From Wikipedia, the free encyclopedia
Արմավենազգիներ կամ արմավենիներ (լատիներեն՝ Palmae կամ Palmaceae), միաշաքիլ բույսերի ընտանիք է։
Արմավենազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Արմավենածաղկավորներ (Arecales) |
Ընտանիք | Արմավենազգիներ (Arecaceae) Bercht. & J.Presl, 1820 |
Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված արևադարձային և, մասամբ, մերձարևադարձային երկրներում՝ Ասիայի ու Հարավային Ամերիկայի անտառներում, սավաննաներում և անապատների օազիսներում։ Վայրի վիճակում հայտնի է միայն հովհարատերև (եվրոպական կամ գաճաճ) արմավենին (Իսպանիայում և Ֆրանսիայում)։ Հայաստանում որպես գեղազարդիչ բույսեր աճեցվում են արմավենու 2 տեսակ՝ փյունիկյանը և հովհարատերևը։
Արմավենիների մեծ մասը ծառանման է, բունը սյունանման է՝ մինչև 60 մ բարձրությամբ, 80 սմ տրամագծով, հիմնականում՝ չճյուղավորված։ Որոշ արմավենիներ ցողուն գրեթե չունեն. թփուտային են կամ փաթաթվող լիաններ։ Մեծ մասի բունը ծածկված է թելիկներով, որոնք գոյանում են մեռած, թափված տերևների և կոթունների անոթաթելային խրձերից։ Տերևները լինում են կտրտված փետրաձև (փյունիկյան, կոկոսյան արմավենիներ), երկփետրաձև (կարիոտա) և հովհարաձև (տրախիկարպուս, խամերոքս, լիվիստոնա և այլն)։ Փետրաձև տերևների երկարությունը մինչև 22 մ է, հովհարաձև տերևների թիթեղների տրամագիծը՝ մինչև 4մ, իսկ կոթունների երկարությունը՝ մինչև 5 մ։ Տերևների երկարակեցությունը 1–7 տարի է։ Պտուղները հաղարջի մեծությունից մինչև 25 կգ են։
Արմավենիների գրեթե յուրաքանչյուր տեսակ որևէ օգուտ է տալիս մարդուն։ Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ արմավներ (խուրմա)։ Արաբական երկրների և Հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է։ Մանր արմավներով ու դրանց կորիզներով կերակրում են ընտանի կենդանիներին։ Օվկիանիայի մոտ 10 հզ. կղզիների բնակիչներին կերակրում է հնդկընկույզի (կոկոսյան) արմավենին։ Նրա չհասունացած ընկույզների միջուկը պարունակում է կաթ, որը քաղցրահամ և ծարավը հագեցնող հյութ է։ Հասուն ընկույզների պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ։ Ընկույզի պատյանն անվանում են կոյրա, իսկ չորացրած միջուկը՝ կոպրա, որից ստանում են կոկոսի յուղ։ Ծովամերձ արևադարձային երկրներում կոյրան և կոպրան արտահանման հիմնական ապրանքներն են։ Կոկոսյան արմավենուց ստացվում է նաև դիմացկուն ու թեթև փայտանյութ։
Արմավենիների շատ տեսակների ծաղկաբույլի ցողունի կտրվածքից հոսում է քաղցր հյութ, որից պատրաստում են շաքար, մաթ կամ գինի։ Յուղ ստանում են նաև աֆրիկյան յուղատու արմավենու մանր, ձիթապտղանման պտուղներից։ Սագոյան արմավենիների բնի միջուկում պարունակվող օսլայաշատ զանգվածը մանրացնելով ստանում են ալյուր (Ինդոնեզիայում և Մելանեզիայում)։ Որոշ արմավենիներից պատրաստում են բուսական մոմ։
Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արմավենի Արխիվացված 2011-12-18 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավենազգիներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավենազգիներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 90)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.