Remove ads
քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ.-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 - մ.թ.120 թթ.։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Արտաշատ | |||||
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Համայնք | Արարատի մարզ | ||||
Հիմնադրված է | 1828 թ. | ||||
Այլ անվանումներ | Ղամարլու | ||||
Տվյալ կարգավիճակում | 1962 թվականից | ||||
Մակերես | 18,3 կմ² | ||||
ԲԾՄ | 900—1050 մ | ||||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||||
Բնակչություն | 29040[1] մարդ (2021) | ||||
Ազգային կազմ | հայեր, ասորիներ, եզդիներ, ռուսներ | ||||
Տեղաբնականուն | արտաշատցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +374 (235) | ||||
Փոստային դասիչ | 0701–0706 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 25 | ||||
Պաշտոնական կայք | artashat.am | ||||
| |||||
Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի մոտ 29000 բնակչություն և գտնվում է 5 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։
Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես 1 արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մ.թ.ա. 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու« Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի (այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտնվում էր Սևջուր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը, քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։
Քաղաքն ունի 22,5 կմ2 տարածք, բաղկացած է 4 թաղամասերից։
Քաղաքն ունի 6 դպրոց, որոնցից մեկը ավագ է, իսկ հինգը՝ միջնակարգ, գործում է 7 պետական մանկապարտեզ, սակայն կան նաև մասնավոր հաստատություններ, նախկինում գործել է համալսարան։ Քաղաքում գործում է մարզադպրոց և մարզադպրոցին կից ֆուտբոլային խաղադաշտ, որը տեղավորում է մոտ 3000 հանդիսական։
Քաղաքի զարդն է համարվում տեղի՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնը, որը տեղավորում է 500-ից ավել հանդիսական։ Այստեղ գործում է նաև մշակույթի տուն։ Քաղաքում է գտնվում նաև Արարատի մարզային հիվանդանոցը, ինչպես նաև քաղաքային պոլիկլինիկան։
2023 թվականի մարտին Հայաստանի Կառավարությունը Արտաշատ հնագույն մայրաքաղաքի տարածքում պատմամշակութային արգելոցի ստեղծման մասին որոշում է ընդունել[2]։
Արտաշես Առաջինը մ.թ.ա. 189-ին իրեն հռչակելով Մեծ Հայքի թագավոր ձեռնամուխ եղավ հայկական հողերի միավորմանը։ Այն ժամանակ Մեծ Հայքից բացի կային ևս երեք հայկական թագավորություններ՝ Կոմմագենի, Ծոփքի և Փոքր Հայքի, որոնք բոլորն էլ միաժամանակ հռչակվեցին անկախ։ Արտաշեսին հաջողվեց մեծապես ընդարձակել երկիրը։ Դուրս գալ Սև և Կասպից ծովերի ափերը, բայց միասնական հայկական պետություն նրան վիճակված չէր ստեղծել. այդ իրագործեց նրա թոռը՝ Տիգրան Մեծը։ Արտաշեսը հայ ժողովրդի պատմության ընթացքում հանդես եկած քաղաքական և ռազմական ամենախոշոր գործիչներից էր։ Նրա բարեփոխումների արդյունքն էր նաև նոր մայրաքաղաքի Արտաշատի հիմնադրումը։ Մասնագետների կարծիքով դժվար է ասել, թե երբ է դրվել քաղաքի առաջին քարը. ենթադրվում են տարբեր թվականներ՝ մ.թ.ա. 189 թ., 185 թ., 166 թ. և այլն։ Նախընտրելին, թերևս, 185 թ. է։ Ինչպես, վկայում են օտարերկրյա պատմիչները, քաղաքի կառուցման վայրը ընտրել է հին աշխարհի նշանավոր զորավարներից մեկը՝ կարթագենցի Հաննիբալը, իսկ նա Արտաշեսի մոտ կարող էր հռոմեացիներից ապաստանլ հենց այդ թվականներին։
Ըստ Պլուտարքոսի՝ Հաննիբալը, «բազմաթիվ օգտավետ գործերով խորհրդատու լինելով Արտաշեսին» և նկատելով« չօգտագործված ու անտեսված հարմարագույն ու խիստ հաճելի մի վայր, տեղում ուրվագծեց քաղաքի հատակագիծը»։ Տեղանքն, հիրավի, հոյակապ էր ընտրված վեհափառ Արարատին ակնդետ բլուրները, որ լքված բնակատեղի էին, երկրի մայրաքաղաք լինելու ամենագեղատեսիլ վայրն էր։ «Հայկական Կարթագենը»՝ ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները ունեցել է միասնական հատակագիծ, լինելով ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկը։ Նկարագրելով Արտաշատի հիմնադրումը պատմահայր Մովսես Խորենացին նշում է, որ Արտաշեսը« Արտաշատը գտնվում է այն տեղը, որտեղ Արաքսը և Սևջուրը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում Արտաշատ։ Ուստի առանց դժվարության այնտեղ կանգնեցնում է մեհյան։ Բագարանից այնտեղ են փոխադրվում Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը»։
Խոր Վիրապի բլուրների մակերեսային պեղումներից հայտնաբերվել են հազարավոր նետասլաքներ. որոնք վկայում են, որ քաղաքի համար մղվել են արյունահեղ մարտեր։ Դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոն էր։ Գտնվելով միջազգային առևտրական ուղիների կիզակետում՝ քաղաքն ապրանքներ էր ներմուծում Հնդկաստանից ու Ցեյլոնից, Միջերկրականի ափամերձ երկրներից, իր հերթին արտահանելով բազմահմուտ արհեստավորների ձեռակերտները։ Արտաշատով էր անցնում հռչակավոր «մետաքսի ուղին», որով Հնդկաստանից, Չինաստանից և արևելքի այլ երկրներից առևտրականները, կտրելով երկար ճանապարհ, ներմուծում էին բրինձ ու համեմունքներ, փղոսկր և սև փայտ, բամբակ ու բամբակյա գործվածքեղեն, պերճանքի առարկաներ։ Արտաշատից էլ այլ երկրներ էին արտահանվում հացահատիկ ու գինի, կապար, պղինձ, անագ, ոսկեթել ու ոսկեկար շորեր, ոսկյա ու արծաթյա սպասքեղեն, գեղարվեստական իրեր, բուրդ, կաշի, ձիեր ու ջորիներ։ Հելլենիստական դարաշրջանում Հայաստանում հաշվվում էր մոտավորապես հիսուն արհեստ։ Մայրաքաղաք Արտաշատում կային բազմաթիվ «գործոց տներ», որոնցում պատրաստված զենքերն ու զրահները, շքեղ կահկարասին ու պերճանքի առարկաները, բրուտագործական ու մետաղագործական արտադրանքը ողողել էին քաղաքի շուկան, ունեին մեծ պահանջարկ նաև հեռավոր երկրներում։ Արտաշատում էր մշակվում որդան կարմիր ներկը, որը մեծ պահանջարկ ուներ հին աշխարհում։ Երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում ճշտել Արտաշատ քաղաքի տեղը։ Կես դար էլ պիտի անցներ, որպեսզի տեղանքում սկսվեին հնագիտական աշխատանքները։ 1967 թ. Արտաշատ հին քաղաքի մոտ՝ Փոքր Վեդի գյուղի ծայրին հայտնաբերված լատիներեն արձանագրությունները առիթ ծառայեցին ավելի հանգամանորեն ծանոթանալու Արտաշատի տեղանքին, մասամբ էլ մղվեցին շուտով ձեռնարկելու Հին Հայաստանի փառաբանված մայրաքաղաքի պեղումները, որոնք սկսվեցին 1970 թ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ջանքերով։1970 թ հնագետներ, Բ. Առաքելյանի, Գ. Տիրացյանի և Ժ. Խաչատրյանի գլխավորությամբ սկսվեցին հնագիտական պեղումներ Խոր Վիրապ վանական համալիրի մոտակա բլուրներում, որը նոր էջ բացեց հայոց կարթագենի՝ Արտաշատի պատմության մեջ։
1980-90-ական թթ. Արտաշատ մայրաքաղաքի հարավային հատվածում իրականացված պեղումներն ի հայտ բերեցին նաև լավ պահպանված ուրարտական ժամանակաշրջանի նյութական մնացորդներ։ Դրանք, մասնավորապես, որմնախորշերով և որմնահեցերով օժտված աղյուսաշարի մնացորդներ էին, վաղ շրջանի ուրարտական խեցանոթների բազմաթիվ նմուշներ և գիշերաքարից ու խալցեդոնից պատրաստված ուրարտական կոնաձև ու պրիզմայաձև կնիքներ։ Պահպանված կառույցի մնացորդներն այնքան տպավորիչ էին ու կատարյալ, որ որոշ մասնագետներ անգամ նախնական կարծիք հայտնեցին այն մասին, թե բացված ուրարտական հուշարձանը հնարավոր է, որ Մենուայի կողմից Արաքսի ափին, նվաճված Լուխիունի երկրի տարածքում կառուցված Մենուախինիլին լիներ։ Արտաշատը եղել է միջազգային առևտրի խոշոր կենտրոն, որի դերը մեծացել է հատկապես I-II դդ.՝ Հռոմի և Արևելքի երկրների միջև առևտրական կապերի ընդլայնման շնորհիվ։ Արտաշատի լայն կապերի մասին են խոսում նրա արխիվներից մեկում հայտնաբերված ավելի քան 8 հազար կնքադրոշմները, որոնցով վավերացրել են առևտրական գործարքները, նամակները, այլ փաստագրեր։ Արտաշատի կնքադրոշմներում ներկայացված են անտիկ աշխարհի շատ երկրներ՝ Հնդկաստանից մինչև Հռոմ և հյուսիսային մերձսևծովյան երկրներից մինչև Եգիպտոս։ Գտնվել են հայկական և հարևան 9 երկրների (սելևկյան, պարսկական, պոնտական, հռոմեական և այլն) դրամներ։ Արտաշատում հայտնաբերվել են մեծ թվով ներմուծված խեցեղեն, ապակյա անոթներ, զարդեր, կենցաղային իրեր ու առարկաներ։ Առևտրի աշխուժացումը նպաստել է արհեստագործության զարգացմանը։ Աղբյուրները հիշատակում են մոտ 50 արհեստների մասին։ Արտաշատում զբաղվել են գրեթե բոլոր արհեստներով։ Բացվել են նաև արհեստանոցներ, որոնցում պատրաստվել են գործիքներ, խեցեղեն, ապակեղեն, լավ մշակված ու քանդակված շինարարական քարեր և մետաղե անոթներ, զարդեր, զենքեր և այլն։
Զարգացած էին մետաղագործական արհեստները՝ դարբնությունը, զինագործությունը, պղնձագործությունը, գեղարվեստական մետաղագործությունը, ոսկերչությունը, արծաթագործությունը, ու առարկաների պատրաստումը, ինչպես նաև ակնագործությունը, փայտի մշակումը, կաշեգործությունը, քանդակագործությունը և այլն։ Արտաշատն ուներ առևտրի, արհեստների և երկրագործության համար նպաստավոր պայմաններ։ Քաղաքը շրջապատված էր արգավանդ ու ոռոգելի հողերով, ուր կային ավաններ ու գյուղեր։ Արտաշատը հին աշխարհի միջազգային առևտրի գլխավոր կենտրոններից էր։ Քաղաքով էր անցնում Հեռավոր Արևելքից դեպի Միջերկրկանի ափերը ձգվող տարանցիկ առևտրական ճանապարհը, որով փոխադրվում էին չինական մետաքս և այլ ապրանքներ։ Պևտինգերյան ուղեցույց-քարտեզից (մ.թ. IV դ.) երևում է, որ Արտաշատում էին հանգուցավորվում Սատաղից (Փոքր Հայք), Տիգրանակերտից (Հայաստանի հվ-արմ.), Սեբաստուպոլսից (Կողքիս), Համադանից (Իրան) և Արմազիից (Վրաստան) եկող առևտրական ուղիները։ Արտաշատը հռչակված է նաև որպես տարնացիկ ապրանքների պահեստավայր, մթերանոց և առտրական փոխանակությունների կենտրոն։ Արտաշատի միջազգային նշանակությունը ճանաչվել է նաև հետագայում՝ Հուստինյանոս կայսերական հրովարտակով։ Արտաշատում կային փողերանոց, գանձատուն և մաքսատուն, մի քանի կամուրջ, որոնցից ամենահինն ու հռչակավորը« Տափերականը» կամ «Արտաշատի կամուրջն» էր Արաքս գետի վրա։ Պեղումներով բացվել են միջնաբերդի ամրոցներից մեկը, զինվորական բազմաթիվ կացարաններ, դարբին-զինագործի արհեստանոցներ՝ զենքերի մնացորդների տարբեր տեսակներով, հայտնաբերվել են Տիգրան Բ-ի արծաթյա, սելևկյան, պարսկական, կապադովկիական, պոնտական և հռոմեական դրամներ։ Արտաշատը հայկական հելլենիստական մշակույթի կենտրոն էր։ Ըստ Մովսես Խորենացու Արտաշես Ա-ի օրոք Արտաշատում եղել են Անահիտ-Արտեմիսի, Տիր-Ապոլլոնի տաճարները, նրանց պղնձաձույլ ոսկեզօծ արձանները։ Արտաշատի տաճարներում, փողոցներում, հրապարակներում, մեծահարուստների տներում դրվել են տեղում պատրաստված ոսկեձույլ, ոսկեզօծ և քարե արձաններ, ինչպես նաև Փոքր Ասիայից բերված մարմարե հունական արձաններ։ Հայտնաբերվել են Ափրոդիտե-Աստղիկի մարմարե անդրին (մ.թ.ա. II-I դդ.), մարմարե այլ անդրիների մասեր։ Արտաշատից գտնված կավե արձանիկները պատկերում են հայկական հեթանոսական աստվածություններ, երաժիշտներ (քնարահարներ, սրնգահարներ), թատերական դիմակներ և այլն։
V դարի 2-րդ կեսից Արտաշատն արդեն գյուղաքաղաք էր, իսկ հաջորդ դարում հիշվում է որպես դաստակերտ։ Քաղաքի անկման հիմնական պատճառը կապված է Մեծամոր գետի հունի փոփոխման հետ։ Այս շրջանում քաղաքի մերձակայքում Մեծամորի հունի փոփոխման հետ կապված ճահիճներ էին գոյացել, որոնք գարշահոտություն էին տարածում։ Այդ պատճառով էլ Հայոց Խոսրով Բ արքայի օրոք (331- 339 թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխվեց Դվին։ Պարսից Շապուհ II-ի արշավանքները (364-369 թթ.) և Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները ևս որոշակի դեր կատարեցին Արտաշատի անկման գործում։ Եվ այսպես, վերանում է Արտաշատը պատմության ասպարեզից՝ թաղվելով Արարատյան բարեբեր հողի տակ, մնալով անմռունչ շուրջ 15 դար։ Միայն 1950–ական թթ. հայտնաբերվեցին նրա մասունքները, իսկ 1970–ական թթ. սկսվեցին նրա պեղումներն ու ուսումնասիրությունները։
Հուշարձանների ներկա վիճակը Արտաշատ պատմա-հնագիտական արգելավայրը գտնվում է Արարատի շրջանի Լուսառատ գյուղի մոտ։ Այն տարածվում է 12 բլուրների վրա և հարթավայրային տարածքներում, որը գրավում է մոտ 500 հա տարածք։ Անձամբ հանդիպում ունեցա ՀՀԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ Արտաշատ հնագիտական արշավախմբի ղեկավար Ժորես Խաչատրյանի հետ, ով ինձ ներկայացրեց, թե ինչպես են սկսել պեղումները հնավայրում, ինչպես են ընթանում և ապագայում ինչ պլաններ կան հնավայրի հետ կապված։
Սկսած 1970 թ. ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից պարբերաբար տարվել են պեղումներ, որի ընթացքում հայտնաբերվել են մշակութային մեծ արժեք ունեցող հնագիտական հուշարձաններ։ Այսօր ամբողջովին պեղված են 1-7 բլուրները, կենտրոնական թաղամասի պարիսպները, մասամբ բացվել են 5-րդ, 8-րդ բլուրները, ներքին համալիրը։ Իր պատմաճարտարապետական արժեքով եզակի հուշարձան է 8-7-րդ դդ. մ.թ.ա. կառուցված պարիսպը, որը բացվեց 1985-86 թթ. պեղումների ժամանակ։ Մեզ է հասել մոտ 100 մ պարսպապատի միայն մի հատվածը։ Մնացած հատվածներից պահպանվել են միայն հիմնային մի քանի քարեր։ Պարսպապատը կառուցված է 51, 8.51, 8.15 և 51, 8.35.15 չափերի հում աղյուսից, որի պատվանդանը շարված է ճեղքված մարմարով և կավային շաղախով։ Հատակագծում պարսպապատը բավականին կանոնավոր է, աստիճանաձև ետ ընկած նիստերով, որոնց վրա կան բացված միաստիճան կամ երկաստիճան խորշեր։ Հետաքրքիր են անկյունային աստիճանաձև անցումները։ Հավանաբար և այս, և ճակատային խորշերն ունեն ոչ միայն գեղագիտական, այլև կոնսարուկտիվ նշանակություն։ Սակայն այդ մասին վստահորեն կարելի է ասել պարսպապատի մյուս երեսը բացելուց և կառուցվածքային համակարգը ուսումնասիրելուց հետո։ Հուշարձանի հում աղյուսով իրականացված մասերը վատ են պահպանվել։ Բացի դրանից, որ պատի վրա առաջացած բազմաթիվ լայնական ճաքերը ու խորշերը զանազան կենդանիների, սողունների, միջատների բներ են դարձել՝ սպառնալով հուշարձանի շերտ-շերտ քայքայմանը, ինքը՝ պարսպապատն ունի որոշակի թեքվածություն, որը սպառնում է հուշարձանի փլուզմանը։ Թեքվածությունը պատի տարբեր հատվածներում 10-40 սմ է։ Ունենալով հյուսիսային կողմնորոշում՝ հուշարձանի ֆիզիկական վիճակը վատանում է նաև մթնոլորտային տեղումներից և այս լանջում մշտապես գործող քամիներից։ Այս առումով այսօր առաջնահերթ խնդիր է հուշարձանի ժամանակավոր ամրացումը, որի նպատակն է երկարացնել հուշարձանի գոյատևումը, մինչև նրա կոնսերվացումը կամ մասնակի վերականգնումը։ Տեղում կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ պարսպապատի միայն մի հատվածն է լավ ամրապնդվել։ Մնացած մասերը բավականին քայքայված են և ցանկացած կոնստրուկտիվ միջամտումը պատի ժամանակավոր պահպանման համար կարագացնի նրա քայքայումը։ Այդ իսկ պատճառով ներկա նախագծով նախատեսվում է ամրացնել միայն պատի Ա-Բ հատվածը, որը հետագայում նախատեսվում է պահպանել այնպես, ինչպես որ կա։ Մնացած հատվածները անհրաժեշտության դեպքում կլրացվեն կամ կվերամշակվեն նոր պատրաստած հում աղյուսներից կամ նյութերից։ Պատի ժամանակավոր ամրացումը նախատեսվում է փայտե կոնստրուկցիայի միջոցով։ Պատի մակերեսին դրվում են ներդիրները, որոնք ամրացվում են թեքություններով։ Թեքանների համար նախատեսվում է երկաթ-բետոնե հիմք, որի ճիշտ ձևը կորոշվի տեղում՝ կախված ժայռերի խորությունից և ձևից։ Միաժամանակ նախատեսվում է ժամանակավոր փայտյա ծածկ՝ հուշարձանը մթնոլորտային տեղումների ազդեցությունից պահպանելու համար։ Ծածկը մի կողմից հենվում է փայտյա կանգնակների վրա, որոնց համար հիմք են ծառայում թեքանների երկաթ-բետոնյա հիմքերը, մյուս կողմից՝ լանջի վրա տեղադրված, լանջով հոսող ջրերը հավաքելու և հեռացնելու համար նախատեսված հավաքովի երկաթ-բետոնե խրամուղու վրա։
Պարսպապատի մյուս հատվածները լանջի վրայով հոսող ջրերից պաշտպանելու համար նախատեսվում է փորել առու, որը կշարունակի երկաթ-բետոնե խրամուղին և ջրերը անվնաս կհեռացնի պատի վրայից նրա ծայրերում։ Հիմքերի և առվի նախատեսվող տեղը և խորությունը թույլատրում են նրանց տեղադրումը, առանց վնասելու հուշարձանի կուլտուրական շերտը։ Հուշարձանների տեղը մեխանիզմների մոտեցման համար անմատչելի է և բոլոր աշխատանքները նախատեսվում են կատարել ձեռքի գործիքներով։
Հուշարձանի հետագա պահպանման, կոնսեվացման և մասնակի վերականգնման համար շատ կարևոր է նաև արագ հեռացնել պարսպապատի ետևում գտնվող հողի շերտը, որը կբեռնաթափի պարսպապատը և կտա հնարավորություն ուսումնասիրելու և հասկանալու պատի կառուցվածքային սիստեմը, որը անհրաժեշտ կլինի պարսպապատի հետագա պահպանման, ամրացման կոնստրուկտիվ միջոցառումների և ծածկի իրականացման համար։ Իսկ այսօր նախատեսել որևիցե միջոցառում պարսպապատի կոնվերսացման համար, առանց նրա ետևում գտնվող հողի շերտը մաքրելու, հիմնավորված չի լինի։ 1970 թ. սկսած սիստեմատիկ պեղումների առաջին իսկ տարիներին հայտնաբերված ճարտարապետական համալիրն ու հնագիտական նյութերը հաստատեցին և զգալիորեն ընդարձակեցին մեր տեղեկությունները Արտաշատի պատմության մասին։
Պարզվեց, որ Արտաշատի տարածքում գոյություն է ունեցել մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակների եզակի մի բնակավայր, որի նյութերը սփռվում են Հայաստանի վաղ երկրագործական շրջանի պատմության վրա։ Նշանակալի գյուտերից է ուրարտական քաղաքի շերտի հայտնաբերումը, որը մինչ այդ անհայտ էր գիտությանը։ Քաղաքն իր զարգացման գագաթնակետին հասավ անտիկ շրջանում՝ կապված հայկական պետականության հզորացման և միջազգային լայն ճանաչման հետ, Արտաշես Ա, Տիգրան Բ և նրանց հաջորդների օրոք։ Այդ ժամանակներին վերաբերվող շերտերի պեղումներից հայտնաբերված համալիրներն ու հնագիտական նյութերը հաստատեցին հայ և օտար պատմիչների վկայությունները Արտաշատի շեն, հարուստ քաղաք և միջազգային առևտրի խոշոր հանգույց լինելու մասին։ Քաղաքը կառուցված է միասնական հատակագծով, բացված թաղամասերն ունեն կանոնավոր փողոցների ցանց՝ կառուցապատված մեկ և երկհարկանի բնակելի ու հասարակական շենքերով (բաղնիքներ, արհեստանոցներ, կրպակներ և այլն)։ Որմնանկարների, քանդակազարդ քիվերի հավաքածուն վկայում է դրանց ներքին ու արտաքին ճոխ հարդարանքների մասին։ Ճարտարապետական ու շինարարական արվեստի հետ առնչվող այս բազմաթիվ նյութերը թույլ են տալիս ուսումնասիրելու մինչև այժմ չլուսաբանված անտիկ Հայաստանի քաղաքաշինության պրորիեմները։ Արտաշատ հնավայրում պեղման աշխատանքները շարունակվում են, հայտնաբերվել են նոր պատմաճարտարապետական և հնագիտական նյութեր, որոնք, ինչպես նաև հնում պեղվածները սկսում են արագ քայքայվել արտաքին բնակլիմայական գործոններից։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հուշարձանում կատարել հետազոտական, վերանորոգման, կոնսերվացման աշխատանքներ։ Այսօր առաջնահերթ խնդիր է դարձել պահպանել 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ բլուրների պեղված համալիրները, դեպի Խոր Վիրապ տանող ասֆալտապատ ճանապարհի ձախ մասում պեղված համալիրը, ինչպես նաև կենտրոնական թաղամասերի պարիսպները։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել հուշարձանները և միջոցներ գտնել կազմակերպելու նրանց կոնսերվացումը, մասնակի վերականգնումը և ցուցադրումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.