Միջազգային քրեական իրավունք
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային քրեական իրավունք, միջազգային հանրային իրավունքի ճյուղ, որն արգելում է վարքագծի որոշակի կանոնների կիրառումը կամայական պետության սահմանում կամ սահմաններից դուրս[1]։ Անուղղակիորեն այդ կաննոնները պետք է դիտարկվեն որպես պետության անվտանգությանը, միասնական երկրների տարածքային ամբողջականությանն ու ազգերի ինքնորոշմանը հակոտնյա կամ վնասող հանգամանք։ Ըստ ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիաների՝ նման հանցագործություն կատարողները կրում են քրեական պատասխանատվություն (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)։
Միջազգային քրեական իրավունքի հիմնական քրեաիրավախախտումներից կարելի է առանձնացնել ցեղասպանությունը, պատերազմական գործողությունների անօրինական սանձազերծումը, մարդկանց առանձին խմբերի (կամ կամայական անհատների) դեմ իրականացվող հանցավոր գործողությունները և որէ այլ պետության նկատմամբ ագրեսիայի ներգործումը։ Միջազգային քրեական իրավունքի խնդիրն է կանխել միջազգային իրավունքի նորմերի դեմ ուղղված հանցավոր գործողությունները՝ ապահովելով խաղաղ և կայուն-բանակցային իրավահարաբերությունները պետության սահմաններում և նրա սահմաններից դուրս։ «Դասական» միջազգային իրավունքը բնավ կապ չունի անձանց իրավահարաբերությունների հետ։ Որպես կանոն ընդունված է այն համարել պետությունների, ազգերի և կազմակերպությունների միջև ընդունված կանոնների ամբողջություն։
Միջազգային քրեական իրավունքի համար միջազգային բառը նշանակում է, որ այստեղ բացառված են ազգային իրավական հարաբերությունների ուսումնասիրության սուբյեկտները (իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց և երկքաղաքացիների իրավահարաբերությունները), հետևաբար՝ որպես հիմնական աղբյուր բացառվում է առանձին երկրների ազգային օրենսդրությունների ընդունումը, որպես իրավական հիմք։ Միջազգային քրեական իրավունքի համար դա նշանակում է, որ կարգավորող իրավահարաբերությունները դուրս են մեկ պետության սահմաններից և կապված են այլ երկրների իրավական համակարգերի հետ։ Միջազգային հանրային և քրեական իրավունքների հիմնական առանձնահատկություններն ու տարբերություններն են՝
- Օբյեկտների իրավական կարգավորում՝ միջազգային քրեական իրավունքի հիմնական տեղը քաղաքական փոփոխություններն են, իսկ տնտեսական հարաբերությունները այստեղ չեն քննվում։
- Սուբյեկտները՝ միջազգային հանրային իրավունքի հիմնական իրավահարաբերությունների սուբյեկտը պետությունն է՝ իր կապերով և ներգործությամբ, իր քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։
- Հիմնական աղբյուրները՝ միջազգային քրեական իրավունքի հիմնական աղբյուրը միջազգային պայմանագրերն են։