Չանդրագուպտա Մաուրյա
From Wikipedia, the free encyclopedia
Չանդրագուպտա Մաուրյա կամ Սանդրոկոտոս[7] (चन्द्रगुप्तमौर्य IAST - Chandraguptamaurya, հին հունարեն` Σανδρόκυπτος - Sandrókuptos, մ. թ. ա. 340, Պատալիպուտրա, Հնդկաստան[1] - մ. թ. ա. 297[2], Շրավանաբելագոլա, Մաուրյաների պետություն[3]), հին Հնդկաստանում Մաուրյան կայսրության հիմնադիր, թագավորել է մ.թ.ա. 321 - մ.թ.ա. 297 թվականները[8]։ Նա հիմնել է Հնդկական ենթամայրցամաքի ամենախոշոր կայսրություններից մեկը, իսկ հետո, ըստ ջայնական աղբյուրների, հրաժարվել է այդ ամենից և դարձել ջայն վանական։ Ջայնի պատմական տեքստերը պնդում են, որ Չանդրագուպտան Ջայնիզմի հետևորդ դառնալուց առաջ նախ հրաժարվել է իր հարստությունից և հզորությունից, ապա հեռացել ջայնական վանականների հետ և խաղաղությամբ ընդունել ծոմապահությամբ ինքնասպան լինելու հանգիստ մահվան ծեսը[Ն 1]։ Չանդրագուպտայի կյանքն ու ձեռքբերումները նկարագրվում են հնագույն հինդու, բուդդայական և հունական տեքստերում, սակայն մանրամասները զգալիորեն տարբերվում են ջայնական տեքստերից[10]։ Մեգասթենեսը (մ. թ. ա. 350 - 290 թթ.) չորս տարի ծառայել է նրա պալատում որպես Հունաստանի դեսպան։
Չանդրագուպտա Մաուրյա | |
---|---|
Ծնվել է՝ | մ. թ. ա. 340 |
Ծննդավայր | Պատալիպուտրա, Հնդկաստան[1] |
Մահացել է՝ | մ. թ. ա. 297[2] ինքնասպանություն |
Վախճանի վայր | Շրավանաբելագոլա, Մաուրյաների պետություն[3] |
Երկիր | Մաուրյաների պետություն |
Տոհմ | Մաուրյաների դինաստիա[4] |
գերիշխան | |
Շրջանավարտ | Թաքսիլա |
Երեխաներ | Բինդուսարա[5] |
Հավատք | Ջայնիզմ[6] |
Տարբեր լեգենդների համաձայն, Չանդրագուպտան, իր գլխավոր նախարար Չանակյայի (հայտնի որպես Կաութիլիա) խորհրդականի հետ միասին, ստեղծել է նոր կայսրություն, կիրառել պետականության սկզբունքներ, կազմավորել մեծ բանակ և շարունակել է ընդլայնել իր կայսրության սահմանները։ Հունական կառավարիչները, ինչպիսիք են Սելևկոս Նիկատորը, խուսափելով նրա հետ պատերազմելուց` նրա հետ ամուսնության դաշինք են կնքել և հեռացել Պարսկաստան։
Չանդրագուպտայի կայսրությունը ընդգրկում էր գրեթե ողջ Հնդկական ենթամայրցամաքը, բացառությամբ ամենահարավային շրջանները (այժմ` Թամիլ Նադու և Քերալա) և Կալինգան (այժմ` Օդիշա սանսկրիտ՝ उड़ीसा)։ Հնդկաստանի մեծ մասի միավորումից հետո Չանդրագուպտան և Չանակյան մի շարք խոշոր տնտեսական և քաղաքական բարեփոխումներ են իրականացրել։ Չանդրագուպտան Պատալիպուտրայում (այժմ, ավերակներ Պատնայի մոտ) հաստատել է ուժեղ կենտրոնաձիգ վարչակարգ։ Չանդրագուպտայի Հնդկաստանն ուներ արդյունավետ, բարձր կազմակերպված կառուցվածք։ Կայսրությունը ստեղծել է այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսիք են` ոռոգման համակարգերը, տաճարները, հանքագործությունը և ճանապարհները, որոնք տանում էին դեպի ուժեղ տնտեսություն։
Չանդրագուպտայի ու նրա տոհմի կառավարման ժամանակ Հնդկաստանում շատ կրոններ են բարգավաճել, ընդ որում բրահմայականության ավանդույթների հետ միասին ճանաչում ձեռք բերեցին բուդդիզմը, ջայնիզմը և Ajivika[11]։ Կառնատակայի Շրավանաբելագոլա քաղաքում, Չանդրագիրի բլրի վրա կանգնեցված է Չանդրագուպտա Մաուրյայի հուշարձանը։