From Wikipedia, the free encyclopedia
Ապակու պատմություն, ընդգրկում է մոտավորապես 5,6 հազար տարի։ Այժմ համարվում է, որ ապակու հայրենիքը Հին Եգիպտոսն է[1]։
Բնական պայմաններում արտադրված ապակին, հատկապես՝ հրաբխային ապակին (օբսիդիան), օգտագործվել է դեռևս քարե դարից՝ կտրող գործիքների մշակման համար։ Քանի որ նման նյութը հազվադեպ է հանդիպել, այն դարձել է եկամտաբեր ապրանք։
Հնագիտական աղբյուրները վկայել են, որ արհեստական ապակի առաջին անգամ արտադրվել է Սիրիայի ափին, Միջագետքում կամ Հին Եգիպտոսում[2]։ Ամենահին ապակյա իրերի մեծ մասը հայտնաբերվել է Եգիպտոսում` պայմանավորված ապակու պահպանման համար բարենպաստ կլիմայական պայմաններով, սակայն հնարավոր է, որ դրանցից մի քանիսը ներմուծվել են Եգիպտոս։ Ամենահին ապակե առարկաները թվագրվում են մ.թ.ա. III հազարամյակով։ Սրանք ապակե ուլունքներ են, որոնք կարող են պատահաբար ստեղծվել մետաղի կամ կերամիկայի արտադրության ընթացքում:
Եգիպտոսում և Արևմտյան Ասիայում (օրինակ՝ Մեգիդոյում) ուշ բրոնզի դարում ապակու պատրաստման տեխնոլոգիան կտրուկ թռիչք է կատարել[3]։ Այս ժամանակաշրջանի հնագիտական գտածոները ներառել են գունավոր ապակյա ձուլակտորներ և անոթներ, որոնք երբեմն զարդարված են եղել կիսաթանկարժեք քարերով։ Եգիպտական և սիրիական ապակի պատրաստելու համար օգտագործվել է սոդա, որը հեշտությամբ ստացվել է բազմատեսակ փայտի ածուխներից, հատկապես՝ ծովի ափին աճող հալոֆիտ բույսերից։ Ամենավաղ անոթները պատրաստվել են ճկուն ապակե մանրաթելեր պտտելով մետաղյա ձողի վրա ամրացված կաղապարի շուրջ, որը պատրաստվել է ավազից և կավից։ Դրանից հետո, բազմիցս տաքացնելով ապակին, այն միաձուլել են մեկ տարայի մեջ։ Գունավոր ապակու շերտերն այնուհետև հնարավոր է եղել կիրառել սկզբնական ձևի վրա՝ այդպիսով ստեղծելով դիզայն։ Այնուհետև կաղապարը ոչնչացվել է, իսկ ձողը հանվել է ստացված անոթից։
Մ․թ․ա․ 15-րդ դարում ապակին զանգվածաբար արտադրվել է Արևմտյան Ասիայում, Կրետեում և Եգիպտոսում[4]։ Ենթադրվում է, որ բնական նյութերից ապակի արտադրելու տեխնոլոգիան խստորեն պահպանված գաղտնիք է եղել, և այդ տեխնոլոգիաները կիրառվել են միայն ամենահզոր պետությունների տիրակալների արքունիքում։ Այլ վայրերում ապակու արտադրությունը բաղկացած է եղել նախապես պատրաստված ապակու մշակումից, հաճախ՝ ձուլակտորների տեսքով։ Նման ձուլակտորներ, օրինակ, հայտնաբերվել են Ուլու-Բուրուն նավի խորտակման վայրում՝ ժամանակակից Թուրքիայի ափերի մոտ։
Ապակին շարունակել է մնալ շքեղության առարկա, իսկ ապակեգործությունը, թվացել է, թե ուշ բրոնզեդարյան քաղաքակրթությունների հետ կվերանա։
Մ․թ․ա․ 9-րդ դարում Սիրիայում և Կիպրոսում վերսկսվել է ապակու արտադրությունը, հայտնաբերվել են անգույն ապակու արտադրության տեխնոլոգիաներ։ Ապակու պատրաստման առաջին հայտնի «ձեռնարկը» թվագրվում է մ.թ.ա. 650 թվականին։ Այդ ձեռնարկը Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալի գրադարանում պահված սալիկներն են։ Ապակու պատրաստումը չի վերածնվել Եգիպտոսում մինչև հույների կողմից այն Պտղոմեոսյան թագավորություն բերելը։ Հելլենիստական ժամանակաշրջանում նկատվել է ապակեգործության տեխնոլոգիայի հետագա զարգացում, որը հնարավորություն է տվել արտադրել մեծ ապակյա իրեր, մասնավորապես՝ սպասք։ Մշակվել է մի քանի գույնի ապակիների միախառնման տեխնոլոգիա, որպեսզի ստացվի խճանկարային կառուցվածք։ Հենց այս ժամանակահատվածում անգույն ապակին սկսել է ավելի շատ գնահատվել, քան գունավոր ապակին, և, համապատասխանաբար, բարելավվել է դրա արտադրության տեխնոլոգիան[5]։
Ամբողջ Հռոմեական կայսրությունում ապակե առարկաներ հայտնաբերվել են ինչպես կենցաղային, այնպես էլ՝ հուղարկավորության և արդյունաբերական համատեքստերում։ Դրանք հիմնականում օգտագործվել են սպասքի, բայց նաև խճանկարների և պատուհանների ապակեպատման համար։
Ըստ Իսիդոր Սևիլացու «Ստուգաբանություններ» լեգենդի՝ ապակին առաջին անգամ պատրաստվել է Բելուս գետի գետաբերանում, որտեղ ափամերձ ավազը բաղկացած է եղել քվարցի և կրաքարի խառնուրդից[6]։ Ներկայումս այս գետը կոչվում է Նահալ Նեման (եբրայերեն՝ נחל נעמן) և գտնվում է Իսրայելի Աքքա քաղաքի մոտ։
Այս դիցաբանական վարկածի աղբյուրը Պլինիոս Ավագի «Բնական պատմությունն» է եղել[7]։ Եվ այս գեղեցիկ լեգենդը հավանաբար առաջացել է՝ որպես ապակու արտադրության հռոմեական փորձի արտացոլում։ Միջերկրական ծովի արևելյան ափում, ինչպես նաև՝ հումքի այլ նմանատիպ աղբյուրներում հանդպիող սպիտակ քվարցը, իր քիմիական մաքրության շնորհիվ, լայնորեն օգտագործվել է ողջ Հռոմեական կայսրությունում ապակու արտադրության համար, որն արագ զարգացում է ունեցել մ.թ.ա. I դարում։ Սիրիա-պաղեստինյան ափին իրական ապակու տեխնոլոգիաների առաջացման առաջին հնագիտական և հավաստի պատմական վկայությունները վերաբերել են նույն ժամանակաշրջանին։ Պլինիոսի լեգենդը, ինչպես և նրա շատ գրառումներ, որոնք, բնականաբար, արտացոլվել են Իսիդոր Սևիլացու ստեղծագործության մեջ, չեն կարող պատմականորեն ճիշտ ապացույց համարվել[8][9]։
Փորձնականորեն հաստատվել է, որ հնարավոր չէ ապակին այս կերպ զոդել։ Ջերմությունը, որը առաջացնում է նույնիսկ շատ ուժեղ կրակը, բավարար չէ ավազի և սոդայի համաձուլվածք ձևավորելու համար։ Բացի այդ, կան նաև այլ տեխնոլոգիական առանձնահատկություններ, որոնք ակնհայտորեն հակասում են ապակեգործության ծագման այս վարկածին[10][11][12]։
Առաջին ապակե պատուհանը հայտնվել է Պոմպեյի հունական բաղնիքում։ Դրա չափսը 1x1.5 մ է եղել։ Հենց այդ ժամանակ առաջին անգամ սկսվել է օգտագործվել պատուհանի շրջանակը[13]։
Միջնադարում ապակին լայնորեն օգտագործվել է սպասք պատրաստելու համար։ Իտալիան (վենետիկյան ապակի) և Չեխիան (բոհեմական ապակի) դարձել են ապակեգործության կենտրոններ։ Անգլիացի վանական Ռոջեր Բեկոնն առաջին քայլերն է արել օպտիկական ապակիների տեխնոլոգիայի զարգացման մեջ։ Ապակե պատուհանները (բիֆորիում, վարդ, տրիֆորա) դարձել են միջնադարյան գոթական տաճարների անբաժանելի մասը։ Միջնադարում պատուհանի ապակի պատրաստելու երկու եղանակ է օգտագործվել՝ «լուսնային մեթոդը» և «գլանային մեթոդը»։
Հետագայում ապակու տեխնոլոգիան նոր խթան է ստացել զարգացման համար։ Օպտիկական ապակին հայտնվել է աստղադիտակների և մանրադիտակների ոսպնյակների մեջ։ Ապակին սկսել է լայնորեն կիրառվել ապակե տարաների արտադրության համար։ Ապակին շարունակել է մնալ ինչպես բարոկկո, այնպես էլ՝ մոդերն (ապակե տաղավար) ճարտարապետության անբաժանելի տարր։
20-րդ դարի սկզբին բելգիացի ինժեներ Էմիլ Ֆուրկոն մշակել է պատուհանի ապակիների մեխանիկական արտադրության մեթոդ՝ օգտագործելով ձգման մեթոդը[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.