Ակտաու (ղազ.՝ Aqtau, Ақтау, ռուս.՝ Актау), նավահանգստային քաղաք Ղազախստանում՝ Կասպից ծովի արևելյան ափին, Մանղշլակ թերակղզում։ Թաղամասերի մեծ մասն ընկած է ծովի մակերևույթից ցած՝ Կասպյան իջվածքում։ Բնակավայրի ներկայիս անվանումը ղազախերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «սպիտակ սար». այդ անվան համար հավանաբար հիմք են հանդիսացել քաղաքի մերձակայքում՝ Կասպից ծովի ափին բարձրացող կրաքարե սպիտակ ժայռերը։ 1964-ից 1991 թվականներին քաղաքը ուկրաինացի նշանավոր բանաստեղծ Տարաս Շևչենկոյի պատվին կոչվել է Շևչենկո՝ նկատի առնելով, որ վերջինս այս վայրերում է անցկացրել իր աքսորի տարիները[2]։ Քաղաքը Ղազախստանի Մանղստաու մարզի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը. 2016 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 190 հազար[3]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
Ակտաուում փողոցները, որպես կանոն, անվանումներ չունեն, հասցեները հիմնականում բաղկացած են երեք թվանշանից, որոնցից առաջինը նշում է թաղամասի կամ միկրոշրջանի համարը, երկրորդը՝ շենքի համարը, երրորդը՝ բնակարանի համարը։ Պատճառն այն է, որ բնակավայրն սկզբնապես պլանավորվել և կազմավորվել է որպես նավթարդյունաբերության աշխատողների ճամբար[4]։