ԱՄՆ-ի պատմությունը 1849-1865 թվականներին
From Wikipedia, the free encyclopedia
1849-1865 թվականներն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ը, որը կտրուկ ընդարձակել էր իր տարածքները, ապրում էր մի այնպիսի ժամանակաշրջան, երբ երկրի նահանգների միջև սրվել էին հարաբերությունները, ինչն էլ, վերջիվերջո, հարավային նահագներում հանգեցրեց խռովությունների և արյունալի քաղաքացիական պատերազմի։ Այդ շրջանում Միացյալ Նահանգներում տեղի էին ունենում արդյունաբերականացում և տրանսպորտային հեղափոխություն, որոնք փոխեցին Հյուսիսի և Արևմուտքի տնտեսությունը։ Զանգվածային ներգաղթը, որի ուղղությունը հիմնականում դեպի Հյուսիս էր, նույնպես Ամերիկայի մշակույթում լուրջ փոփոխությունների պատճառ հանդիսացավ։ Կալիֆոռնիական ոսկու տենդի սկիզբը և երկրի արևմտյան շրջանների զանգվածային բնակեցումը կրկին օրակարգում կրկին դրեցին Արևմուտքում ստրկության թույլատրման կամ արգելման հին հարցը։
1850 թվականին երկար տևած քաղաքական պայքարի արդյուքնում ընդունվեց կոմպրոմիսային որոշում, որը մասամբ բավարարում էր ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային նահանգների պահանջերը․ Կալիֆոռնիան դարձավ ստրկատիրությունից ազատ նահանգ, իսկ Տեխասում և ամերիկա-մեքսիկական պատերազմի արդյունքում ԱՄՆ-ին միացված տարածքներում ստրկությունը կարելի էր թույլատրել, եթե դրան կողմ քվեարկեին տեղի բնակչության մեծամասնությունը։ Համաձայն բնակչության ինքնիշխանության սկզբունքի՝ 1854 թվականին ընդունվեց Կանզաս-Նեբրասկայի օրենքը, որը փաստացի չեղյալ էր հայտարարում Միսսուրիի կոմպրոմիսով ընդունված որոշումը, որով սահմանափակում էր Արևմուտքում ստրկության տարածումը։ Կանզասում սկսվեցին զինված բախումներ ստրկության կողմնակիցների և հակառակորդների միջև, որը բևեռացրեց ամբողջ երկիրը։ Կանզասում ստրկատիրության վերացման կողմնակիցների հաղթանակը և ակնհայտ աբոլոցիոնիստական ծրագրով ու Հյուսիսի ընտրողների վրա հիմնվող նոր հանրապետական կուսակցության ստեղծումը խաթարեցին քաղաքական ուժերի հավասարակշռությունը և Հարավում իրենց ապագայի համար անհանգստանալու առիթ տվեցին։ 1860 թվականին հանրապետական կուսակցության թեկնածու Աբրահամ Լինքոլնը Հյուսիսային նահանգների ընտրողների աջակցությամբ և հակառակ Հարավային նահագների ընտրողների կամքի, դարձավ ԱՄՆ նախագահ։ Այդ ժամանակ հարավային նահանգները հայտարարեցին դաշնությունից իրենց դուրս գալու և նոր համադաշնային պետություն ստեղծելու մասին։ Իր վերահսկողության տակ վերցնելով Հարավի զինված ուժերը, Համադաշնությունը ուժով բռնագրավեց Հարավում մնացած ռազմաբազաները, որոնք հավատարիմ էին մնացել Վաշինգտոնի իշխանություններին։ Դրանք քաղաքացիական պատերազմի առաջին մարտերն էին, որոնք շարունակվեցին չորս տարի։ Այդ պատերազմում զոհվեցին 600-700 հազար ամերիկացիներ, պատերազմի և նավահանգիստների ռազմական շրջափակման հետևանքով առաջացած սովի պատճառով հարավային նահանգների մեծ մասը ամայացան։ Վերջիվերջո Հյուսիսը հաղթեց, ԱՄՆ տարածքային ամբողջությունը վերականգնվեց, իսկ երկրում ստրկությունը վերացվեց[1]։