Բաուտցեն[3] (Бауцен, գերմ.՝ Bautzen), Бу́дышин или Бу́дишин[4] (Upper Sorbian: Budyšin(օգնություն • ինֆո)), քաղաք Գերմանիայում՝ Սաքսոնիա երկրամասում, Շփրե գետի վերին հոսանքում։ Լուժիկյան սերբերի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է։ Մտնում է «Լուժիկյան բնակմարզ» անվանումով հայտնի մշակութա-տարածքային ինքնավարության մեջ, որտեղ գործում են լուժիկյան լեզվի ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստող օրենսդրական ակտեր՝ ընդունված Սաքսոնիա և Բրանդենբուրգ երկրամասերի օրենսդիր մարմինների կողմից[5][6]։ Քաղաքում, գերմաներենի հետ մեկտեղ, պաշտոնական լեզու է համարվում լուժիկերենը[7]։ Ըստ Առնոշտ Մուկայի «Dodawki k statisticy a etnografiji łužickich Serbow» վիճակագրական աշխատության՝ 1884 թվականին քաղաքում ապրողների թիվը եղել է 17 509, որից մոտավորապես 4 հազարը կամ 23 տոկոսը լուժիկյան սերբեր էին[8]։ 2013 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 39 607[9]։