Անիմե
From Wikipedia, the free encyclopedia
Անիմե (['anʲɪmə, ənʲɪ'mɛ], ճապ.՝ アニメ (օգնություն • ինֆո) [anʲime]), ճապոնական անիմացիոն արտադրանք, որ սովորաբար ստեղծվում է ձեռքով կամ համակարգչային անիմացիայի միջոցով։ Անվանումը animation բառի ճապոներեն տարբերակի կրճատ ձևն է, որը Ճապոնիայում օգտագործվում է ցանկացած անիմացիայի մասին խոսելիս, սակայն այլ լեզուներում եզրույթը նկարագրում է հենց ճապոնական կամ ճապոնանման անիմացիան, որը աչքի է ընկնում վառ ոճով, «համեղ» ու արտահայտիչ հերոսներով և ֆանտաստիկ թեմաներով։ Չնայած նրան, որ նման ոճի անիմացիան կարող է արտադրվել Ճապոնիայից դուրս, արևմուտքում շատերը սկզբունքորեն «անիմե» են համարում միմիայն ճապոնական անիմացիան։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոմերցիոն ճապոնական անիմացիան սկիզբ է առել դեռևս 1917 թ., և անիմե աշխատանքների արտադրանքը այդ ժամանակվանից սկսած կայուն աճ է արձանագրում։ Անիմեին հատուկ ոճը հայտնվեց 1960-ականներին Օսամու Տեզուկայի աշխատանքներում, իսկ քսաներորդ դարի երկրորդ կեսին այն տարածվեց աշխարհով մեկ՝ ձեռք բերելով հազարավոր հանդիսատեսների համակրանքը թե՛ Ճապոնիայում և թե՛ արտերկրում։ Անիմեն հանդիսատեսին է մատուցվում կինոթատրոններում, հեռուստատեսային հաղորդումների և համացանցի միջոցով։ Այն բաժանվում է մի շարք ժանրերի և այսպիսով ընդգրկում է հանդիսատեսի լայն շրջանակներ։
Անիմեն արվեստի բազմաբնույթ տեսակ է՝ իրեն հատուկ արտադրման մեթոդներով և տեխնիկայով, որոնք տարիների ընթացքում զարգացում են ապրել և հարմարվել են ժամանակակից տեխնոլոգիաներին։ Անիմե արտադրության գործընթացի ժամանակ ուշադրություն է դարձվում ոչ այնքան հերոսի շարժման անիմացիայի ստեղծմանը, որքան միջավայրի և իրադարձությունների իրատեսականությանը, ինչպես նաև տեսախցիկի էֆեկտներին՝ կադրի խոշորացման, անկյունային հայացքի և տեսարանի շարժմանը։ Հերոսների արտաքինի և կառուցվածքի ստեղծման ընթացքում օգտագործվում են զանազան գեղարվեստական ոճեր, այդ պատճառով նրանց արտաքին հատկությունները կարող են խիստ տարբերվել միմյանցից։ Օրինակ՝ հերոսները կարող են ունենալ անիմեին հատուկ մեծ և էմոցիոնալ աչքեր կամ էլ իրական չափի աչքեր։
Անիմե արտադրությամբ զբաղվում է ավելի քան 430 ստուդիա՝ ներառյալ այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Studio Ghibli-ն, Gainax-ը և Toei Animation-ը։ Չնայած նրան, որ անիմեն գրավում է տեղական ֆիլմային շուկայի համեմատաբար մեծ մասը, այն նաև գրանցում է բավականին մեծ թվաքանակով DVD վաճառքներ և աշխարհում շատ տարածված է դարձել հեռուստատեսային անգլերեն հնչյունավորման վերելքից հետո։