From Wikipedia, the free encyclopedia
Այշե Դիտտանովա (Ղրիմի թաթարերեն՝ Ayşe Dittan; փետրվարի 27, 1918, Յալթա, Տավրիկյան նահանգ - նոյեմբերի 15, 2015[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Ղրիմի դերասանուհի, Ղրիմի թաթարական դրամատիկական թատրոնի վերածննդի նախաձեռնող[2]։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1993)[3]։
Ծնվել է | փետրվարի 27, 1918 |
---|---|
Ծննդավայր | Յալթա, Տավրիկյան նահանգ |
Մահացել է | նոյեմբերի 15, 2015[1] (97 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ուկրաինա և ԱՄՆ |
Պարգևներ |
Այշե Դիտտանովան ծնվել է 1918 թվականի փետրվարի 27-ին՝ Դերեկոյ գյուղում (այժմ վերացված գյուղ Ղրիմում, մտել է Յալթա քաղաքի կազմի մեջ)[4]։ 1933 թվականին Դիտտանովան ավարտել է Սիմֆերոպոլի թատերական ուսումնարանը[5]։ Ավարտելուց հետո սկսել է աշխատել Ղրիմի դրամատիկական թատրոնի թատերախմբում[6]։
1937 թվականին ԽՍՀՄ-ում բռնաճնշումներ են սկսվել Ղրիմի թաթարների դեմ, Դիտտանով քույրերի ամուսինները մեղադրվել են «պետական դավաճանության» մեջ ու սպանվել։ Չնայելով բոլոր դժվարություններին՝ Դիտտանովան չի լքել թատրոնը, չնայած նրան տրվել են փոքր էպիզոդիկ դերեր[2]։ Նրա դերը «Բախչիսարայի շատրվան» ներկայացման մեջ համարվում է ամենանշանակալին Դիտտանովայի բեմական կարիերայում[5]։
1938 թվականին Դիտտանովան ամուսնացել է Մեկիտ Ասանովի հետ, ով նաև աշխատել է Ղրիմի թաթարական թատրոնում։ Նրանք մեծացրել են երկու դուստր ու մեկ որդի[2]։
Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Դիտտանովան, բեմի մյուս դերասանների հետ միասին, Ղրիմում ցույցեր է անցկացրել զինվորների համար, իսկ 1944 թվականին նրան աքսորել են Լենինաբադ, Տաջիկստան[2]։ 1946-1951 թվականներին Լենինաբադի ռուսական դրամատիկական թատրոնում նա շարունակել է թատերական դերասանուհու կարիերան։ ԽՍՀՄ տոտալիտար քաղաքականության պատճառով Դիտտանովային, ինչպես նաև Ղրիմի թաթարական ծագում ունեցող մյուս դերասաններին թույլ չեն տվել զբաղվել ազգային արվեստով[7]։
1989 թվականին Դիտտանովան վերադարձել է Ղրիմ և անմիջապես սկսել է աշխատել Ղրիմի թաթարական թատրոնի վերականգնման ուղղությամբ[2]։ Թատրոնի վերականգնումից հետո Դիտտանովան այնտեղ աշխատել է 1990-1996 թվականներին[8]։
1993 թվականին Դիտտանովային շնորհվել է Ուկրաինայի վաստակավոր արտիստի կոչում՝ մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար[3]։ 1996 թվականից նա ապրել է Նյու Յորքում[6], բազմիցս այցելել է Ղրիմ և 2010 թվականին Սիմֆերոպոլի Ղրիմի թաթարական գրադարանում մասնակցել է ստեղծագործական հանդիպմանը[5][9]։
2014 թվականին նա ելույթ է ունեցել Ղրիմի թաթարների տեղահանության 70-րդ տարելիցին նվիրված արարողությանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում[10]։
Այշե Դիտտանովան մահացել է 2015 թվականի նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.