Արիանոս
պատմիչ / From Wikipedia, the free encyclopedia
Լուցիոս Փլաբիոս Արիանոս (լատին․՝ Lucius Flavius Arrianus, հունարեն՝ Αρρτανός, մոտ 89 կամ 95[1], Նիկոմեդիա - մոտ 175[2][3] կամ 180[1], Աթենք, Achaea, Հին Հռոմ), հին հույն պատմիչ և աշխարհագիր, զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ Հռոմեական կայսրությունում։ Ծնվել է Բունիաթիայի Նիկոմեդիա քաղաքում։ Աշակերտել է հույն ստոիկ փիլիսոփա Եպիկտետոսին։ Հռոմում ստացել է ռազմական գիտելիքներ։ Քաղաքական հայացքներով եղել է կայսրության ջատագով։ Հռոմեական ծերակույտի անդամ էր, հյուպատոս, արքոնտ, 131-137 թթ.՝ Կապադովկիայի կուսակալ։ Գրել է պատմական, փիլիսոփայական, ռազմական, աշխարհագրական և այլ բնույթի երկեր։
Ծնվել է | մոտ 89 կամ 95[1] Նիկոմեդիա |
---|---|
Մահացել է | մոտ 175[2][3] կամ 180[1] Աթենք, Achaea, Հին Հռոմ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուղղություն | Ստոիցիզմ |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ, փիլիսոփա, ռազմական գործիչ և գրող |
Պաշտոն(ներ) | հինհռոմեացի սենատոր, Աթենքի արխոնտ և կոնսուլ |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[4] |
Flavius Arrianus Վիքիպահեստում |
Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունը (7 գրքից) Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների պատմության արժեքավոր աղբյուր է։ Գիրքը շարադրելիս հեղինակն օգտագործել է Ալեքսանդրի նամակները, նրա զորավարների աշխատությունները, արքունի հիշատակարանը։ «Ալեքսանդրի Անաբասիս»-ում կարևոր տեղեկություններ են պահպանված նաև Աքեմենյանների բանակում կռվող հայկական ռազմական ուժերի մասին։
«Հուշեր Եպիկտետոսի մասին» փիլիսոփայական երկը լավագույն աղբյուր է ստոիկների ուսմունքի մասին։ Արիանոսի «Հնդկաստան», «Շրջագայություն Եվքսինյան Պոնտոսում», «Նեարքոսի արշավանքների նկարագրությունը» աշխատություններն ունեն տեղագրական, աշխարհագրական բնույթ։ «Գործերը Ալեքսանդրից հետո» երկում Արիանոսը ներկայացրել է դիադոքոսների պատմությունը, որից պահպանվել են պատառիկներ։ Մեզ հասել են նրա «Պարթևաստանի պատմությունը», «Ալանների պատմությունը», «Բութանիայի պատմությունը» և այլ աշխատությունների միայն վերնագրերը։ Կյանքի վերջին տարիներին նվիրվել է քրմության։