Վանկ
Արտասանական նվազագույն միավոր / From Wikipedia, the free encyclopedia
Վանկ, արտասանական նվազագույն միավոր, որը հնչեղությամբ ավելի ուժեղ է իրեն սահմանազատող հնչյուններից և սերտ արտասանական ամբողջություն է կազմում իր բաղադրիչներով։ Վանկը կապ չունի իմաստային հարաբերությունների կառուցվածքային ձևավորման հետ[* 1]։ Այն մաքուր արտասանական տարբերակ է։
Կենդանի խոսքի հնչերանգային ուժեղացումները, թուլացումներն ու դադարները բնական անհրաժեշտութուն են։ Խոսողը չի կարող հնչյուններն արտասանել օդի մի հոսքով. նրա շնչառությունը չի բավարարի։ Անհրաժեշտ են դադարներ օդի նոր պաշար առնելու համար։ Հնչյունները հավասար ուժգնություն ու տևականություն չունեն, խոսելիս արտասանական ապարատում առաջանում են փակվածքներ ու բացվածքներ, որոնք պայմանավորում են ընդհատումները, թուլացումներն ու ուժեղացումները։ Ուրեմն՝ բառերի մեջ հնչյունների կապակցությունը ուղեկցվում է ուժեղացումների, թուլացումների, դադարների հաջորդությամբ ու նախորդությամբ, որոնք պայմանավորում են վանկի գոյությունը[1]։
Վանկ հասկացությունը լեզվաբանության մեջ ուսումնասիրվում է 2 բնորոշմամբ։ Այն կենսաբանական երևույթ է, այսինքն վանկը դիտվում է որպես ձայն կամ ձայնային խումբ, որը արտասանության ժամանակ մարդու արտասանական ապարատում արտաբերվում է օդի 1 շնչով։ Իր հերթին՝ հնչեղության տեսակետից վանկ ասելով կարող է հասկացվել խոսքի այնպիսի հատված, որի սահմաններում մեկ հնչյունը տարբերակվում է իրեն անմիջապես մոտ գտնվող հնչյունից ամենաբարձր հնչեղությամբ[* 1]։
Երկրորդ բնորոշումը հիմնված է հնչյունների հնչեղության և լարվածության վրա։ Մեր լսողությամբ շատ դյուրին է տարբերել հնչյունների հնչեղությունը։ Ձայնավորներն ու ձայնորդները ավելի հնչեղ են, քան մյուսները։ Եվ եթե մենք որևէ հնչյունաշղթա արտաբերենք, այդ շարքում պարզ կտարբերակվեն հնչյունները՝ ըստ հնչեղության. այդ տարբերության շնորհիվ ամբողջական հնչյունաշղթան կազմում է ալիքաձև մի շղթա՝ հիմնված արտասանվող հնչյունների ուժեղացման ու թուլացման վրա։
Լարվածությունը կապված է ոչ թե մեր լսողության, այլ արտասանական ապարատի աշխատանքի հետ։ Որքան հնչեղ է արտասանվող հնչյունը, այնքան նվազ է մեր արտասանական օրգանների լարումը, և ընդհակառակը։ Այսպիսով՝ եթե հնչեղության տեսակետից ավելի լիահունչ են ձայնավորները, հետո՝ ձայնորդները, շփական ձայնեղները, խուլերը և, վերջում, պայթականները, ապա արտասանական ապարատի լարվածության տեսակետից շարքը շրջվում է։ Ելնելով այդ հատկանիշից՝ ոմանք վանկը համարում են ժամանակային մի հատված, որ պարունակում է հնչեղության ուժեղացում երկու պակաս հնչեղ մոմենտների միջև։ Վանկի մեջ առավելագույն հնչեղություն ու նվազագույն լարվածություն ունեցող հնչունը կոչվում է վանկարար հնչյուն։ Օրինակ՝ «վար» վանկի մեջ այդ հնչյունը «ա»-ն է։ Մյուս հնչյունները՝ «վ»-ն և «ր»-ն, կոչվում են ոչ վանկարար հնչյուններ։ Հայերենում վանկարար են միայն ձայնավորները։ Ըստ հնչեղության՝ առավելագույն լիահունչ է ա ձայնավորը, ապա հաջորդաբար՝ է, օ, ի, ու, ը։
Վանկում հնչյունները հնչեղությամբ խմբավորվում են տարբեր հիմունքով՝ ձայնեղներ, ձայնորդներ, մնացածը՝ խուլեր։