Սեֆյաններ
From Wikipedia, the free encyclopedia
Սեֆյաններ (պարս.՝ صفویان), միջնադարյան Իրանի կարևորագույն արքայատոհմը, որը հասել է բարձրագույն իշխանության և ղեկավարել է երկիրը ավելի քան երկու դար (1502-1736)։ Նրանց ժամանակաշրջանը հաճախ համարվում է ժամանակակից Իրանի պատմության սկիզբը։ Արքայատոհմը հիմնադրել էր շիա իսլամի Սաֆավիե աղանդի առաջնորդ շեյխ Սաֆի ալ-Դին Իսհակի սերնդից Իսմայիլը։ Սեֆյանները ծագումով եղել են քրդեր[1], սակայն տարիների ընթացքում խառն ամուսնություններ են ունեցել վրացիների, պոնտացի հույների, չերքեզների, թուրքմենների հետ։ Սեֆյանների կենտրոնը Ատրպատականի Արդաբիլ քաղաքն էր։
Իսմայիլը, հենվելով ղզլբաշների վրա, պարտության է մատնել ակ-կոյունլուներին (1378-1502), հիմնել կիսաթեոկրատիկ պետություն, շիիզմը հռչակել պետական կրոն։ Սեֆյաններն առաջին իրանցիներն էին, ովքեր իշխանության եկան միջնադարյան Իրանում՝ Սասանյան Պարսկաստանի (226-642) անկումից հետո։ Նրանց տիրապետության տակ գտնվել են Իրանական բարձրավանդակը, Հայկական լեռնաշխարհն ու Միջագետքը, Միջին Ասիայի մի մասը։ Նորաստեղծ կայսրության կենտրոնը սկզբում Թավրիզն էր (1502-1555), ապա՝ Ղազվինը (1555-1597)։ 1598 թվականին Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքն է դառնում վաճառաշահ Սպահան քաղաքը։
16-17-րդ դարերում Հայկական լեռնաշխարհը երկու անգամ (1555, 1639) բաժանվել է Օսմանյան կայսրության և Իրանի միջև. Իրանին հասել են արևելյան գավառները։ Այստեղ կազմավորվել են Երևանի, Ղարաբաղի, Թավրիզի և Շամախու կուսակալությունները, որոնցում ժառանգաբար իշխել են ղզլբաշ ցեղերի զինվորական առաջնորդները։ Նրանք կոչվել են «բեգլերբեգ» (բեկլարբեկ՝ «իշխանաց իշխան») և մեծարվել «խան» տիտղոսով։ Նմանատիպ կուսակալություններ հիմնադրվել են ամբողջ Իրանի տարածքում։ 17-րդ դարից սկսած բեկլարբեկերը նշանակվել են շահի գվարդիայի (ղուլամներ) բարձրաստիճան զինվորականները։ Սեֆյանների երկարատև պատերազմները Օսմանյան կայսրության դեմ շահագործման ուժեղացումը, ժողովրդական ապստամբությունները թուլացրել են Սեֆյաններիի պետությունը։ Հեռանալով պատմության թատերաբեմից՝ Սեֆյանները հսկայական ազդեցություն են ունեցել Իրանի կրթամշակութային, կրոնաքաղաքական և առևտրատնտեսական կյանքում, տարածել տասներկուական իսլամը, կամուրջ հանդիսացել Հնդկաստանի ու Եվրոպայի միջև։
Սեֆեյանների հրովարտակներով հաստատում էին Էջմիածնի կաթողիկոսների և հայկական եկեղեցական հաստատությունների իրավունքներն ու հարկային արտոնությունները։ Քաղաքական, վարչատարածքային, զինվորական իշխանությունն ամրոոգաաես վերապահված էր ղզլբաշ ավագանուն, հայ ունևոր դասի ներկայացուցիչները զբաղեցնում էին միայն քաղաքացիական պաշտոններ, ինչպիսիք էին քյադխուդայությունը և մելիքությունը, նրանց վրա դրված էր նաև պետական հարկերի գանձման պարտականությունը։ Որոշակի քաղաքացիական և զինվորական իշխանությամբ օժտված էին միայն Սյունիքի և Արցախի գավառներում իշխող հայ մելիքները։