Վերնատուն
From Wikipedia, the free encyclopedia
Վերնատուն, 19-րդ դարավերջ, 20-րդ դարի սկզբում Թիֆլիսում գործող հայ առաջին գրական ակումբ-խմբակ, «գրական սալոն»[1], որը հիմնվել է Հովհաննես Թումանյանի կողմից 1899 թվականին։ Խմբակի անդամներին անվանում էին «վերնականներ», կին հյուրերին՝ «վերնանուշներ»։
Վերնատուն | |
---|---|
Տեսակ | միություն, ակումբ և Գրական խմբակներ |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հիմնադրված | 1899 |
Լուծարված | 1908 |
Ղեկավար | Հովհաննես Թումանյան |
Հիմնադիր | Հովհաննես Թումանյան |
Խմբակի հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհբության փողոց № 50 (հետագայում՝ № 44) տան ամենավերին՝ հինգերորդ հարկում (վերնատանը)[2]։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ «իրար տեսնելու և զրույց անելու»[3] (հիմնականում՝ հինգշաբթի և շաբաթ օրերին[4])։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։ Նշանաբանը՝ «Վե՛ր, միշտ վեր»[5]։
Վերնատունը գործել է մոտ տասը տարի։ Գործունեությունը դադարել է 1908 թվականի վերջին, երբ Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին ձերբակալել են ժամանակի աղմկահարույց «Դաշնակցության գործով»։ Գործունեության դադարելու պատճառներից է եղել նաև անդամների նյութական բացակայությունը և ցրվածությունը։
«Վերնատունը» յուրահատուկ դպրոց է եղել թիֆլիսահայ գրասեր հասարակայնության համար։ Գործունեության տարիներին մեկը մյուսին գերազանցող գրական գլուխգործոցներ են ծնվել։ «Վերնատունը» դարձել է «Հայ գրողների կովկասյան ընկերության» հիմնադրման հիմնական նախադրյալ, որը պետական գրանցում ունեցող գրական առաջին կազմակերպությունն էր և ուներ իր Կանոնադրությունը[6]։