Աֆրիկայի աշխարհագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Աֆրիկա, տարածքի մեծությամբ երկրորդ մայրցամաքը Եվրասիայից հետո և երրորդ աշխարհամասն Ասիայից և Ամերիկայից հետո։ Նրա ափերը հյուսիսից ողողում է Միջերկրական ծովը, հյուսիս-արևելքից՝ Կարմիր ծովը, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսը, արևելքից և հարավից՝ Հնդկական օվկիանոսի ջրերը։ Աֆրիկան կոչվում է նաև աշխարհամաս, որը կազմված է Աֆրիկա մայրցամաքից և հարակից կղզիներից։ Աֆրիկայի տարածքը 29,2 միլիոն կմ² է, կղզիներով՝ մոտ 30,3 միլիոն կմ²[1], դրանով իսկ զբաղեցնելով Երկրի ընդհանուր մակերեսի 6%-ը և ցամաքային մակերեսի 20.4%-ը։
Տարածք | 30 221 532 |
---|---|
Բնակչություն | 1 200 000 000 մարդ |
Երկրներ | 55 |
Ժամային գոտիներ | UTC-1 դեպի UTC + 4 |
Աֆրիկա մայրցամաքը հատում է հասարակածը և մի քանի կլիմայական գոտիներ. այն միակ մայրցամաքն է, որը ձգվում է հյուսիսային մերձարևադարձային կլիմայական գոտուց մինչև հարավային մերձարևադարձային կլիմայական գոտին։
Աֆրիկայի ամենահյուսիսային ծայրակետը Բեն Սեկան է, իսկ հարավայինը՝ Ասեղի հրվանդանը։ Այս կետերի միջև հեռավորությունը կազմում է մոտ 8000 կմ։ Աֆրիկայի արևմտյան ծայրակետը Ալմադին է, արևելքում՝ Ռաս Հաֆունը։ Նրանք հեռու են իրարից մոտ 7500 կմ-ով։ Աֆրիկայի հարավային մասը լայնակի ուղղությամբ ավելի նեղ է. լայնությունը կազմում է մոտ 3100 կմ[2]։ Որպես աշխարհամաս՝ Աֆրիկան ներառում է նաև Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների մեծ թվով կղզիներ։ Աֆրիկայի ամենահեռավոր կղզիներն են՝ Համբարձման կղզին և Սուրբ Հեղինե կղզին (Ատլանտյան օվկիանոսում) և Ռոդրիգես կղզին՝ Մասկարենյան կղզեխմբում (Հնդկական օվկիանոսում)[2]։
Աֆրիկան Ասիայի հետ կապված է Սուեզի պարանոցով, որի վրա գտնվում է Սուեզի ջրանցքը։ Ջիբրալթարի նեղուցով Աֆրիկան միանում կամ բաժանվում է Եվրոպայից։ Այս մայրցամաքների միջև ամենափոքր հեռավորությունը 14 կմ է[2]։