Օբյեկտիվիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Օբյեկտիվիզմ, փիլիսոփայական ուղղություն, որը զարգացրել է ռուս-ամերիկացի գրող և փիլիսոփա Այն Ռանդը։ Նա նկարագրում էր իր փիլիսոփայությունը այսպես․ «մարդու՝ որպես հերոսական էակի կոնցեպտ՝ իր սեփական երջանկությամբ, իր կյանքի բարոյական նպատակով, արդյունավետ ձեռքբերումներով, ամենաազնիվ գործունեությամբ և բանականությամբ՝ որպես միակ բացարձակ»[1]։
Ռենդն իր օբյեկտիվիստական տեսանկյունն առաջին հերթին արտահայտել է գեղարվեստական գրականության մեջ, հատկապես՝ «Շատրվանագլուխը» (1943) և «Ատլանտը պարզեց թևերը» (1957) գրքերում[2], իսկ ավելի ուշ՝ ոչ գեղարվեստական էսսեներում և գրքերում, ինչպես օրինակ «Եսասիրության առաքինությունը» (1964) և «Փիլիսոփայություն․ ով ունի դրա կարիքը» (1982)։
Լեոնարդ Պեյկոֆը՝ պրոֆեսիոնալ փիլիսոփա և Ռանդի մտավոր ժառանգորդը[3][4], օբյեկտիվիզմը բնութագրում էր որպես «փակ համակարգ», քանի որ դրա «հիմնարար սկզբունքները» սահմանվել են հեղինակի կողմից և ենթակա չեն փոփոխության։ Այնուամենայնիվ, նա նաև հայտարարել է, որ «նոր հետևանքներ, կիրառություններ և ինտեգրումներ միշտ կարելի է հայտնաբերել»[5]։ Այս տեսակետը կիսում է նաև Քրեգ Բիդլը իր «Ի՞նչ է օբյեկտիվիզմը» հոդվածում[6]։ Նա կարծում է, որ օբյեկտիվիզն ինքնին ձևավորված փիլիսոփայություն է՝ ստեղծված Այն Ռանդի կողմից, որը տվել է օբյեկտիվիզմի բոլոր բնութագրիչները, իսկ նոր մեկնաբանությունները պարզապես հավելումներ են։
Օբյեկտիվիզմի հիմնական դրույթներից մեկն այն է, որ իրականությունը գոյություն ունի անկախ այն բանից մարդիկ ընկալում են այն, թե ոչ։ Ըստ այդմ, կարելի է իրական աշխարհից օբյեկտիվ գիտելիք ստանալ միայն տրամաբանության միջոցով։ Հենց այս պատճառով Ռանդը իր փիլիսոփայությունը հաճախ անվանում է «երկրի վրա ապրելու փիլիսոփայություն»[6]։ Մեկ այլ կարևոր դրույթ է այն, որ մարդու կյանքի միակ բարոյական նպատակը սեփական երջանկության ձգտումն է (տես ռացիոնալ էգոիզմ)։ Օբյեկտիվիզմի ջատագովները նաև առանձնակի տեղ են տալիս laissez-faire կապիտալիզմին, քանի որ այն համարում են միակ բարոյական համակարգը, որ պաշտպանում է անհատների իրավունքներն ու շահերը։
Ակադեմիական փիլիսոփաները, ընդհանուր առմամբ, քիչ ուշադրություն են դարձրել կամ մերժել են Ռանդի փիլիսոփայությունը[7], չնայած ակադեմիկոսների ավելի փոքր թիվն իրոք պաշտպանել և շարունակում է պաշտպանել նրան ու նրա տեսակետերը[8]։ Այնուամենայնիվ, օբյեկտիվիզմը մեծ ազդեցություն է թողել ազատականների և ամերիկացի պահպանողականների վրա[9]։