Ատլաս (աշխարհագրություն)
From Wikipedia, the free encyclopedia
Ատլաս, աշխարհագրական քարտեզների համակարգված ժողովածուն՝ հրատարակված ալբոմի, գրքի ձևով կամ էլեկտրոնային տարբերակով։ Ժամանակակից աշխարհագրական ատլասներին բնորոշ են քարտեզների ներքին միասնությունը, համաձայնեցվածությունը և փոխլրացումը. դրանք ոչ թե ուղղակի տարբեր աշխարհագրական քարտեզների հավաքածուներ են կամ նրանց մեխանիկական համադրությունը գրքի կամ ալբոմների տեսքով, այլ իրենց մեջ միավորում են միմյանց հետ կապված և միմյանց լրացնող քարտեզներ, որոնք կազմում են մի համակարգ, որը պայմանավորված է ատլասի նշանակությամբ և նրա օգտագործման առանձնահատկություններով։ Աշխարհագրական ատլասները սովորաբար կազմվում են Երկիր մոլորակի համար, սակայն այդպիսի ատլասներ կան նաև Արեգակնային համակարգի այլ մոլորակների և դրանց արբանյակների համար։ Աշխարհագրական ատլասները տարբերվում են տարածքի ընդգրկմամբ (աշխարհի, առանձին պետությունների և մարզերի), բովանդակությամբ (ընդհանուր աշխարհագրական, տնտեսական, քաղաքական, հատուկ և համալիր), նպատակով (ուսումնական, տեղեկատու, տուրիստական, ռազմական)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6f/OrteliusWorldMap.jpeg/640px-OrteliusWorldMap.jpeg)
«Ատլաս» անվանումը մտցրել է ֆլամանդական քարտեզագիր Գերհարդ Մերկատորը (1595), ի պատիվ Լիբիայի առասպելական արքա Ատլասի, որն իբր առաջինն է պատրաստել երկնային գլոբուսը[1][2]։ Առաջին ձեռագիր քարտեզների ժողովածուն կազմել է Պտղոմեոսը (2-րդ դար)։ Հայերեն առաջին ատլասը, որ կոչվել է «Աշխարհագրական ատլաս ըստ աշխարհագրական զենութեանց», հրատարակվել է 1786 թվականին Վենետիկում[1]։