From Wikipedia, the free encyclopedia
Մուհամեդ Ամին ալ Հուսեյնի (արաբ․՝ محمد أمين الحسيني) (հունվարի 1, 1895, Երուսաղեմ, Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 4, 1974[2][3][4][…], Բեյրութ, Լիբանան), Երուսաղեմի մուֆթի, Պաղեստինի արաբ ազգայնականների առաջնորդը։
Ամին ալ Հուսեյնի | |
Կուսակցություն՝ | Արաբական գերագույն կոմիտե |
---|---|
Կրթություն՝ | ալ-Ազհար համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և mufti |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1895 |
Ծննդավայր | Երուսաղեմ, Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանի օր | հուլիսի 4, 1974[2][3][4][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան |
Թաղված | Martyrs' Cemetery in Beirut |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Մանդատային Պաղեստին |
Հայր | Mohammed Tahir al-Husayni? |
Սերում է Երուսաղեմի արաբական ամենահարուստ և ազդեցիկ ընտանիքներից մեկից։ Սովորել է Երուսաղեմի Ալյանս հրեական շարժման դպրոցում, այնուհետև Կահիրեի Ալ-Ազհար իսլամական համալսարանում[5] և Ստամբուլի վարչական ծառայողների պատրաստման ուսումնարանում։ 1914-1917 թվականներին ծառայել է թուրքական բանակում։ Պաղեստինի՝ բրիտանացիների կողմից բռնազավթումից հետո, դարձել է ռազմական վարչախմբի պաշտոնյա։ Գլխավորել է «Արաբական ակումբը»։ Վերջինս Երուսաղեմի ազգայնական տրամադրվածություններ ունեցող արաբական երիտասարդական երկու խոշոր կազմակերպություններից մեկն էր։
Ալ Հուսեյնին անգլիական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ 1920 թվականի ապրիլին Երուսաղեմում հակահրեական անկարգություններ կազմակերպելու համար[6]։ Նույն տարվա օգոստոսին համաներման է արժանացել։ 1921 թվականի մայիսին բրիտանական բարձրագույն կոմիսար Հերբերտ Լուիս Սեմուելը Հուսեյնիին նշանակել է Երուսաղեմի մուֆթի[7] (մինչև 1921 թվականի մարտ ամիսը այդ պաշտոնը զբաղեցրել է նրա խորթ եղբայրը)։
Հուսեյնին ակտիվ մասնակցություն է ունեցել 1929 թվականին Պաղեստինում կազմակերպված հրեական ջարդերի ժամանակ։ 1931 թվականին նա նախագահել է Իսլամական համաշխարհային կոնֆերանսը, որին մասնակցում էին իսլամադավան 22 պետություններ։
1936 թվականին Ալ-Հուսեյնին հանդիպել է շվեյցարացի բանկիր Ֆրանսուա Ժենոյի հետ, որը հետագայում դարձել է Երրորդ Ռայխի հայտնի ֆինանսիստը Մերձավոր Արևելքում[8]։ Համաձայն Չակ Մորզեի, նացիստները ֆինանսավորում էին ալ-Հուսեյնիին՝ 1930-ական թվականներին Պաղեստինում տեղի ունեցած արաբական ապստամբության ժամանակ[9]։
1936 թվականի փետրվարի 11-ին, հանդես գալով Հիտլերյուգենդի օրինակով իր կողմից ստեղծված «Al Futuwwah» երիտասարդական կազմակերպության առաջին նիստին[10], նա նշել է, որ Հիտլերը սկսել է 6 հետևորդներով, իսկ հիմա նրանց թիվը հասնում է 60 միլիոնի։ «Al Futuwwah» դարձել է արաբական հիմնական ընդհատակյա խումբը ոչ միայն 1936-1939 թվականներին տեղի ունեցած արաբական ապստամբության, այլև 1947-1949 թվականներին տեղի ունեցած արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ[11]։
1936 թվականին Նաբլուսում կայացած արաբական կուսակցությունների կոնֆերանսում Հուսեյնիի գլխավորությամբ ընտրվել է Արաբական բարձրագույն կոմիտեն, որը 1936-1939 թվականներին գլխավորել է արաբական ապստամբությունը։ Գնդապետ Ֆրեդերիկ Քիշը 1938 թվականին գրել է[7].
Ես ամենևին չեմ կասկածում, որ եթե մուֆթին չարամտորեն չօգտագործեր իր ահռելի իշխանությունը, իսկ կառավարությունն էլ 15 տարի չհանդուրժեր նրա քայլերը, ապա արաբներն ու հրեաները վաղուց հասած կլինեին փոխըմբռնման՝ մանդատի ստանալու հարցում։— Ֆ. Հ. Քիշ. Պաղեստինյան օրագիր, Լոնդոն, 1938, էջ 20
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին բրիտանական իշխանությունները Հուսեյնիին հեռացրել են մուֆթիի պաշտոնից։ Վերջինս փախել է, սակայն շարունակել է Բեյրութից և Դամասկոսից ղեկավարել արաբական ապստամբությունները։ 1940 թվականին Հուսեյնին մեկնել է Իրաք, որտեղ մասնակցել է պրոգերմանական հակաբրիտանական հեղաշրջմանը, որը 1941 թվականին փորձում էր իրականացնել Ռաշիդ ալ Հայլանին։ Անգլիացիների կողմից հեղաշրջման ճնշումից հետո, նա բնակվել է Իտալիայում, այնուհետև՝ Նացիստական Գերմանիայում, որտեղ գերմանական կառավարությունից ամսական ստացել է 50 000 մարկ[12][13]։
1941 թվականի նոյեմբերի 28-ին Բեռլինում տեղի է ունեցել Ալ Հուսեյնիի և Հիտլերի հանդիպումը։ Ինչպես հաղորդել են նացիստական լրատվական ծառայությունները, «ֆյուրերը ողջունել է Երուսաղեմի մեծ մուֆթիին, որը համարվում է արաբական ազգային շարժման կարկառուն ներկայացուցիչներից մեկը»։ Հանդիպման ժամանակ ալ Հուսեյնին Հիտլերին անվանել է «իսլամի պահապան», իսկ վերջինս էլ իր հերթին, խոստացել է մուֆթիին «Մերձավոր Արևելքից վերացնել հրեական տարրերը»[14]։ Հուսեյնին Հիտլերին ասել է, որ Գերմանիան և արաբները իրական դաշնակիցներ են, քանի որ ունեն ընդհանուր թշնամիներ՝ անգլիացիները, հրեաները և կոմունիստները։ Հուսեյնին խոստացել է կազմակերպել համաարաբական ապստամբություն և շարունակել ստեղծել Արաբական լեգեոն՝ Վերմախտի զինված ուժերի կազմում։ Հիտլերը խոստացել է լուծարել Պաղեստինում «հրեական ազգային օջախը» և պատերազմից հետո արաբներին տալ անկախություն։ Այդուհանդերձ, պաշտոնական այդպիսի հայտարարություն չի արվել[15][16]։ Համաձայն ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից 2010 թվականին կատարած բացահայտումների, Հիտլերը Հուսեյնիին խոստացել է, որ գերմանական զորքերը, որոնք վերադասվելու էին Կովկասում, և Աֆրիկյան կորպուսը «կազատագրեն Մերձավոր Արևելքի արաբներին» և որ, «Գերմանիայի գլխավոր նպատակը կլինի հրեաների ոչնչացումը»[13]։
Ամին ալ Հուսեյնին օգնել է ՍՍ-ի կազմում ձևավորել մուսուլման բոսնիացիներից կազմված դիվիզիա (ՍՍ-ի «Հանջար» 13-րդ լեռնային դիվիզիա)[5]։
Ի հավելումն դրա, նա առաջարկել է Վերմախտի կազմում ստեղծել բազմահազարանոց Արաբական լեգեոն։ 1943 թվականին նա անձամբ դիմել է արտաքին գործերի ռեյխսնախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպին՝ պահանջելով կանխարգելել Բուլղարիայից դեպի Պաղեստին 5000 հրեա երեխաների տարհանումը։ Նա պնդել է ռմբակոծել Թել Ավիվը, Պաղեստինում իջեցնել գերմանացի պարաշյուտիստներ։ 1944 թվականի մարտի 1-ին «Բեռլինի ռադիոյով» մուֆթին իսլամական ողջ աշխարհին կոչ է արել ջիհադ հայտարարել հրեաների դեմ։ Նա հայտարարել է․ «Արաբներ, մի մարդու նման կանգնեք և պայքարեք ձեր սուրբ իրավունքների համար։ Սպանեք հրեաներին, որտեղ որ նրանց կհանդիպեք։ Դա հաճո է Աստծուն, պատմությանը և կրոնին։ Այն կփրկի ձեր պատիվը։»[5]։
Նացիստների հետ լավ հարաբերություններ մուֆթին պահպանել է նաև հետպատերազմյան շրջանում։ Նրա ընկերների շարքում հայտնի է եղել Յոհան ֆոն Լերսը, ով եղել է Յոզեֆ Գեբելսի գաղափարակից ընկերներից մեկը։
Գերմանիայի պարտությունից ոչ շատ առաջ, Ալ Հուսեյնին ինքնաթիռով ավստրիական Կլագենֆուրտ քաղաքից մեկնել է Շվեյցարիա և ապաստան հայցել։ Երբ շվեյցարական իշխանությունները մուֆթիին մերժել են, նա որոշել է հանձնվել ֆրանսիացիներին։ Ֆրանսիացիները ձերբակալել են նրան և պահել Փարիզի Շերշ միդի բանտում, այնուհետև Փարիզի մերձակա առանձնատներից մեկում։ Ալ Հուսեյնին հարավսալավական իշխանությունների կողմից ներառվել է դատապարտման ենթակա նացիստ հանցագործների ցանկում։ Սակայն Արաբական պետությունների լիգան դիմել է մարշալ Տիտոյին և խնդրել չպնդել մուֆթիի արտահանձմանը[17]։
1946 թվականին նա փախել և հաստատվել է Կահիրեում։ 1948-1949 թվականներին տեղի ունեցած Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Հուսեյնին Գազայում, որը գտնվում էր եգիպտական զորքերի հսկողության տակ, ձևավորել է «համապաղեստինյան կառավարություն», որը, սակայն, չի ունեցեր որևէ էական իշխանություն և շուտով լուծարվել է։ Հետագայում Հուսեյնին բնակվել է Կահիրեում և Բեյրութում՝ զբաղվելով պանիսլամական բնույթի քաղաքական գործունեությամբ։
Հուսեյնին եղել է Հաշիմյան դինաստիայի մոլի հակառակորդ, հատկապես Աբդալա իբն Հուսեյն արքայի, որը 1965 թվականին սպանվել է Երուսաղեմում՝ Ամիր ալ Հուսեյնիի կողմնակիցներից մեկի կողմից։
Հուսեյնիի բարեկամների թվում են Ֆեյսալ ալ Հուսեյնին (զարմիկը), ով եղել է Պաղեստինի ինքնավար հանրապետության Երուսաղեմի հարցերով նախկին հանձնակատարը, ինչպես նաև Յասեր Արաֆաթը[18]։
Մահացել է 1974 թվականի հուլիսի 4-ին Բեյրութում[6]։
Ալ Հուսեյնիի Պաղեստինում բրիտանացիների և հրեաների դեմ պայքարի կողմնակիցներից մեկը Ֆավզի ալ Քավուքջին, որը ղեկավարում էր Արաբական ազատագրական բանակը, մուֆթիին կոչում է անկիրթ, որը ձգտում էր ամբողջական իշխանության և վարկանիշի։ Մուֆթին եղել է եսակենտրոն, արաբների շրջանում չի հանդուրժել մրցակիցների առկայությանը, ինչպես նաև եղել է իշխանատենչ, որն իր հետ չհամաձայնվողներին մեղադրում էր դավաճանության մեջ։ Նա տալիս էր այլոց սպանելու հրամաններ, առանց խղճի խայթ զգալու։ Ժամանակին, Ֆավզի ալ Քավուքջիին Ալ Հուսեյնին մեղադրել է բրիտանացիների և ֆրանսիացիների հետ համագործակցության մեջ[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.