Աշխարհի ժողովրդագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Երկիրը ունի 7․9 միլիարդ բնակչություն՝ 50 մարդ/կմ² խտությամբ (չներառած Անտարկտիդան)։ Աշխարհի բնակչության երկու երրորդը բնակվում է Ասիայում, 2․7 միլիարդից ավելը բնակվում է Չինաստանում ու Հնդկաստանում միասին։ Հնդկաստանի, Չինաստանի և մնացյալ Հարավային Ասիայի՝ աշխարհի բնակչության տոկոսային չափաբաժինը պատմության մեջ վերջին մի քանի հազար տարում չի փոխվել[1][2]։ Աշխարհի գրագիտության մակարդակը վերջին 40 տարում կտրուկ աճել է․ 1979 թվականի 66.7%-ը դարձել է այսօր 86․3%[3]։ Ցածր գրագիտության մակարդակը մեծամասամբ կապված է աղքատության հետ։ Ցածր գրագիտության մակարդակ կա Հարավային Ասիայում և Ենթասահարայում[4]։ Աշխարհի ամենամեծ էթնիկ խումբը Հան չինացիներն են՝ մանդարինը դարձնելով աշխարհի ամենատարածված լեզուն՝ ըստ մայրենի լեզու համարողների թվի։
Աշխարհի բնակչությունը հիմնականում քաղաքաբնակ և ենթաքաղաքաբնակ է և մեծ գաղթ կա դեպի քաղաքներ։ Քաղաքային բնակչությունը 1950 թվականի 29%-ից թռիչքաձև աճելով 2018 թվականին դարձել է 55․3%[5][6]։ Չինաստանը և Հնդկաստանը ամենաբնակեցված երկրներն են[7]։ Ծնելիության գործակիցը զարգացած երկրներում շարունակաբար նվազում է, մինչդեռ զարգացող երկրներում մինչև վերջերս շարունակում է բարձր մնալ։ Տոկիոն ամենամեծ քաղաքային մետրոպոլիտենն է աշխարհում[6][8]։
Ըստ 2017 թվականի տվյալների՝ աշխարհի ծնելիության մակարդակը 2․43 երեխա/կին է[9]։ Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության աճը բաշխված է անհավասարաչափ․ Սինգապուրում աշխարհի ամենացածր ծնելիության մակարդակն է՝ 0․83, իսկ ամենաբարձրը՝ Նիգերում՝ 6․49[10]։ Ներկայումս աշխարհի բնակչության աճը մոտ 1․09% է[6]։ 2011 թվականին 18-ից ցածր տարիք ունեցողները կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդը (29․3%) և 65 և բարձր տարիքի մարդիկ կազմում մեկ տասներորդից պակասը (7․9%)[6]։
Աշխարհի բնակչությունը 20-րդ դարի ընթացքում ավելի քան երեք անգամ մեծացել է․ 1900 թվականի 1,65 միլիարդը 1999 թվականին դարձել է 5․97 միլիարդ[11][12][13]։ 2 միլիարդի շեմն անցել է 1927 թվականին, 3 միլիարդը՝ 1960 թվականին, 4 միլիարդը՝ 1974 թվականին, 5 միլիարդը՝ 1987 թվականին[14]։ Ըստ 2018 թվականի դեկտեմբերի տվյալների՝ աշխարհհի ընդհանուր բնակչության թիվը մոտ 7․8 միլիարդ է։ Ներկայումս բնակչության աճը ամենաարագը աղքատ, քիչ զարգացած երկրներում է[15]։ ՄԱԿ-ը նախատեսում է, որ 2050 թվականին աշխարհի բնակչության թիվը կկազմի 9․15 միլիարդ, ինչը 2010 թվականի համեմատ 32․69%-ով է աճել (6․89 միլիարդ)[11]։