Յակով Սվերդլով
From Wikipedia, the free encyclopedia
Յակով Միխայլովիչ Սվերդլով (ռուս.՝ Яков Михайлович Свердлов, կուսակցական ծածկանուն Անդրեյ, Մաքս և այլն, հունիսի 3, 1885(1885-06-03)[1] կամ մայիսի 22 (հունիսի 3), 1885[2], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[3] - մարտի 16, 1919(1919-03-16)[3][4][5][…], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[3]), բոլշևիկ գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1901) թվականից։
Յակով Սվերդլով ռուս.՝ Яков Михайлович Свердлов | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1885(1885-06-03)[1] կամ մայիսի 22 (հունիսի 3), 1885[2] |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | մարտի 16, 1919(1919-03-16)[3][4][5][…] (33 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[3] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն և Խորհրդային Ռուսաստան |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | գիմնազիա և Նիժնի Նովգորոդի տղամարդկանց գիմնազիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հեղափոխական |
Ամուսին | Կլավդիա Նովգորոդցևա |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ, Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ և Member of the Politburo of the CPSU Central Committee? |
Կուսակցություն | ԽՄԿԿ և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Անդամություն | Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե |
Երեխաներ | Անդրեյ Սվերդլով |
Yakov Sverdlov Վիքիպահեստում |
Ծնվել է արհեստավոր փորագրիչի ընտանիքում։ Որպես «պրոֆեսիոնալ հեղափոխական» քարոզչական աշխատանքներ է տարել Նիժնի Նովգորոդում, Կոստրոմայում, Յարոսլավլում, Կազանում և այլուր։ 1902-1903 թվականին բազմիցս ձերբակալվել, բանտարկվել և աքսորվել է։ 1904 թվականին ՌՍԴԲԿ Հյուսիսային կոմիտեի որոշմամբ անցել է անլեգալ աշխատանքի, 1905 թվականին ՌՍԴԲԿ ԿԿ-ի որոշմամբ մեկնել է Ուրալ՝ տեղի կուսակցական կազմակերպությունը «ամրապնդելու» համար, 1905 թվականի դեկտեմբերից գլխավորել է ՌՍԴԲԿ Եկատերինբուրգի (1924 թվականից՝ Սվերդլովսկ) կոմիտեն։ 1906 թվականին աշխատանքներ է տարել ոստիկանության կողմից ջախջախված Պերմի կուսակցական կազմակերպության վերականգնման ուղղությամբ, Եկատերինբուրգում ղեկավարել է Ուրալյան մարզային 2-րդ կուսակցական կոնֆերանսը, ընտրվել ՌՍԴԲԿ մարզային կոմիտեի անդամ։ 1906 թվականի հունիսին ձերբակալվել, 1907 թվականին դատապարտվել է 2 տարվա բանտարկության։ 1909 թվականի նոյեմբերին ՌՍԴԲԿ ԿԿ-ի կողմից ուղարկվել է վերականգնելու Մոսկվայի կուսակցական կազմակերպությունը, դեկտեմբերին ձերբակալվել, 1910 թվականին աքսորվել է Նարիմի երկրամաս, որտեղից հուլիսին փախել է։
Աշխատել է Պետերբուրգի կուսակցական կազմակերպությունում, մասնակցել «Ջվեզդա» (ռուս.՝ «Звезда») թերթի հրատարակման նախապատրաստմանը։ 1910 թվականին կրկին ձերբակալվել է, 1911 թվականին կրկին աքսորվել Նարիմ։ ՌՍԴԲԿ 6-րդ (Պրահայի) Համառուսաստանյան կոնֆերանսից (1912) հետո, հեռակա կարգով, կոոպտացվել է ԿԿ և մտցվել ՌՍԴԲԿ ԿԿ-ի Ռուսական բյուրոյի մեջ։ 1912 թվականի դեկտեմբերին փախել է աքսորավայրից, Պետերբուրգում եղել «Պրավդա» թերթի, 4-րդ Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավարներից։ 1913 թվականին ձերբակալվել և աքսորվել է Տուրուխանյան երկրամաս, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո անցել է Պետրոգրադ, ապրիլին ՌՍԴԲ(բ)կ ԿԿ նրան կրկին ուղարկել է Ուրալ։ Եկատերինբուրգում Սվերդլովը ղեկավարել է ուրալյան մարզային կուսակցական կոնֆերանսը։ ՌԽԴԲ(բ) կ 7-րդ (ապրիլյան) Համառուսաստանյան կոնֆերանսի պատգամավոր, ընտրվել է ԿԿ-ի անդամ, կոնֆերանսից հետո՝ ԿԿ-ի քարտուղար, պատգամավոր Համառուսաստանյան ԿԳԿ-ում։ Ղեկավարել է ՌՍԴԲ(բ) կ 6-րդ համագումարի հրավիրման կազմբյուրոն։ Համագումարում ընտրվել է ԿԿ-ի անդամ։ Համագումարից հետո ղեկավարել է ՌՍԴԲ(բ) կ ԿԿ-ի քարտուղարությունը, մասնակցել ԿԿ-ին կից ռազմական կազմակերպության ղեկավարմանը, ամուր կապեր հաստատել Վլադիմիր Լենինի հետ, ով այդ ժամանակ գտնվում էր ընդհատակում։
Նախագահել է ՌՍԴԲ(բ)կ ԿԿ-ի 1917 թվականի հոկտեմբերի 10(23) և 16(29)-ի նիստերում, որտեղ ընդունվել է զինված ապստամբության մասին որոշումը, ընտրվել ապստամբության ղեկավարման ռազմահեղափոխական կենտրոնի անդամ, Խորհուրդների Համառուսաստանյան 2-րդ համագումարի պատգամավոր, համագումարի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավար։ 1917 թվականի նոյեմբերի 8(21)-ին Լենինի առաջարկությամբ ընտրվել է Համառուսաստանյան ԿԴԿ-ի նախագահ, մնալով ՌԽԴԲ(բ) կ ԿԿ-ի քարտուղար։ Եղել է ՌԽՖՍՀ առաշին Սահմանադրությունը կազմող հանձնաժողովի նախագահը։ Կուսակցության 7-րդ համագումարում նորից ընտրվել է ՌԿ(բ) կ ԿԿ-ի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի 1-ին կոնգրեսի նախապատրաստմանը։
Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։