Նահդա
From Wikipedia, the free encyclopedia
Նահդա (արաբերեն՝ النهضة՝ զարթոնք, վերածնունդ), մշակութային վերածնություն։ Նահդայի սկիզբը համարվում է 19-րդ դարը։ Այդ ժամանակաշրջանում արաբական երկրներից տնտեսապես և մշակութային առումով առավել զարգացած էին Եգիպտոսը և Սիրիան։ Այստեղ ավելի էր զգացվում եվրոպական ազդեցությունը։
19-րդ դարում արաբական երկրներում սկսվում է մի շարժում, որը կոչվում է նահդա (արաբ․՝ نهضة, վերելք, զարթոնք, վերածնունդ)։ Դա լուսավորական շարժում էր. նահդայի գաղափարակիրները վերածնունդը տեսնում էին ժողովրդի դարավոր հետամնացության և կրոնական նախապաշարմունքների հաղթահարման, լուսավորական գաղափարների տարածման մեջ։ Եվ քանի որ այդ բոլոր պրոցեսները տեղի էին ունենում եվրոպական անմիջական ազդեցության տակ, ստեղծվեց մի մշակութային սինթեզ, որն էլ հիմք դարձավ արաբական լուսավորական մտքի զարգացման համար։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին լուսավորական շարժումը հասավ իր զարգացման գագաթնակետին, և նրա գաղափարախոսության ձևավորմանը հավասարապես մասնակցում էին Եգիպտոսը և Սիրիան։ Լուսավորական շարժումը ձևավորման սկզբնական փուլում մատչելի չէր լայն մասսաների համար, նույնիսկ մտավորականների շրջանում այն ընդունելի էր հիմնականում քրիստոնյաների համար, քանի որ նրա գաղափարները կտրուկ հակասում էին ավանդական քարացած մուսուլմանական պատկերացումներին։
Լայն տարածում գտնելու համար լուսավորական գաղափարները պետք է հենվեին իսլամի վրա։ Այդ պատճառով արդեն 1870-ական թվականներին լուսավորական շարժման համար սկսվեց մի նոր փուլ՝ մուսուլմանական ռեֆորմացիա կամ մոդեռնիզմ։ Դրա հիմքում ընկած էր իսլամի իրական արժեքների ճիշտ մեկնաբանումը և նրա հարմարեցումը ժամանակակից կյանքի պահանջներին։ Շարժման առաջնորդները գտնում էին, որ Ղուրանի ճիշտ մեկնաբանման դեպքում կարելի էր գտնել բոլոր ժամանակաից հարցերի պատասխանը։ Մոդեռնիստները միևնույն ժամանակ չէին հերքում արևմտյան մշակույթի բարերար ազդեցությունը, և կոչ էին անում յուրացնել արևմուտքի գիտական, տեխնիկական, գաղափարական և մշակութային նվաճումները։ Նրանք գտնում էին, որ միայն մոդեռնիզացված հասարակությունը կարող է դիմակայել արևմտյան գաղութարարական քաղաքականությանը։