտների, ունեցվածքի, վաստակի և երեխայի դաստիարակության ու առողջության վրա ազդող հիմնական գործոններից մեկը հենց բեղմնականխումն է։ Բեղմնականխումը ազդում է նաև տնտեսական աճի վրա[16], քանի որ նվազում է խնամքի տակ գտնվող երեխաների թվաքանակը, ինչը հնարավորություն է տալիս մայրերին իրացնել իրենց կարողությունները և հմտությունները և ավելի արդյունավետ օգտագործել սակավ ռեսուրսները[16][17]։