Արյունաստեղծում
From Wikipedia, the free encyclopedia
Արյունաստեղծում, հեմոպոեզ (հունարեն՝ αίμα - արյուն և հունարեն՝ ποίησις), մարդու և կենդանիների օրգանիզմում արյան բջիջների առաջացումը, զարգացումն ու հասունացումը։ Արյունաստեղծումը անողնաշարավոր կենդանիների օրգանիզմում տեղի է ունենում խոռոչային հեղուկներում և արյան մեջ, մարդու և ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում՝ հատուկ արյունաստեղծ օրգաններում (ոսկրածուծ, փայծաղ, ավշային հանգույցներ, ռեթիկուլո-էնդոթելային համակարգ)։ Սաղմնային զարգացման վաղ շրջանում արյան մարմնիկները գոյանում են պտղի մեզենքիմում։ Ներարգանդային կյանքի հետագա շրջանում գլխավոր արյունաստեղծ օրգանը դառնում է լյարդը, իսկ վերջում՝ ոսկրածուծը։ Օրգանիզմի բնականոն կենսագործունեության պայմաններում անընդհատ տեղի է ունենում արյան բջիջների ստեղծում և ոչնչացում։ Օրինակ՝ էրիթրոցիտների կյանքի միջին տևողությունը 100 օր է, սակայն արյունաստեղծման շնորհիվ նրանց քանակն արյան մեջ մնում է հարաբերականորեն հաստատուն։