Ասեղնաբուժություն
From Wikipedia, the free encyclopedia
Ասեղնաբուժություն (ակուպունկտուրա լատին․՝ acus՝ ասեղ և լատին․՝ punctura (pungo, pungere)՝ ծակել բառերից), չինական ժողովրդական բժշկության մեթոդ, դասվում է այլընտրանքային բժշկության մեթոդների շարքին։ Փաստացի այն պսեվդոգիտություն է, քանզի դրա տեսությունն ու պրակտիկան հիմնված չեն գիտական փաստերի վրա։ Բժշկության ժամանակ կիրառվում են հատուկ ասեղներ, որոնց միջոցով ներգործում են հատուկ կենտրոնների վրա։ Ենթադրվում է, որ այդ կենտրոնները գտնվում են միջօրեականներում, որտեղով շրջանառում է Ցին («կենսական էներգիան»)։ Մեթոդն օգտագործվում է ցավազրկման և բուժման նպատակներով։ Թերապիան ծնվել է հին Չինաստանում և ունի մոտ 4 հազար տարվա պատմություն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cd/Acupuncture_chart_300px.jpg/250px-Acupuncture_chart_300px.jpg)
Ըստ չինական տրադիցիայի՝ ասեղնաբուժությունը վերաբերում է ռեֆլեքսաբուժությանը, այսինքն՝ ասեղները մարմնի մակերևույթի կենսաբանորեն ակտիվ խիստ որոշակի կետերի մեջ (դրանց թիվը մոտ 700 է) մտցնելիս գրգիռը փոխանցվում է կենտրոնական նյարդային համակարգ, որի միջոցով վերականգնվում կամ ուժեղանում է գլխուղեղի և ողնուղեղի կարգավորող ազդեցությունը հիվանդ օրգանի վրա։ Կենսաբանորեն ակտիվ կետերի զուգակցման ընտրությունը պահանջում է մեծ հմտություն և բժշկական հատուկ կրթություն։ Այդ կետերը կարող են համապատասխանել որոշակի օրգանի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի որոշակի ֆունկցիայի ուժեղացմանը կամ թուլացմանը[1]։