Արշակունիներ
From Wikipedia, the free encyclopedia
Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշակունիներ (այլ կիրառումներ)
Արշակունիներ | |
---|---|
Տեսակ | նախարար և արքայատոհմ |
Մասն է | Պարթև Արշակունիներ[1] և Հայ ազնվականություն |
Երկիր | Մեծ Հայք |
Տիրույթներ | Մեծ Հայքի Այրարատ նահանգ |
Ծագում | Պարթև Արշակունիներ |
Տիտղոսներ | Մեծ Հայքի Արքա |
Հիմնադիր | Տրդատ Ա |
Մեծագույն ներկայացուցիչ | Խոսրով Բ, Տրդատ Գ Մեծ, Արշակ Բ, Պապ, Վռամշապուհ |
Հիմնում | 52 |
Ավարտ | 428 |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Հեթանոսություն, Քրիստոնեություն |
Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում։ Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հայկական ճյուղի հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Բ֊ն/ 186-198/։
Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։
Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։
Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ (Մամիկոնյաններ, Սյունիներ, Բագրատունիներ, Արծրունիներ և այլք) պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 885 թվականին։