Ստալինյան բռնաճնշումներ
From Wikipedia, the free encyclopedia
Ստալինյան բռնաճնշումներ, քաղաքական զանգվածային բռնաճնշումներ, որոնք իրականացվել են Խորհրդային Միությունում ստալինիզմի ժամանակաշրջանում (1920-ական թվականների վերջից մինչև 1950-ական թվականների սկիզբ)[1][2][3]։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տվյալներով՝ 1921 թվականից մինչև 1954 թվականը[Ն 1] բռնաճնշումների է ենթարկվել 3777380 մարդ, որոնցից պատժի առավելագույն միջոցի՝ գնդակահարության է դատապարտվել 642980, ճամբարներ ու բանտեր է ուղարկվել՝ 2369220, աքսորվել ու արտաքսվել՝ 765180 մարդ[4], որը 1953 թվականի դրությամբ կազմել է ԽՍՀՄ բնակչության 0,34 %, 1,26 % և 0,4 % համապատասխանաբար։
Առավել զանգվածային բռնաճնշումների շրջանը, այսպես կոչված «Մեծ ահաբեկչությունը», սկսվել է ՆԳԺԿ-ի ղեկավարի պաշտոնում Նիկոլայ Եժովի նշանակվելուն պես՝ վերջինիս կողմից 1937 թվականի հուլիսին ընդունած ԽՍՀՄ ՆԳԺԿ № 00447 հրամանով[Ն 2]։ Այդ շրջանն ավարտվել է 1938 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին, երբ ՆԳԺԿ-ում, ոստիկանությունում և այլուր տեղի են ունեցել Նիկոլայ Եժովի դրածոների լայնամասշտաբ ձերբակալություններ, իսկ ՆԳԺԿ-ի ղեկավարի պաշտոնում նրան փոխարինել է Լավրենտի Բերիան[Ն 3]։ ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի և ԽՄԿԿ կենտկոմի՝ 1938 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ ՆԳԺԿ մարմիններին և դատախազություններին արգելվել է իրականացնել ձերբակալությունների կամ արտաքսումների որևէ զանգվածային գործողություն, լիկվիդացվել են դատարանային եռյակները, որոնք ստեղծվել էին ԽՍՀՄ ՆԳԺԿ հատուկ հրամաններով և այլն[5][6]։ Այդ ժամանակաշրջանում գնդակահարվել է 681692 մարդ[Ն 4]։ Քաղաքական դրդապատճառներով գնդակահարվել է ընդհանուր առմամբ 1372382 մարդ[Ն 5][7]։
Ժամանակակից ռուս պատմաբանները նշում են, որ մեծ թվով արտադատարանային մարմինների ստեղծումը հակասել է ԽՍՀՄ Սահմանադրությանը[8]։ Այլ պատմաբաններ պնդում են, թե «եռյակները» եղել են օրինական դատական մարմիններ[Ն 6][9]։
Խորհրդային արխիվները բացելուց հետո հայտնաբերվել են մեծ թվով փաստաթղթեր Ստալինի ստորագրությամբ, որոնք, ըստ ժամանակակից հետազոտողների, վկայում են, որ հենց նա է հաստատել գրեթե բոլոր զանգվածային քաղաքական բռնաճնշումները[10][11]։
Անձամբ Ստալինի և ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի կողմից, ըստ այսպես կոչված «Ստալինյան գնդակահարությունների ցուցակների» (ռուս.՝ «Сталинские расстрельные списки»), դատապարտվել է 44893 մարդ (1937-1938 թվականներին՝ 43768 մարդ, 1940-1950 թվականներին՝ 1125 մարդ), որոնց ճնշող մեծամասնությունը եղել են ղեկավար կառույցների, այդ թվում՝ ՆԳԺԿ և Կարմիր բանակի անդամներ։ Գրեթե բոլորը գնդակահարվել են[12]։ 1937-1938 թվականներին զոհվել է ՀամԿ(բ)Կ կենտկոմի անդամների 78%-ը։ Ամենադաժան զտման ենթարկվել են ՆԳԺԿ անդամները։